Բաժիններ՝

Դպրոցի տնօրենն ապաստան կխնդրի դեսպանատներից

Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 25 տարվա մանկավարժ Գնել Ռոստոմյանն այսօր գործազուրկ է և մտադիր է դիմել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով ապաստան իր և իր ընտանիքի համար: Ռոստոմյանը վիրավորված է մարզպետից, գյուղից ու կուսակցությունից, որոնք, իր խոսքով՝ չեն գնահատել իր տարիների աշխատանքն ու նվիրվածությունը ու սադրանքներ են հյուսել իր դեմ:

Հունիսի սկզբներին Գնել Ռոստոմյանին ազատել են աշխատանքից՝ առանց որևէ հիմնավորման, միայն հայտարարել են, որ նա ժամանակավոր պաշտոնակատար էր և պաշտոնը ժամանակավոր էր զբաղեցնում:

«Երկու տարի առաջ, երբ բոլորը պետք է հավաստագիր ստանային ու գային-ընտրվեին տնօրենի պաշտոնում, բոլորին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեցին: Նույնը կատարվեց նաև ինձ հետ, սակայն իմ հավաստագիր ստանալու ընթացքն անընդհատ ձգձգվում էր: Ստանալուց հետո 4-5 անգամ նիստ հրավիրվեց իմ ընտրությունն անցկացնելու համար, սակայն նիստն անընդհատ չէր կայանում: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի, և ինձ, ի վերջո, հեռացրին պաշտոնից»,-  պաշտոնական տեսակետն այսպես ներկայացրեց Ռոստոմյանը՝ հավելելով, որ կատարվածի առնչությամբ իր կարծիքն այլ է:

Տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը համոզված է, որ իրեն աշխատանքից ազատել են նախագահական ընտրություններին՝ բավականաչափ ձայն չապահովելու, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ոչ ՀՀԿ-ական թեկնածուին աջակցելու և ձայն տալու համար: «Ինձ հեռացրել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ցանկությամբ: Գյուղապետն էլ համագործակցում է մարզպետի հետ, և ես նրանց սադրանքների զոհն եմ դարձել: Նախագահական ընտրություններին մարզպետն ինձ հարցրեց, թե՝ քանի՞ աշխատող ունես, քանի՞սը ձայն կտան, ասացի՝ կեսը կտան, ասաց՝ ինչի՞ բոլորը չէ: Ես էլ ասում եմ՝ ո՞նց կարան բոլորն իրենց ձայնը տան ՀՀԿ-ին»,- հիշում է Ռոստոմյանն ու հավելում, որ պաշտոնյաների հետ խնդիրներ ունեցել է նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իրենց ընտրատարածքում առաջադրված է եղել երկու թեկնածու՝ Հակոբ Հակոբյանն ու ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը: Դպրոցի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատարին կասկածում են, որ նա աշխատել է հօգուտ Հակոբ Հակոբյանի, մինչդեռ Ռոստոմյանը հակառակն է պնդում: Ինքը ՀՀԿ անդամ է, աշխատել է կուսակցության օգտին ու հանրապետական թեկնածուի քարոզչությունն է արել:

Այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ Դաշտ գյուղում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սուսաննա Նազարյանը, ով երկու տարի առաջ Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցի տնօրենն էր:

Susanna Nazaryan

Նրան աշխատանքից հեռացրել էին աշակերտին հայհոյելու, ծեծելու համար: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ տիկին Նազարյանը հաճախակի ահաբեկում է նաև դպրոցի ուսուցչական կազմին: Հիշեցնենք, որ Սուսաննա Նազարյանը դատական հայց էր ներկայացրել «168 Ժամ» թերթի դեմ, որը պարբերաբար լուսաբանել էր դպրոցում իր իսկ կողմից իրականացվող ճնշումների, աշակերտներին վիրավորելու և ծեծելու մասին:

Ինչ վերաբերում է Ռոստոմյանին, ապա Արմավիրի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որն Ռոստոմյանն ուղղակի աղմուկ է բարձրացնում, որ նա ընդամենը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր և մի քանի անգամ ձախողել է տնօրենների հավաստագրման քննությունը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ մարզպետ Ղահրամանյանի հովանավորությամբ են Սուսաննա Նազարյանին նշանակել միջնակարգ դպրոցի տնօրեն, մարզպետարանի աշխատակիցը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:

Զավեն Հարությունյան

Արմավիրի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս