Ինչո՞ւ Հրայր Թովմասյանը հիշեց 5 տարեկան երեխայի մասին զավեշտը

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի դատարանները ծանրաբեռնված են, դատական գործերի քննությունն իրականացվում է ոչ ողջամիտ ժամկետներում: Այս մասին Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների և վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարելավման վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հուշագիրը ստորագրվեց ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

«Սրա օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ մենք չունենք վեճերի այլընտրանքային լուծման հնարավորություններ, ինչպիսիք են՝ արբիտրաժը և այլ ինստիտուտներ»,- նշեց Հրայր Թովմասյանը: Պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանն այս ոլորտում, արդարադատության նախարարն ասաց. «Միայն այն, որ վերջին 1  տարում ընդամենը 8 գործ է արբիտրաժում լսվել, իսկ քաղաքացիական գործերը կամ այն գործերի թվաքանակը, որոնք պոտենցիալ ենթակա են արբիտրաժի կողմից լուծման, հասնում են մի քանի հազարի, եթե չասեմ՝ տասնյակ հազարի: Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք թե օրենսդրության մեջ, թե վստահության առումով, թե այն մարդկանց ընտրության հարցում, որոնք պետք է արբիտրաժ իրականացնեն, խնդիրներ ունենք, և այն վիճակները, որոնք առկա են այս պահին, երբ մի փոքրիկ վեճը կարող էր մեդիացիայի պարագայում շատ արագ հարթվել, կողմերը տեսնեին՝ ինչ էին ուզում, և համաձայնության եզրեր գտնել՝ իրենք ամիսներ են ծախսում, տարիներ են ծախսում: Սա մի կողմից՝ բերում է դատավորի գերծանրաբեռնվածության, ինչը ենթադրում է, որ մյուս գործերն ինքն արդյունավետ չպիտի լուծի, իսկ մենք հնարավորություն չունենք անընդհատ դատավորների թիվն ավելացնել: Մյուս կողմից՝ ինքը խոչընդոտում է գործարար շրջանառությանը»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ մոտավոր հաշվարկներով՝ դատարաններում վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարելավման արդյունքում կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունն առնվազն 20-30 տոկոսով:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված փոփոխությունները կյանքի կոչվում, ասաց. «Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ: Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի՞ լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի դատաիրավական համակարգի բարելավման ուղությամբ»:

Կարդացեք նաև

Հրայր Թովմասյանը նշեց, որ պետության կողմից մատուցվող ծառայությունները առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հնարավոր լինի մատուցել կամ առցանց եղանակով, կամ «մեկ այցելություն, մեկ պատուհան» սկզբունքով: Ըստ նրա՝ այս դեպքում դժգոհության մեծ ծավալը վերանալու է: Խոսելով որոշ փաստաթղթերի ձեռքբերման համար ստեղծվող բյուրոկրատական քաշքշուկների մասին՝ Հրայր Թովմասյանը հիշեց խորհրդային շրջանի զավեշտներից մեկը. «Երբ 5 տարեկան երեխան սկսում է տեղեկանքներ հավաքել, ասում են՝ ինչո՞ւ ես հավաքում, ասում է՝ կենսաթոշակի անցնելու համար: Ասում են՝ լսի, դեռ հինգ տարեկան ես: Ասում է՝ մինչև բոլորը հավաքեմ, ավարտեմ, կենսաթոշակի տարիքը կգա: Մենք պետք է ձերբազատվենք սրանից»:

«Ի-Դի-Էմ-Սի» ծրագրերի գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դաունսն էլ ասաց, որ հույս ունի՝ Հայաստանը կանցնի նաև վեճերի առցանց լուծմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս