Թուրքիան և Ուկրաինան մտադիր են համատեղ գազ արդյունահանել Սև ծովում

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ուկրաինան մտադիր են իրագործել Սև ծովում գազի արդյունահանման համատեղ նախագիծ: Այս մասին Անկարայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն:

Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինան ու Թուրքիան համատեղ աշխատում են ևս մեկ համատեղ նախագծի ուղղությամբ: Խոսքը գնում է Թուրքիայի գնած գազն ուկրաինական գազապաստարաններում պահելու մասին.

«Ուկրաինական գազապաստարանների հզորությունը կազմում է մոտ 30 միլիարդ խորանարդ մետր: Մենք Թուրքիային առաջարկել ենք Եվրոպայում գազ գնել ամռանը, երբ գազն առավել էժան է և դա պահել ուկրաինական գազապաստարաններում, ապա օգտագործել այն ձմռանը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան 2.5 միլիարդ դոլար է ծախսել Սև ծովում ածխաջրածինների պաշարներ որոնելու վրա:

Տեսանյութեր

Լրահոս