Ո՞վ է հավատում Տիգրան Սարգսյանին, իսկ ո՞վ՝ Կիպրոսի դատախազին
Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, նախ ասաց, որ պետք է դիմել իրավական կոնսուլտանտների, ապա նշեց. «Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել` թեմայով չեմ զբաղվել: Իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել: Ինձնից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահանգումներ սպասել:
Ամեն ինչ օրենքով է սահմանված: Պետք է ուսումնասիրել այդ երկրի օրենդրությունը, տեսնելգ Օֆշոր ասելով` չպետք է հասկանաք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել` հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ, ճի՞շտ է, սխա՞լ է»:
Հարցին, թե չե՞ք հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի ներկայության կամ լիազորության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, ՍԴ նախագահն արձագանքեց. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես` ինչպե՞ս կարող եմ չհավատալ»:
Հիշեցնենք, որ այն թեզը, թե օֆշորում հնարավոր է ձեռնարկություն գրանցել ցանկացած մեկի անունով` առանց նրա գիտության կամ թույլտվության, առաջինը շրջանառության մեջ դրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կիպրոսի գլխավոր դատախազ Կլերիդիսն էլ, փաստորեն, հերքեց վարչապետին` նշելով, որ Կիպրոսի դեպքում նման բան հնարավոր չէ։ Հետևաբար, եթե Գագիկ Հարությունյանը հավատում է Կիպրոսի դատախազին, ապա նա չի կարող հավատալ նաև ՀՀ վարչապետի հայտարարությանը։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե պետք է հարցնել Կիպրոսի դատախազին, որովհետև ինքը Կիպրոսի իրավունքի մասնագետ չէ: Դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի հայտարարությանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց.
«Դուք ասում եք` Կիպրոսի դատախազն ինչ-որ բան է ասել, ՍԴ նախագահն ինչ-որ բան է ասել: Ես չգիտեմ` ես ոչ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ոչ էլգ հարցրեք էդ մարդուն: Ինձ հարցեր տաք, որը կարող է պրոցեսների վրա ազդե՞լ, դուք էդ պատասխանները չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, Դատախազության վարույթում, Ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում»:
Հարցին, թե Հայաստանում արդարադատություն կարո՞ղ է կիրառվել, հնարավո՞ր է, որ մի օր վարչապետը պատասխանատվության ենթարկվի` հիմքերի դեպքում, նախարարը պատասխանեց. «Ամենագլխավոր բանը, որ պետք է հավատ ունենալ, այո, հնարավոր է: Եթե հավատ չունեք, որ մեր երկրում կարող է արդարադատություն կիրառվել, որ այն օդը, որը շնչում եք, արդարադատության մասնաբաժինը շատ ավելի մեծ կարող է լինել, ուրեմնգ Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իրավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել` պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Այս առնչությամբ իր տեսակետը հայտնեց նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու` հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, հարցը գտնվում է իրավական տիրույթում, և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին»: Ճշտող հարցին, թե դատախազի խոսքերին չե՞ք հավատում, Շարմազանովն արձագանքեց. «Խնդիրը դատական ատյանում է, դատարանը կորոշի: Պարոն վարչապետն այս հարցով դատարան է դիմել, կոռեկտ չեմ համարում, որ մեկնաբանենք այս խոսակցությունները»:
Առանց մեկնաբանության
Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք նաև, թե Հանրապետական կուսակցության ներսում լարվածություն կա՞` նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած հայտնի քննարկման ժամանակ հնչած նկատառումներից հետո:
Ի պատասխան` Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Լարվածություն չկա, կա աշխատանքային մթնոլորտ: Նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ ու ամբողջական ներկայացրեց իր կարծիքը: Պարոն Սարգսյանի ասածները մեկնաբանության կարիք չունեն: Իսկ երբ ԳՄ նիստ կլինի, մենք կխոսենք այս մասին»: Ի պատասխան հարցին, թե իշխող մեծամասնությունը ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության ժամանակ իրեն ճի՞շտ է պահել` քննադատելով կառավարության գործունեությունը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ճիշտ կամ սխալ պահելը քաղաքական կատեգորիա չէ: Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինչպես չի պահել` ներկուսակցական խնդիր է, կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցության ներսում քննարկելն այս հարցը ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշվի` այնպես էլ կլինի»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Սերժ Սարգսյանը հատկապես դժգոհ է Հովիկ Աբրահամյանի ու Է. Շարմազանովի` խորհրդարանում հնչեցրած` «լափողներ», «թալանչիներ» կոշտ գնահատականներից, ապա ՀՀԿ խոսնակն ասաց.
«Չգիտեմ` ո՞վ է «լափողներ», «թալանչիներ» ասել: Նրանք, ովքեր վճարել են չիրականացված աշխատանքի համար` անկախ նրանից, շինարա՞ր են, թե՞ չինովնիկ, չաղ ու բախտավոր են: Նախագահի գնահատականներն ամբողջական էին ու մեկնաբանության կարիք չունեն: Իսկ ո՞վ է ասել, որ մեզ միշտ պետք է գովեն, որ մեր կուսակցության նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի»: Ըստ նրա` մասնավորապես իր գնահատականները` «չաղ ու բախտավոր չինովնիկների մասին», ոչ թե կոպիտ էին, այլ` իրատեսական: Նա ավելացրեց, որ անկախ նրանից, թե ով է խախտում օրենքը` մարդիկ բաժանվում են պարկեշտ ու ոչ պարկեշտ պաշտոնյաների.
«Այն, որ մեզ մոտ դժբախտաբար ոչ պարկեշտ պաշտոնյաներ կան` փաստ է: Անկախ նրանից` ո՞վ է խախտում օրենքը` Պողոս Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը, Էդուարդ Շարմազանովըգ, պետք է պատժվի: Սա է մեր կուսակցության փիլիսոփայությունը»:
Քննարկման ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարել էր նաև.
«Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը` 701 միլիարդը, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել` ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»: Լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից երեկ հետաքրքրվեցին` արդյոք շաբաթ օրը ՀՀ նախագահն իր մոտ հրավիրած քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությամբ չի՞ ուղղորդում ՀՀ գլխավոր դատախազությանը:
Ի պատասխան` Հրայր Թովմասյանն այս առնչությամբ ասաց, որ պետք չէ խեղաթյուրել նախագահի ասածը, ապա ավելացրեց. «Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերը, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որևէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի և ապացուցվի` չարաշահումներ կա՞ն, թե՞ չկան:
Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 700 միլիարդի մասին խոսք չկա: Վերցրեք ու նայեք` նախագահն ի՞նչ է ասել»: Դիտարկմանը, թե տարածված տեսանյութում գլխավոր դատախազի բացատրությունը թվերի մասով` բացակայում է, ՀՀ արդարադատության նախարարն այսպես արձագանքեց. «Դատախազն իր ելույթի խոսքում նշել է, վերցրեք` նայեք»:
«168 ԺԱՄ»