Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Սերժ Սարգսյանին անձա՞մբ կպատմի Արմավիրի մարզպետի բիզնեսի մասին. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այժմ զբաղված է միայն իր բիզնեսի բարգավաճմամբ, ինչի արդյունքում էլ մոռացել է մարզի բնակիչներին:
Հակոբյանի խոսքով՝ մարզպետն օլիգարխ է՝ ավազի հանքեր ու բենզալցակայաններ ունի. «Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի: Ավել բան չի կարող անել: Նա գյուղացիներին ասում է, թե՝ գնացե՛ք ու ձեր ծառները կտրե՛ք: Դա միայն հիմար մարդը կարող է ասել: 20-30 տարի մարդիկ պահել են, ջրել են, գումար են ծախսել ու այդ մի ծառով ապրում են, ինքն այսօր կանգնել ասում է՝ գնացե՛ք, ձեր ապրուստի միջոցը կտրե՛ք, դա նորմալ մարդու ասելու բան չէ»:
Նախկին պատգամավորը հավելեց, որ եթե Ա. Ղահրամանյանի բիզնեսի մասին փաստերը կհետաքրքրեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ապա ինքը կարող է անձամբ գնալ նախագահական նստավայր և ներկայացնել դրանք»:
Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: