«Հարսնաքարի» պահակը դեպքի օրը մեկ անգամ տեսել է Ռուբեն Հայրապետյանին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա դատարան հրավիրվել է գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ:
Խաչատուր Սարգսյանը հայտնեց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին որպես անվտանգության աշխատակիցներ, իսկ մեկին՝ որպես վարորդ-առաքիչ, Դավիթ Ադամյանին էլ՝ որպես մատուցող: Նա ասաց, որ ամբասանյալներից Նորայր Հայրապետյանն ու Արման Խաչատրյանը ռեստորանային համալիրի «հիմնական» անվտանգության աշխատակիցներն են: Ռեստորանային համալիրի պահակ Սարգսյանն ասաց, որ ինքն աշխատում է որպես շրջիկ պահակ: Նրա խոսքով՝ ինքը դեպքը չի տեսել, հավաքվածներից իմացել է, որ վեճ է եղել, բայց թե ի՞նչ է կատարվել, իմացել է միայն հաջորդ օրը: Իմացել է նաև, որ Գարիկ Մարգարյանին տարել են ոստիկանություն: Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ ռեստորանային համալիրում միշտ եղել են անվտանգության աշխատակիցներ, սակայն ինքը նրանց չի հիշում:
Տիգրան Եգորյանի՝ դեպքի հետ չկապված մի քանի հարցերի հնչեցումից հետո գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն առարկեց՝ ասելով.
«Եթե մենք համբերատար լսում ենք, դա չի նշանակում, որ բոլոր հարցերը դեպքին վերաբերելի են»:
Պաշտպանական կողմն առարկեց նաև տուժողների ներկայացուցչի՝ արդյոք համալիրն այժմ անվտանգության աշխատակիցներ ունի՞, թե՞ ոչ հարցը: Վկայի հարցաքննության ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանը տեղից խոսելու համար դատական սանկցիա՝ նախազգուշացում, կիրառեց գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նկատմամբ:
Վկան ասաց նաև, որ դեպքի օրը մեկ անգամ ռեստորանային համալիրում տեսել է Ռուբեն Հայրապետյանին:
Տիգրան Եգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ տեսախցիկների հետ կապված նրա հայտնած տեղեկությունները: Վկան, ըստ տուժողների ներկայացուցչի, հայտնել էր, որ ռեստորանային համալիրում կան տեսախցիկներ, սակայն ինքը չգիտի՝ որ կողմ են դրանք նայում: Տիգրան Եգորյանի խոսքով՝ վկան նախաքննության ընթացքում հայտնել էր, որ իր պարտականությունների մեջ մտնում է նաև կանաչապատման աշխատանքներ կատարելը: Դատարանը մերժեց տուժողների ներկայացուցչի միջնորդությունը: