Պետական խայտառակություն կամ՝ Ռուսաստանը երե՞ս է թեքում Տիգրան Սարգսյանից
Մոսկվայի Արբիտրաժային դատարանում հունիսի 18-ին կայացել է «Միջպետական բանկն` ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը` դատավոր Ա.Ա. Կոմարովի նախագահությամբ:
Ինչպես նախորդ 2 նիստերում, այս անգամ էլ պատասխանող կողմը չէր ներկայացել: Ամեն դեպքում, Արբիտրաժային դատարանի առաջին ատյանում սկսվել է գործի քննությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին: Ենթադրվում է, որ մինչ այդ կհստակեցվի և վերջնականապես պարզ կդառնա` ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ ՀՀ կառավարությունը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությանը վաճառելու համար:
«Իտեռայից» անցումը «Ռոսնեֆտին» և Արմեն Մովսիսյանի «չհիշողությունը»
Նախապես «Նաիրիտով» հետաքրքրված էր «Իտեռա» նավթագազային ընկերությունը, որն անցած տարի մանրակրկիտ ուսումնասիրեց գործարանի հետ կապված իրավիճակը, ձեռնարկության առողջացման ծրագիրը: «Իտեռա» ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում էր «Ռոսնեֆտին», իսկ մայիսի վերջին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գազային անկախ ընկերությունն ամբողջությամբ անցնում է պետական «Ռոսնեֆտի» հսկողության տակ, որը ձեռք է բերում ընկերության հիմնադիր Իգոր Մակարովի և նրա գործընկերների բաժնեմասը` մոտ 3 մլրդ դոլարով: Ի դեպ, տարիներ շարունակ պետական «Գազպրոմի» հիմնական մրցակից հանդիսացող «Իտեռայի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը «Ռոսնեֆտը» ձեռք էր բերել 2012 թ. փետրվարին: Այն ժամանակ խոսք չկար, որ նավթային հսկան ամբողջովին կկլանի «Իտեռային»:
Այս տարվա ապրիլի սկզբին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր, ի թիվս այլ հարցերի` ՀՀ ղեկավարության հետ քննարկվել էր նաև «Նաիրիտի» վաճառքի հարցը: Մեր տեղեկություններով` ռուսական կողմը գործարանի համար պատրաստ է վճարել 100 մլն դոլար:
Օրեր առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «168 Ժամին» հայտնել էր, թե ՀՀ կառավարությունը շարունակում է «Նաիրիտի» շուրջ բանակցությունները «Ռոսնեֆտի» հետ: Ըստ Մովսիսյանի` նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինն առաջարկել էր նախ քննարկել, թե տեխնոլոգիապես գործարանն ինչքան կարող է արտադրել, տնտեսապես դա ինչքան արդյունավետ կլինի, դրանից հետո նոր միայն քննարկել մյուս խնդիրները: «Այս քննարկումներն ավարտված են, ֆոնը բավականին դրական է»,- ասել էր Ա. Մովսիսյանը:
Ի պատասխան մեր հարցին` ի՞նչ խնդրահարույց կետեր են մնացել քննարկելու, նախարարը վստահեցրել էր, թե այդպիսիք չկան, պարզապես ժամանակ է հարկավոր բանակցություններն ավարտելու համար: Փորձել էինք նաև ճշտել, թե գործարանի պարտքի հարցն ի՞նչ վիճակում է, կարո՞ղ է այն խնդրահարույց լինել, սակայն Մովսիսյանը նշել էր, որ պարտքի խնդիրը դեռ չի քննարկվել` միաժամանակ հայտնելով, որ այժմ «Նաիրիտի» ամբողջ պարտքը, այդ թվում` Միջպետական բանկին ունեցածը, կազմում է շուրջ 100 մլն դոլար:
Սակայն արդեն 12 տարի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մովսիսյանը, կարծես, փորձում է ամեն կերպ կոծկել իրականությունը: «168 Ժամի» ռուսաստանյան հավաստի աղբյուրների համաձայն` ոչ մի «դրական ֆոն» էլ չկա, և «Նաիրիտի» շուրջ բանակցություններն արդյունավետ չեն, համաձայնություն ձեռք չի բերվել: Իսկ պատճառը մեկն է` գործարանի հսկայական պարտքը, որը մոտ 4 անգամ մեծ է նախարարի հնչեցրած թվից, այսինքն` 350-400 մլն դոլար:
Միայն Միջպետական բանկին «Նաիրիտը» պարտք է մոտ 170 մլն դոլար գումար: Բացի դա, «Նաիրիտը» պարտք է ՀՀ բյուջեին, աշխատողներին, տարբեր ընկերությունների, բանկերի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց, և այլն:
Միջպետական բանկը 5 պետությունների կենտրոնական բանկերի ջանքերով հիմնադրված կառույց է, որի հիմնական բաժնետերը ՌԴ ԿԲ-ն է: 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել «Նաիրիտի» արդեն նախկին կառավարիչ բրիտանական «Rhinoville Property Limited» ընկերության համար, իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել: Որպես երաշխավոր` հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը` գործարանում իր 10% բաժնեմասով: Վարկը մինչ օրս չի մարվել: Այսինքն, ստացվում է, որ նախարար Ա.Մովսիսյանն այս պարտքի գումարի չափն էլ «լավ չի հիշում», ինչպես որ «չի հիշում» «Գազպրոմի» հետ գազի գնի շուրջ վերջին պայմանագրի կնքման ժամկետը:
Ինչո՞ւ է շտապում Միջպետական բանկը
Ինչևէ, նախարարի հիշողությունը մի կողմ թողնելով` նշենք, որ Միջպետական բանկն, արդեն 2 տարի է` պետք է փակվի: Դրա փոխարեն` ՌԴ-ում ստեղծվել է Եվրասիական բանկը, որ կատարելու է նույն գործառույթները, ինչ Միջպետական բանկը, և որի հիմնադիրները կրկին անդամ երկրների կենտրոնական բանկերն են, այդ թվում` ՀՀ ԿԲ-ն` շատ չնչին բաժնեմասով:
Այստեղ «մեխն» այն է, որ Միջպետական բանկը չի կարող փակվել, քանի դեռ իր հաշիվները չի զրոյացրել և պարտքերը չի հավաքել: Այդ իսկ պատճառով այժմ առաջնահերթ խնդիր է դրված «Նաիրիտին» տրված վարկը ետ ստանալ: Որպես աջակցություն` 1-1.5 տարի առաջ Եվրասիական բանկը համաձայնեց գործարանի առողջացման ու զարգացման ծրագրի համար
ՀՀ-ին 400 մլն դոլար տրամադրել, սակայն փոխարենը` պահանջելով պետական երաշխիքներ: Այդպիսիք տրվում են միջպետական համաձայնագրով, որը հաստատում է Ազգային ժողովը: Սակայն այս սցենարն իրականություն չդարձավ, որովհետև վտանգը մեծ էր, որ շատ մութ հարցեր ջրի երես կելնեին, այդ թվում` ո՞ւր են կորել նախկին վարկային գումարները: Առանց այդ էլ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է «Նաիրիտի» գործով հանձնաժողով ստեղծել: Իսկ բոլորը լավ հասկանում են, որ «Նաիրիտի» գործի հետևում կանգնած անձանց նոր սկանդալ հարկավոր չէ, օֆշորայինն էլ բավական է:
Հիշեցնենք, որ «Rhinoville»-ը «Նաիրիտը» ձեռք էր բերել 2006 թվականին` 40 մլն դոլարով: Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր, և նույն տարին էլ հենց տրվել է առաջին վարկը (70 մլն դոլար): Անտեսելով պետության շահը` Տիգրան Սարգսյանը, փոխանակ ՀՀ-ին վարկ տալու, այն մասնավորին է տվել, այն էլ` բրիտանական այդ ընկերությանը, որն օֆշորային փուչիկ էր: Ավելին` մեծ հաջողությամբ գործարանը կարող էր մնա`լ որպես պետական սեփականություն, քանի որ «Rhinoville»-ը զբաղվել է միայն հաշվապահությամբ: Գործարանի կառավարման տարիների ընթացքում «Rhinoville»-ը մի քանի անգամ խախտել է պայմանագիրը: Մասնավորապես` դրանում կետ կար, որ մինչև 2009թ. հունվարի 1-ն ընկերությունն իր միջոցներից 60 մլն դոլար պետք է ներդներ «Նաիրիտի» զարգացման ծրագրում, իսկ պարտավորությունը չկատարելու դեպքում պետությունը կարող էր առանց գումարը վերադարձնելու` 100% բաժնետոմսերը ետ վերցնել: Դա չարվեց` ՀՀ ղեկավարության կամքով, ավելի կոնկրետ` Տիգրան Սարգսյանի, քանի որ պայմանագրի իրականացման վերահսկողը ՀՀ վարչապետն էր: Ու որքան էլ հիմա Տ.Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարություններ անի, թե մամուլն անտեղի է իրեն քարկոծում «Նաիրիտի» հարցով, մեկ է` ճշմարտությունից չես փախչի, և քիմիական հսկայի բեռը նրա ուսերին է, անկախ նրանից` դա կկոչենք թերացո՞ւմ, թե՞ չարաշահում:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում, կամ, ավելի ճիշտ, սպառնում «Նաիրիտին»
Եթե մինչև հոկտեմբեր ՀՀ ղեկավարությունը չհամաձայնի սեփական միջոցներով փակել «Նաիրիտի» պարտքը և գործարանը չվաճառի ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը, ապա խնդրի լուծումը մեկն է: Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի Արբիտրաժային դատարանն այն սնանկ կճանաչի, և կսկսվի սնանկության գործընթաց, որը մեր երկրի ղեկավարության համար ուղղակի խայտառակություն կլինի: Եթե բոլոր ավելորդ խաղորդներին հանենք, գործի գլխին կանգնած ֆիգուրները մնում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի պետությունը: Այսինքն` կստացվի, որ 400 մլն դոլարի պատճառով Ռուսաստանի դաշնությանը երես կթեքի Տիգրան Սարգսյանից: Սա, իհարկե, պայծառ ապագա անվանել չի կարելի:
«168 ԺԱՄ»