«Հիմա խոսում են, թե 5 տարի գազը չի թանկանա, բա 6 տարի հետո ի՞նչ ենք անելու»

«Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում: Արդեն հանձնաժողովը քննարկել է «ՀայՌուսգազարդի» հայտն ու գազը թանկացրել է, Կառավարությունն ամիս ու կես առաջ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է գազը 30 տոկոսով սուբսիդավորել, բայց մեզնից որևէ մեկը չգիտի սուբսիդավորման մեխանիզմը, ձևը»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ ի՞նչ մտահոգություններ ունեք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարություններից, թե բացի «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու քննարկումներից, բանակցությունների սեղանին կան նաև «ուրիշ բաներ», ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նաև հավելեց. «Իբրև պետություն՝ մենք պարտավոր ենք այլընտրանքներ ունենալու, անկախ նրանից՝ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, և այլն, և այլն: Մենք մեր բոլոր քայլերի մեջ պարտավոր ենք այլընտրանք ունենալ: Բայց, ցավոք, իրանական կողմի հետ մեր գազային հարաբերությունները նույնպես մթով են պատված, այդպես էլ չենք կարողանում ձևակերպել, որ հնարավոր է՝ մի օր էլ կարիք ունենանք բոլորովին այլ լուծումների»: ՀՅԴ պատգամավորն ավելացրեց, որ սրա համար հիմքեր են պետք:

«Հիմա ասում են՝ 20 տոկոսը մեզ որևէ բան չէր տալիս, բավարար չէր, որ որոշումների վրա ազդեցություն ունենայինք, բայց գոնե մեր 20 տոկոսն էր: Լավ՝ 100 տոկոսը տվեցինք, բա հետո ի՞նչ ենք անելու: Հիմա խոսում են, թե 5 տարի գազը չի թանկանա, բա 6 տարի հետո ի՞նչ ենք անելու: Ես վստահ չեմ 5 տարվա համար, որովհետև պայմանագիրը մեկ տարվա համար է կնքված: Տասը տարի հետ ի՞նչ է լինելու»,- նկատեց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե բանակցությունների սեղանին «ուրիշ բաներ» էլ կան դրված, Աղվան Վարդանյանը նշեց. «Ես չեմ կարող դատել բաների մասին, որոնց մասին ռացիոնալ բան չի արտահայտվում: Գազը թանկացնելուց, պայմանագիրը կնքելուց հետո նոր մտածել՝ ինչպե՞ս ենք սուբսիդավորելու, կախվածության մեջ է դնելու մեզ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս