«Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վեց ամիս առաջ «Երիտասարդական մետրո» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարևանությամբ գտնվող այգի՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար: Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է, 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից:
Նոր-նոր գրավաճառներն ավարտին են հասցնում այգում վարձակալած տաղավարի շինարարությունը, որպեսզի սկսեն աշխատել, սակայն երեկ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները լոմ ու քլունգով հայտնվել են տարածքում՝ ասելով, որ տաղավարի դիմացի սալիկապատումը, որը դեպի տաղավար մի քանի մուտք է ապահովում այցելուների համար, պետք է քանդեն: Վերահսկողները հայտնել են, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում ապօրինի է:
Գրավաճառների խոսքերով՝ «միլիոնով վարկեր» են վերցրել, որ կառույցը ավարտուն տեսքի բերեն, և եթե քաղաքապետարանը քանդի այդ տարածքը, նրանց բիզնեսը ևս մի քանի ամսով կհետաձգվի: «Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա»,- ասում էին գրավաճառները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: