Բաժիններ՝

Ֆեյսբուքյան օգտատերերն ընդդեմ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի

karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության դեմ լուրջ ակցիա է սկսվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ ««Ղարաբաղ Տելեկոմ» – անհամարժեք սակագներ» խմբին արդեն միացել են շուրջ 850 օգտատերեր, որոնց զգալի մասն արցախցիներ են ու ընկերության կապից օգտվողներ։

Խմբի անդամները դժգոհ են «ՂՏ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագներից եւ գտնում են, որ դրանք անհամարժեք են

«2002 թվականը Արցախի հեռահաղորդակցության ոլորտում նշանավորվեց շրջադարձային իրադարձությամբ՝ դեռեւս խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ու գրեթե ոչ պիտանի կապի մեթոդները փոխարինվեցին նորով: Կապի ոլորտի «հեղափոխականը» դարձավ «ՂՏ» ընկերությունը, որի շնորհիվ, նույն տարում Արցախի գործադիր իշխանության հետ կնքած պայմանագրի համաձայն, իրականություն դարձավ բջջային հեռախոսակապը, ընդլայնվեց ստացիոնար հեռախոսակապի ցանցը, ստեղծվեց ինտերնետ կապի ու էլեկտրոնային փոստի հնարավորություն:

Ըստ կայքի՝ առաջին հայացքից՝ ամեն բան հրաշալի է, սակայն հանգամանքների վերլուծությունը այլ պատկեր է ուրվագծում:

Կարդացեք նաև

Բնական է, անորակ կապի հույսին մնացած արցախցիները մեծ ուրախությամբ ընդունեցին «ՂՏ»-ին՝ առանց ծանր ու թեթեւ անելու սակագներն ու ծառայությունների ցանկը, սակայն, գործունեության 10 տարիների ընթացքում սակագնային քաղաքականությունը, ծառայության որակը խոսել է ի վնաս ընկերության հեղինակության: Մանր-մունր բարեփոխումներ սկսեցին իրականանալ 2010-ի վերջից, երբ հատեց ժողովրդի համբերությունը եւ ալիքվեց բողոքը: Սակայն, կատարված բարեփոխումներով հանդերձ, այսօր էլ բջջային ու ինտերնետ կապի սակագները մնում են բարձր գրեթե ցանկացած համեմատության մեջ ու դարձյալ անորակ:

Նման վերաբերմունքը, սակագների նվազման քմահաճույքային բնույթը ենթադրելի է մրցակցության բացակայության պայմաններում: Տարակուսելի է մնում Արցախի իշխանությունների վերաբերմունքը այս ամենին: Խորհրդավոր ու չարաբաստիկ պայմանագրի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան գործադիրի կողմից լինում է ոչ լիարժեք: Առայսօր պարզ չէ, թե առաջիկա քանի տարիների ընթացքում է «ՂՏ»-ն շարունակելու տիրել կապի ոլորտին:

Ժամկետները, կարելի է ասել, խիստ գաղտնի են պահվում, իսկ այսպիսի վերաբերմունքը հնարավոր չի որեւէ կերպ արդարացնել սոցիալական անվերջանալի խնդիրներով, աշխարհաքաղաքական բարդ ու անբարենպաստ պայմաններում գտնվող ժողովրդի նկատմամբ: Ի դեպ, իրադրության վերաբերյալ իր տեսակետն ունի «ՂՏ» ընկերությունը, որը սակագների քաղաքականության մեջ հղում է անում նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին:

Ուստի կոչ ենք անում Արցախի իշխանություններին՝

1. Լուծարել կամ վերանայել «ՂՏ» հետ 2002 –ին կնքված պայմանագիրը, որով նշված ընկերությանը տրվել է անխոհեմ առավելություններ:

2. Վերանայել բջջային ու ստացիոնար հեռախոսակապի սակագները ցանցի ներսում եւ դրանից դուրս:

3. Ստեղծել բոլոր պայմանները Արցախի կապի ոլորտը գայթակղիչ ու բաց դաշտ դարձնելու համար՝ պոտենցիալ ներդրողների համար»,- նշված է խմբի էջում։

Խմբի նախաձեռնողներից մեկի՝ օգտատեր Դավիթ Հովսեփյանի հավաստմամբ՝ նրանց պայքարը իր արտացոլումը կգտնի տարբեր մակարդակներում։ Այժմ նրանք պատրաստվում են նամակ ուղարկել ԼՂՀ ազգային ժողով, վարչապետին եւ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս