Ինչո՞ւ է խաթարվել Սերժ Սարգսյանի հանգիստը
Երեկվա լրահոսում, ի թիվս կիրակնօրյա, «ոչ աշխատանքային» լուրերի, կար նաև մի պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ հունիսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Առաջին հայացքից ոչինչ չասող այս տեղեկատվությունը հետաքրքիր է նախ՝ այն առումով, որ խոսքը կիրակի օրվա՝ ոչ աշխատանքային օրվա մասին է: Իհարկե, պաշտոնական արարողակարգը ղեկավարներին երբեմն ստիպում է աշխատել նաև հանգստյան օրերին, երբ երկրում է գտնվում այնպիսի պատվիրակություն, որին՝ նախագահի մակարդակով չընդունելը կարող է արարողակարգային խախտում համարվել:
Սակայն տվյալ դեպքում խոսքն ընդամենը Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին է, որին կարող էր ընդունել, ասենք, Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Բայց քանի որ խոսքը ոչ թե «շարքային» երկրի, այլ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ԱԽ քարտուղարի մասին է, նրան կիրակի օրով ընդունել է անձամբ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ՀՀ նախագահն իր հանգստյան օրը «փչացրել» է Ռուսաստանի երկրորդական պաշտոնյային ընդունելու համար: Սակայն այս ընդունելությունը միայն Պատրուշևի զբաղվածությամբ պայմանավորելը կամ աշխատանքային-հանգստյան օրերի համընկնմամբ բացատրելը սխալ կլինի:
Հատկապես, որ այդ բացատրությունն անուղղակիորեն տվել է նույն նախագահի նստավայրը՝ այսօր տարածված, Պատրուշևի հետ ուղղակի կապ չունեցող մեկ այլ հաղորդագրությամբ: Ըստ այդմ, այսօր՝ հունիսի 24-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունենալու այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Իսկ ի՞նչ կապ ունի լեհական այցելությունը Պատրուշևի՝ Հայաստան ժամանելու հետ:
Գաղտնիք չէ, որ Լեհաստանը համարվում է Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրներում «համակարգող» պետությունը: Լեհաստանը միշտ հայտարարում է, որ ԵՄ-ի Արևելյան Գործընկերություն ծրագրի նախաձեռնողներից ու այդ ծրագրի հաջողությամբ շահագրգիռ կողմերից մեկն է: Իսկ այս տարվա աշնանը Վիլնյուսում նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցիացման համաձայնագրի ստորագրում, որը մի քանի քայլով Հայաստանին կարող է մոտեցնել Եվրոպային: Բնականաբար, Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է և փորձում է կանխել այդ համաձայնագրի ստորագրումը: Այնպես որ, մեծ հավանականությամբ, Պատրուշևի կիրակնօրյա այցելությունը կարող էր կապված լինել հենց այս գործընթացի հետ: Ավելի պարզ ասած, հնարավոր է՝ Պատրուշևը Հայաստան էր եկել Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինի կողմից ինչ-որ բան հայտնելու՝ կապված ՀՀ նախագահի Լեհաստան կատարելիք այցի հետ:
Իհարկե, սրանք ընդամենը ենթադրություններ են, որոնք, սակայն, հիմնված են վերջին շրջանում ռուս-հայկական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության վրա:
Իսկ այդ տրամաբանությունը մեկն է՝ Ռուսաստանը Հայաստանին «սեղմում» է նվաստացնելու աստիճանի. գազի գնի թանկացումից հետո «Գազպրոմը» պատրաստվում է վերցնել «ՀայՌուսգազարդի» վերջին՝ 20 տոկոս բաժնետոմսերը, նույն օրերին Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառում մոտ 1 մլրդ դոլարի հարձակողական զենք: Այս ողջ ընթացքում Հայաստանի կողմից ի պատասխան հնչում է… քար լռություն: Ռուսական կողմը, բնականաբար, հասկանում է, որ Հայաստանի իշխանությունները գոնե կփորձեն հակադրվել ռուսական այս քայլերին, սակայն դա անելու համար բավարար համարձակություն չունեն, որը կարող են փորձել ստանալ արևմտյան գործընկերներից: Այս հաշվարկն է, ամենայն հավանականությամբ, ստիպել Պուտինին Պատրուշևին ուղարկել Հայաստան, որպեսզի վերջինս Սերժ Սարգսյանին «հորդորի» Լեհաստանում «ավելորդ աջակցություն» չփնտրել:
Սարգսյան-Պատրուշև հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, նման «մանրամասներ» ներկայացված չեն: Սակայն այդ հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԽ քարտուղարից փորձել է պարզաբանում պահանջել այն մասին, թե ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը մեծ քանակությամբ հարձակողական զենք վաճառում մեր հակառակորդին: Փոխարենը՝ հաղոդորագրության մեջ նշված է. «ՀՀ Նախագահը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականացման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին»:
Փաստորեն, Ռուսաստանն Ադրբեջանին այնպիսի զենք է վաճառում, որն ուղղված է, առաջին հերթին, Հայաստանի սահմանային անվտանգությանը, հետո այդ երկրի ԱԽ քարտուղարը գալիս է Հայաստան ու ՀՀ նախագահի հետ քննարկում «պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման» մասին հարցեր: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: