Բադրիջան` ջերմասեր բուժարարը
Բուժիչ նամակներ
Մորմազգիների ընտանիքն ընդգրկում է մոտ 90 անվանում բույսերի ցեղեր և 3000 տեսակներ, որոնցից են բադրիջանը, բիբարը, կարտոֆիլը, լոլիկը, ինչպես նաև խիստ թունավոր բույսեր` շիկատակը (Belladonna), բանգի սևը (Hyօscyamus), արջընկույզը (Datura), թութունը և այլն։
Հին աշխարհում համարվել է, որ բադրիջանը (սմբուկ) կարող է խելագարություն առաջացնել, իսկ լոլիկի միջոցով նույնիսկ փորձել են թունավորել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին (1776 թվականին)։ Երկար ժամանակ համարվել է, որ կարտոֆիլը կարող է առաջացնել հիշողության կորուստ, ռախիտ կամ դեղնախտ։
Ռուսաստանում 19-դ դարի սկզբում տեղի են ունեցել «կարտոֆիլային բունտեր», քանի որ գյուղացիները վախեցել են մշակել այդ «անօրենի խնձոր» պիտակը ստացած բանջարեղենը. Հայաստանում գյուղացիները շատ արագ են յուրացրել կարտոֆիլի մշակման գաղտնիքները։
Բադրիջանի հայրենիքը Հնդկաստանի և Չինաստանի արևադարձային կլիմայական գոտիներն են, որտեղ այն հանդիպում է բնական պայմաններում։ Ցողունը ճյուղավոր է, կանաչ կամ մանուշակագույն, ծածկված աստղանման մազիկներով, վերևի մասի տերևներն ավելի մանր են, զույգ ձվաձև, համարյա թիականման, նոսր խավապատ։
Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում է հուլիսին։ Բադրիջանն աչքի է ընկնում ձևերի և գույների բազմազանությամբ։ Հայտնի են տանձի, օվալի և գնդի ձև ունեցող` սպիտակ, դեղին, կանաչ, շագանակագույն, մուգ-մանուշակագույն երանգի պտուղներ ունեցող տեսակներ։ Մեկ պտղի զանգվածը կարող է տատանվել 30 գրամից մինչև 0,5-2 կգ։ Պտուղն ուտելի է, երբ սերմերը կաթնային հասունության են։
Հասուն պտուղներում պարունակվում է մոտ 90 տոկոս ջուր, 3-4 տոկոս շաքարներ, 1,4 տոկոս սպիտակուց, 1,5 տոկոս նուրբ բջջանք, 0,13 տոկոս օրգանական թթուներ, 0,15 տոկոս դաբաղանյութ, ենթավիտամին A, վիտամին C (5 մգ` 100 գ հումքի մեջ), նիացին (0,65 մգ), ֆոլիաթթու (18,5 մկգ), պիրիդոքսին (0,15 մգ), B1, B2, նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ֆենոլազա ֆերմենտ։
* Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։
Սոլանինը քայքայվում է աղի մեջ։ Սպիտակ գույնի բադրիջանը սոլանին չի պարունակում։
Գիտական անվանումն է` Solanum melongena։
Ցեղի անվանումն առաջացել է սանսկրիտի «vatin ganah» բառերից, որը պարսկերեն հնչում է բադինջան։ Ա. Ամասիացին հիշատակում է «պատնճան» անվանմամբ. «Օժտված է չորացնող հատկությամբ։ Եթե եփեն յուղոտ մսի հետ` կօգնի արմատացած հազի դեպքում։ Քացախով եփելու և ուտելու դեպքում` կբացի լյարդի և փայծաղի խցանումները։ Եթե չորացնեն դրա կոթուններն ու տերևները և մանրացնելով դնեն թութքի վրա, ապա կօգնի։ Իսկ դրա յուղը կօգնի ձեռքերի ու ոտքերի վրա ցրտի հետևանքով առաջացած ուռուցքների դեպքում։ Մոխիրն օգտակար է չարորակ խոցերի դեպքում և ներծծում է պզուկները։ Բայց նպաստում է սև մաղձի կուտակմանը։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է կարագը»։
Ջերմասեր և լուսասեր բույս է, ցրտահարվում է նույնիսկ երկարատև, մինչև 15 C դրական ջերմաստիճանի տակ։ Հնագույն ժամանակներից մշակվել է Հայաստանում։
Որոշ արաբական երկրներում բադրիջանն անվանում են «հայկական վարունգ»։
Բադրիջանը`որպես դիետիկ սնունդ
Հոդատապ
Միզամուղ հատկության շնորհիվ բադրիջանը նպաստում է ուրատների հեռացմանը երիկամներից և միզապարկից, քանի որ ունի օրգանիզմում աղերի և հեղուկի հավասարակշությունը կարգավորող հատկություն։ Բադրիջանից պատրաստված ուտեստները խորհուրդ է տրվում ընդգրկել միզաքարային հիվանդության և օրգանիզմում նստվածքներ առաջացնող պուրինների հագեցվածության դեպքում։
Փորձնական եղանակով ապացուցված է, որ նման սննդակարգը մեծապես նպաստում է միզաքարային հիվանդության բուժման ընթացքին և զգալիորեն նվազեցնում է հոդատապի հետևանքով առաջացող նոպաների հաճախականությունը։
Աթերոսկլերոզ, այտուցներ
Օրը 200 գ բադրիջան ուտելու դեպքում մենք բավարարում ենք օրգանիզմի մեկ օրվա կալիումի պահանջարկի 25-35 տոկոսը (235 մգ` 100 գ հումքի մեջ)։ Կալիումն ունի դրական ազդեցություն սրտի աշխատանքի վրա, քանի որ նպաստում է ավելորդ հեղուկի հեռացմանն օրգանիզմից։
- Գիտնականներն ապացուցել են, որ կապտամանուշակագույն երանգի բադրիջանը հեռացնում է օրգանիզմից «վատ» խոլեստերինի գրեթե 50 տոկոսը։ Կա կարծիք, որ նման հատկություն ունեն բադրիջանում պարունակվող յուրահատուկ նյութերը` հատկապես մելանոգենը։
- Բադրիջանը կանխարգելում է խոլեստերինի կուտակումը լյարդում և արյունատար անոթների պատերի վրա։
- Բադրիջանն օգտակար է ինսուլտ և ինֆարկտ տարած հիվանդներին, սրտի անբավարար աշխատանքի և հիպերտոնիայի դեպքում։
- Ազատեք բադրիջանը կեղևից, մզեք հյութը (օգտագործեք ոչ մետաղյա քերիչ)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Նիհարեցնող մթերք
- Բադրիջանը լավացնում է մարսողությունը և աղիների անցանելիությունը (շարժող ուժը), հատկապես օգտակար է ստամոքսահյութի ոչ բավարար արտազատման և քրոնիկ ստամոքսաբորբի, հաճախ կրկնվող փորկապության դեպքում։
- Պտղամսում պարունակվող նուրբ բջջանքը կլանում և հեռացնում է օրգանիզմից թույները։
- Բադրիջանն ունի պրեբիոտիկ հատկություն` ճնշում է աղիներում նեխում առաջացնող միկրոօրգանիզմները և նպաստում օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։
Լեղամուղ. Ազատեք բադրիջանը կեղևից, կտրատեք մանր խորանարդիկների։ 300-400 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
- Բադրիջանը միզամուղ, լեղամուղ, մարսողությունը լավացնող, աղիների միկրոֆլորան բարելավող և այլ օգտակար հատկությունների շնորհիվ նպաստում է քաշի նվազեցմանը` անկախ պատրաստման եղանակից` թուրմ, հյութ, եփած, խորոված, խաշած և այլն (բացառությամբ տապակածի)։
Տարեց մարդկանց բալասան
Բացի վերոգրյալ «արժանիքներից», բադրիջանն ունի ևս մեկ շատ արժեքավոր հատկություն` վերականգնում է կռճիկի հյուսվածքները և ամրացնում ոսկորները։ Օգտակար է օստեոխոնդրոզի, օստեոպորոզի, դեֆորմացնող արթրոզի դեպքում։
Գունաթերապիա. Կապտամանուշակագույն մթերքը հանգստացնում է նյարդերը, պայքարում է քրոնիկ հոգնածության դեմ, հանգստացնում է ցավերը, նվազեցնում է բորբոքումները, սպազմերը, քորը։
Բադրիջանն ամրացնում է օրգանիզմի իմունային պաշտպանության համակարգը։
Պարոդոնտոզ
Կա կարծիք, որ այս դեղատոմսն առաջարկել է Ավիցենան։
- Կտրատեք 1 կգ բադրիջանը (շրջանաձև), 3 օր թրջեք պարբերաբար թարմացվող սառը ջրում, քամեք, հումքը մզեք։ Պատրաստեք աղի 50 տոկոսանոց լուծույթ, բադրիջանը դրեք կաթսայի մեջ, վրայից լցրեք լուծույթը (հումքից 0,5 սմ բարձր), դրեք սեղմող ծանրություն, 10 օր թրմեք։ Հումքը լվացեք հոսող ջրի տակ, մզեք, անցկացրեք թելի վրա, չորացրեք օդափոխվող տաք տեղում։ Չորանալուց հետո հումքն այրեք գազօջախի համար նախատեսված ցանցի վրա, փոշիացրեք։ Օրը 2 անգամ մշակեք լնդերը, լվացեք 5 րոպեից։ Փոշին սպիտակեցնում է ատամները։
Ժողովրդական դեղատոմսեր
Յուղամզվածք. Կտրեք բադրիջանի պտղակոթունը, հեռացրեք միջուկը, առաջացած խոռոչի մեջ լցրեք գոլ բուսայուղ, ծածկեք պտղակոթունով, 30-40 րոպե եփեք ջեռոցում, զտեք յուղը։ Մշակեք յուղով մարմնի ցրտահարված մասերը։
Փոշի. Չորացրեք, փոշիացրեք բադրիջանի կեղևը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, 100 մլ գոլ ջրի հետ։
- Պահպանում է մազերի բնական փայլը և կանխարգելում է մազաթափությունը,
- Օգտակար է աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների, փորկապության դեպքում։
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. 1 ճ/գ բադրիջանի կեղևի փոշին լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, նստվածքը հեռացրեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հյութ. Մշակեք կորյակները, պիգմենտային բծերը, պեպենները. դրեք թրջոց։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։