Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ-ի «թևերի», Տիգրան Սարգսյանի հետ իր հարաբերությունների և իր նախագահ դառնալու հավակնությունների մասին
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխող ՀՀԿ-ում շարունակվում են «կլաններ» կամ՝ ինչպես ասում են՝ «թևեր» ձևավորվել:
Մասնավորապես շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ձևավորված թևերի հանգամանքը: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, հերքեց, թե նման «թևեր» կան ՀՀԿ-ում:
«Մենք չունենք նման խնդիր, չենք էլ ունեցել: Չկան նման թևեր, չեն կարող նման թևեր լինեն: Հանրապետության նախագահը թույլ չի տա, որ նման թևեր ձևավորվեն: Ես կոնկրետ, նման ցակություն չունեմ՝ ինչ-որ թև ձևավորելու»:
Հարցին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ընկերնե՞ր եք, նա պատասխանեց. «Այո՝ ընկերներ ենք՝ աշխատանքային ու կուսակցական: Ձեզ այդքան շա՞տ են հետաքրքրում իմ ու վարչապետի հարաբերությունները: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, ասեմ իմանաք»:
Անդրադառնալով լուրերին, թե ՀՀԿ-ում առկա տարանջատումները շրջանառվում են նաև 2018 թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուի իմաստով, ԱԺ նախագահը նշեց. «Ես նման ցանկություն չունեմ՝ նույնիսկ իմ մտքի ծայրով չի էլ անցնում»:
Հարցին, թե նախագահ դառնալու ցանկություն չունե՞ք, նա բացասական պատասխան տվեց: Իսկ հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը Ձեզ խնդրի նախագահ դառնալ՝ կմտածե՞ք այդ հարցի վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մի հատ պետք է ճշտենք՝ Սերժ Սարգսյանը կմտածի՞ տենց բան, որ ես մտածեմ»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք վարչապետն ունի՞ նախագահ դառնալու ցանկություն, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե Տիգրան Սարգսյանն իր հետ այդ մասին չի խոսել: