Գողություն օրը ցերեկով. «Տոնուսը» սնանկ է ճանաչվել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, հունիսի 14-ին սնանկ է ճանաչել «Տոնուս» ՍՊԸ-ին: Շինարարական ընկերության` կամավոր սնանկության պահանջի մասին գործով (ԵԱՆԴ/0040/04/13) դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմում է 6 մլրդ 460 մլն 474 հազ. 792 դրամ
(մոտ 15 մլն 757.000 դոլար):
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոնուսի» կողմից ինքնասնանկացման համար ներկայացված դիմումը հետ էր ուղարկվել` փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Դատարանը պահանջագիր է ուղարկել «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությանը, որպեսզի «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ նշանակվի: Երեկ հիմնական կառավարիչ է ընտրվել կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը: «168 ժամին» Ղամբարյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, այսօր դատարանը կհաստատի կառավարչի ընտրության արդյունքները և կնշանակի պարտատերերի առաջին ժողովի օրը: Այդ մասին հայտարարություն կհրապարակվի «Հայաստանի Հանրապետություն» թերթում և www.azdarar.am կայքում, որից հետո 1 ամսվա ընթացքում բոլոր պարտատերերը, ովքեր պահանջ ունեն այդ ընկերության նկատմամբ, պարտավոր են գրանցվել դատարանում: Սնանկ ճանաչված ընկերության համար կա երկու ճանապարհ` կամ առողջացման ծրագիր է մշակվում, կամ լուծարում է տեղի ունենում: Դա էլ որոշվում է օրենքով. եթե 1 ամսում որևէ մեկի կողմից ներկայացվում է ընկերության առողջացման ծրագիր, դատարանը քննում է այն, և պարտատերերը քննարկում են. հնարավոր է` ընդունեն, հնարավոր է` ոչ: Եթե ծրագիրն ընդունվի, ընկերությունը կգնա առողջացման ճանապարհով, իսկ եթե չընդունվի, ապա կկատարվի լուծարում` եղած ակտիվները կառավարիչը կդնի օտարման, կհավաքագրի գումարները և կբաժանի պարտատերերի միջև:
Թե ո՞ւմ` որքա՞ն կհասնի, և ի՞նչ կլինի, սա արդեն տեխնիկական հարց է և կախված է օգուտի չափերից: «Տոնուսի» գործունեությունից մինչ օրս բողոքել են ընկերության կողմից կառուցվող Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները: Ընկերությունը նաև վարկային պարտավորություն ունի «Արցախբանկի» հանդեպ, որտեղ գրավադրված են բնակարանները: Սնանկության գործով կառավարիչը պետք է ուսումնասիրի այդ բնակարանների կարգավիճակը: Շատ հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բնակարանները ձեռք են բերել, ունեն իրենց անունով ձևակերպված սեփականության վկայական, սակայն իրենք էլ դա որպես գրավի առարկա թողած լինեն բանկում: Տեսականորեն շենքի կեսը կարող է գրավադրված լինել, կեսը` ոչ: Չի բացառվում նաև, որ այդ գործողություններում քրեորեն պատժելի արարքներ լինեն, ինչը պարզ կդառնա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:
Փափազյան 118/1 հասցեի շենքի տուժած բնակիչները մոտ 30 հոգի են: Նրանք մոտ 6 տարի առաջ նոտարով հաստատված պայմանագրեր են կնքել «Տոնուսի» հետ և մինչ օրս վճարումներ են կատարել 80-100%-ով: Հետաքրքրական է, որ նույն շենքում մոտ 50 հոգի ստացել են իրենց բնակարանները և արդեն ունեն Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված անշարժ գույքի սեփականության վկայական: Ըստ մեր տեղեկությունների` նրանք պաշտոնյաներ են, իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, որոնց «խաբելը հեշտ չի»: Հիմնական տուժածները ՀՀ քաղաքացիներ են` առանց տարատեսակ «տանիքների», նաև մարդիկ կան Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, կարծես, ցուցակով նայել են, ում բողոքի ձայնը չէր կարող մեծ լինել, նրանք էլ հայտնվել են տուժածների շարքում: Պետական տարբեր կառույցներին հղված նրանց դիմումները վերահասցեագրվում են Ֆինանսների նախարարություն, որը խոստացել է պատասխանել 2-3 ամսից: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պետական պաշտոնյաները քաղաքացիներին փորձում են հանգստացնել, հավաստիացնում են, թե որևէ սուր բան չի լինելու, բայց գրավոր ոչ մի երաշխիք չեն տալիս:
Մայիսի վերջին «Արցախբանկը» հայտարարություն էր տարածել, որում հավաստիացնում էր, թե «բանկի և «Տոնուս» ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերը համապատասխանում են գործող ՀՀ օրենսդրությանը, հենց պայմանագրերի տեքստում «Տոնուսը» հավաստիացրել ու պարտավորվել է, որ շենքի նկատմամբ երրորդ անձանց (օրինակ` քաղաքացիների) հավակնություններ ու պահանջներ չկան, և այդպիսիք ստեղծելու գործողություններ ընկերությունը, որպես գրավատու, չի ձեռնարկի: Նման իրավիճակում Բանկը որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի, դրանց հիմքով կատարված վճարումների ու դրանցից բխող իրավունքների մասին»:
«Տոնուսի» գործունեությունից տուժած քաղաքացի, երգիչ Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Արցախբանկը» պարտավոր էր հաշվի առնել, որ մարդիկ վճարել են բնակարանների համար:
«Սա գողություն է: Իմ աներն ու զոքանչը սփյուռքից են, գովազդը տեսել էին, տարիներ առաջ պայմանագիր են կնքել ընկերության հետ, որ 2009-ին տեղափոխվեն Հայաստան` իրենց նոր բնակարան: Մինչև անցած տարի դեկտեմբեր խաբել են մեզ` այսօր-վաղը կտանք: Հետո ընկերությունը հեռախոսն անջատեց, «Տոնուսի» սեփականատեր Աշոտ Տոնոյանն էլ ընդհանրապես հեռախոս չի վերցնում: 6-7 տարի այս մարդկանց տանջել են, 100 հազ. դոլար (1 քառակուսի մետրը` 1200 դոլար) գումար ենք վճարել, ու հիմա ոչ մեկը պատասխան չի տալիս: Բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք, նույնիսկ բնակարանները ստանալուց հետո մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Ա.Իսպիրյանը: Աշոտ Տոնոյանն, իսկապես, կարծես ընդհատակ է անցել: ԲՀԿ-ական նախկին պատգամավորը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին ևս չպատասխանեց, հանրային միջոցառումների էլ չի մասնակցում:
Դավթաշենում իրավիճակն ավելի ծանր է` տուժածները 150 հոգի են: Նրանք նույնպես տարիներ շարունակ վճարել են բնակարանների համար` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 310 հազ. դրամ, սակայն այսօր հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ: Այս շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել 2012թ. դեկտեմբերի 31-ին, սակայն շինարարությունը կիսատ է մնացել, իսկ այդ կիսակառույցն էլ ամբողջությամբ գրավադրված է «Արցախբանկում»: Մեզ հետ զրույցում տուժած բնակիչներից մեկը հայտնեց, որ Աշոտ Տոնոյանն իրենց հետ հանդիպման ժամանակ նույնիսկ պարտքով գումար է ուզել, որ իր գործերը կարգի բերի: «Պարզապես ծաղրում են մարդկանց»,- նշեց նա:
«Արցախբանկի» և «Տոնուսի» միջև կնքված վարկային առաջին պայմանագիրը եղել է 2007 թ.-ին: Դրանից հետո կնքվել է ևս 3 գործարք:
Եթե մի կողմ թողնենք ամեն առիթով շեշտվող «Տոնուսի» վարկային «լավ» պատմությունը, հաշվի առնենք, որ մեր երկրում, ցավոք, ոչինչ հենց այնպես չի լինում, առավել ևս` միլիոնավոր գումարների շրջանառությունը, ապա հետաքրքիր է, թե ի՞նչ հիմքեր ունի բանկի ու «Տոնուսի» այսքան սերտ համագործակցությունը: Հիշեցնենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ սովորական բաժնետոմսերի 87.3%-ը պատկանում է ոչ ռեզիդենտ հանդիսացող Շվեյցարիայի և ԱՄՆ քաղաքացիներին` շվեյցարահայ գործարար Հրաչ Կապրիելյանի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում 39.1% է, շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի հիմնադիր և բաժնետոմսերի միակ սեփականատեր, համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, համասեփականատեր և գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսի մասնաբաժինը` 43.1% է, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցը` 5.1%, ռեզիդենտ ֆիզիկական անձանցը` 11.4%, իսկ ռեզիդենտ իրավաբանական անձանցը` 1.3%:
Ի դեպ, մոտ 3 տարի առաջ ռուսական «Վերսիա» կայքէջը հրապարակում էր պատրաստել, որում նշվել էր, թե այդ բանկի սեփականատերերից է համարվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ինչևէ, թե ինչ բնույթի գործարքներ են կնքվել այս շինարարական պատմության շրջանակներում, իրավապահ մարմինների քննելիք հարցն է:
«168 ԺԱՄ»