Եգիպտոսի բանակն իշխանությունից հեռացրեց նախագահ Մուհամմադ Մուրսիին
Եգիպտոսի բանակն իշխանությունից հեռացրել է երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին և առաջարկել ճանապարհային քարտեզ` երկրի քաղաքական ապագայի համար: Այս մասին հայտնում է արաբական ալ-Ջազիրա հեռուստաընկերության պաշտոնական կայքը:
Մուրսիի տապալման մասին Եգիպտոսի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Վերջինս հայտարարել է նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին` նշելով, որ ճանապարհային քարտեզն արդեն համաձայնեցվել է մի շարք քաղաքական ուժերի հետ:
Հիշեցնենք, որ Մուհամմադ Մուրսին արդեն երկրորդ նախագահն է, ով տապալվում է ընդամենը երկու տարվա ընթացքում. 2011 թ. փետրվարի 11-ին, այսպես կոչված, «արաբական գարնան» առաջին ալիքի արդյունքում իր հրաժարականի մասին հայտարարեց Հոսնի Մուբարաքը, սակայն տեղի ունեցած նոր նախագահական ընտրությունները չնպաստեցին երկրում կայունության հաստատմանը: Նոր նախագահ ընտրվեց Մուհամմադ Մուրսին, ով իսլամիստական Մուսուլման եղբայրներ կազմակերպության անդամ է, սակայն նրա վարած քաղաքականությունը առաջ բերեց ավելի մեծ թվով եգիպտացիների դժգոհությունը:
Մուրսիի դեմ ընդվզումն իր գագաթնակետին հասավ նախորդ կիրակի օրը, երբ Եգիպտոսի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի դուրս եկան միլիոնավոր եգիպտացիներ, որից հետո երկրի բանակը վերջնագիր ներկայացրեց Եգիպտոսի քաղաքական ուժերին` ճնաժամից դուրս գալու ճանապարհ գտնելու համար: