Եգիպտական բանակը ձերբակալեց նախագահ Մուհամմադ Մուրսիին (տեսանյութ)
Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ Եգիպտոսի բանակը, երեկ ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, հայտարարեց երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին պաշտոնանկ անելու մասին: Սակայն, ի հեճուկս երկրի քաղաքական կյանքում ինքնուրույն գործոն հանդիսացող բանակի որոշման, իսլամիստ նախագահը, ում դեմ արդեն մի քանի օր շարունակվում էին միլիոնանոց ցույցեր, հայտարարեց, որ ինքը Եգիպտոսի առաջին ժողովրդավարական սկզբունքներով ընտրված նախագահն է և չի պատրաստվում լքել նախագահի պաշտոնը: Ավելի ուշ ստացվեց տեղեկություն այն մասին, որ Եգիպտոսի Զինված ուժերը տնային կալանքի են ենթարկել Մուրսիին:
Եվ ահա, արդեն այսօր արաբական և միջազգային մամուլը տարածել է տեղեկություն այն մասին, որ Մուհամմադ Մուրսին ձերբակալվել է և ուղարկվել պաշտպանության նախարարություն: Մասնավորապես այդ մասին է հաղորդում եգիպտական Ալ-Մասրի ալ-Յոում («Եգիպտոսն այսօր») թերթը` հղում կատարելով «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունում ունեցած իր տեղեկություններին: Այս տեղեկությունը, ըստ ռուսական «Ռեգնում» գործակալության, հաստատում է նաև ֆրանսիական «France-Presse» լրատվական գործակալությունը: Վերջինս նաև տեղեկացնում է, որ բացի Մուրսիից` հուլիսի 4-ի` լույս 5-ի գիշերը ձերբակալվել են նաև Ազատություն և արդարություն կուսակցության ղեկավար Սաադ ալ-Կատատնին և «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարի տեղակալ Ռաշադ Բայումին: Իսկ ըստ «ալ-Ահրամ» թերթի` Եգիպտոսի ոստիկանությունը ստացել է նաև «Մուսուլման եղբայրության» շուրջ 300 անդամների կալանքի թույլտվություն:
Ավելացնենք, որ համացանցում է հայտնվել նաև տեսագրությունը, թե ինչպես են ձերբակալում Մուհամմադ Մուրսիին: