Թուրքիան կարող է դառնալ ռուսական գազի խոշորագույն գնորդ՝ գերազանցելով Գերմանիային
Ռուսական РБК-ի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է դառնալ ռուսական գազի խոշորագույն ներկրողը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան հետաքրքրված է ռուսական գազի գնման ծավալի մեծացմամբ: Նա հավելել է, որ մոտ ժամանակներս Թուրքիան կարող է 20 տոկոսով մեծացնել ռուսական գազի գնման ծավալը և մոտ հեռանկարում դառնալ ռուսական գազի խոշորագույն ներկրող՝ գերազանցելով Գերմանիային:
2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Թուրքիան խնդրել է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարման ծավալը, քանի որ Թուրքիայում աճել է էներգակիրների սպառումը:
2012 թվականին Եվրոպայի երկրները «Գազպրոմի» խողովակաշարերով ստացել են 138.8 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 105.67 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկել Արևմտյան Եվրոպայի երկրներին ու Թուրքիային, իսկ 32.98 միլիարդ խորանարդ մետրը՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներին:
2012 թվականին (Եվրոպայում) ռուսական գազի խոշորագույն ներկրողներն են հանդիսացել Գերմանիան՝ 33 միլիարդ խորանարդ մետր, Թուրքիան՝ 27.03 միլիարդ խորանարդ մետր, Իտալիան՝ 15.08 միլիարդ խորանարդ մետր, Լեհաստանը՝ 9.94 միլիարդ խորանարդ մետր, Մեծ Բրիտանիան՝ 8.11 միլիարդ խորանարդ մետր, Ֆրանսիան՝ 8.04 միլիարդ խորանարդ մետր, Չեխիան՝ 7.28 միլիարդ խորանարդ մետր, Հունգարիան՝ 5.29 միլիարդ խորանարդ մետր, Ավստրիան՝ 5.22 միլիարդ խորանարդ մետր ու Սլովակիան՝ 4.19 միլիարդ խորանարդ մետր:
Թուրքիան ԽՍՀՄ-ից գազի առաջին մատակարարումները ստացել է 1987 թվականի հունիսին՝ 1984 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որով ենթադրվում էր 25 տարում (1987-2011) տարեկան մինչև 6 միլիարդ խորանարդ գազի մատակարարում: