Բաժիններ՝

Բյուջետային եռանկյունի

Ավարտվեց: Ափսոս: ՀՀ նախագահը միջամտեց, ու իշխանության թևերը դադարեցին իրար մասին կոմպրոմատ հրապարակելու գործընթացը: Նախագահի միջամտությունը կոշտ էր: Հրահանգները` խիստ ու միանշանակ: Արդեն երկու օր է` գործադիր իշխանությունը ճյուղ առ ճյուղ հերքում ու առոչինչ է հայտարարում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Հաշվետվություն ասածն այդ` միջնադարին վայել վեհաշուք անուն ունեցող կառույցի մեկ տարվա աշխատանքն էր: Մեկ ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը:

Ու հիմա պարզ չէ, թե ո՞ւմ աշխատանքն է անարդյունավետ գնահատվելու: Հարկատուների համար, իհարկե, միևնույն է: Ոչ գործադիր իշխանությունն է պետբյուջե վերադարձնելու Վերահսկիչի կողմից անարդյունավետ գնահատած ծախսերը: Ոչ էլ Վերահսկիչն է նույն պետբյուջե վերադարձնելու իր անարդյունավետ ու սխալ գնահատված մեկ տարվա ծախսերը:

Չնայած, որ այդ հիմնարկի գործունեության խիստ գնահատականների հեղինակները ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետն են: Քաղաքական շրջանակների համար միակ հետաքրքիր հարցն ու վերլուծությունների թեման այն է, թե ո՞վ ի՞նչ պաշտոն կկորցնի: Բայց պաշտոնանկությունների նույնիսկ ամենալայնամասշտաբ գործընթացը չի կարող հասարակությանը որևէ բան բացատրել: Հասարակությունը խճճվել է թվերի արանքում:

Վերահսկիչ պալատի ղեկավարը խոսում էր պետբյուջեի 70 տոկոսանոց անարդյունավետության մասին: Մինչդեռ ՀՀ նախագահն անցած շաբաթ օրը հայտարարեց, որ 200-300 մլն դրամի անարդյունավետ ծախսի մասին ուսումնասիրություն անելու դեպքում չի կարելի խոսել 700 մլրդ դրամի չարաշահում-յուրացումների մասին: Հավանաբար չի կարելի: Որովհետև դրանք իսկապես անհամադրելի են իրենց չափերով: Վերջին տարիներին հասարակական հետաքրքրությունը Վերահսկիչ պալատի գործունեության նկատմամբ նվազել էր: Մի քանի տարի առաջ նորանշանակ Իշխան Զաքարյանն իր առաջին հաշվետվությունը ներկայացնելիս հավուր պատշաճի ասուլիս հրավիրեց: Հրավիրեց ու լրագրողներին պատմեց, թե ինչ բացահայտումներ է արել: Հետո բացահայտում-հաշվետվությունն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն:

Լրատվամիջոցները մի քանի օր անդրադարձան այդ հաշվետվությանը, իսկ Դատախազությունը` ոչ: Այս սցենարը կրկնվում էր մի քանի տարի շարունակ: Կրկնվում էր նույնությամբ: Միակ տարբերությունն այն էր, որ Իշխան Զաքարյանն իր հաշվետվություն-բացահայտումներն այլևս Դատախազություն չէր ուղարկում:

Բայց այդ մասին հրապարակավ հայտարարեց այս տարի: Հայտարարեց ու ասաց, որ վիրավորված է Դատախազությունից: Այս հիմնարկությունը պատշաճ ուշադրություն չէր դարձրել Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Տարիներ շարունակ:

Հետևաբար` հասարակությունն այն կարծիքին էր, որ այդ հաշվետվություններով իշխանության ներսում կլաններն իրար հետ հարցեր են լուծում: Հարցեր, որոնք երբեք դատական շարունակություն չեն ստանում: Հետևաբար` մնում են անհայտ ու անհասկանալի: Նույնքան անհասկանալի է նաև այս տարի կատարվածը:

Առայժմ պարզ չէ, թե ինչն էր դրդել Իշխան Զաքարյանին այդքան անզգուշաբար հայտարարել պետբյուջեի 70 տոկոսանոց չարաշահումների մասին: Հասկանալի չէ նաև, թե ինչու այդ հայտարարությանն այդքան բուռն արձագանքեց ԱԺ հանրապետական ղեկավարությունը: Բայց երբ հանրապետական վարչապետը` որպես պատասխան, պարոն Զաքարյանին մեղադրեց քաղաքական մերկապարանոց հայտարարություններ անելու մեջ, վերջինս միանգամից համաձայնեց: Թե ինչ կատարվեց հետո, բոլորս գիտենք` խոսեց ՀՀ նախագահը: Խոսեց ու կուսակցական քննարկում նշանակեց: Հասարակությանը մնում է միայն սպասել դրա արդյունքներին:

Եթե, իհարկե, իշխանությունները ցանկանան դրանք հրապարակել: Իշխանության տնտեսական թևի հանրապետական պրոֆեսիոնալներն, իհարկե, ձախ ձեռքով ջարդուփշուր կանեն իրենց սխալներն արձանագրող ցանկացած հաշվետվություն: Նաև այն պատճառով, որ իրենք շատ ավելի որակյալ մասնագետներ են, քան իրենց «վերահսկողները»: Ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

Կմնա միայն մի հարց. «Որտեղի՞ց հայտնվեց պետյուջեի չարաշահման 70 տոկոսանոց մեղադրանքը»: Պետական միջոցների յուրացման կամ չարաշահման երկու դեպք եմ հիշում: Մեկը կապված էր Պետավտոտեսչության նախկին ղեկավարի` Մարգար Օհանյանի անվան հետ: Դատական հավաստիացմամբ` նա պետությունից ստացած բենզինի 40 տոկոսն էր օգտագործել ի պետս: Մնացած 60 տոկոսը յուրացրել էր: Երկրորդը` Մխչյան գյուղին հատկացված էժան դիզվառելիքի 30 տոկոսն էր հատկացվել պարզ գյուղացիներին: Մյուս մասը` 70 տոկոսը, «վաճառվել» էր Աբրահամյան ընտանիքին: Գուցե՞ այս դեպքերն ի նկատի ունենալով են Վերահսկիչ պալատում եկել պետբյուջեի 70 տոկոսանոց չարաշահման մասին եզրակացություն-պնդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս