Ծիրանի գինը կորոշի շուկան. փոխնախարար
Վաղը՝ հունիսի 20-ին, ծիրանի մթերումները կսկսվեն Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Ջրահովիտ համայնքներում: Ինչպես 168.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, արտահանման նպատակով ծիրանի մթերումներ իրականացնում են մոտ 20 կազմակերպություններ և ֆիզիկական անձինք:
Ըստ նրա՝ գյուղացիների շրջանում անհանգստություններ առաջացել էին այն բանից հետո, երբ որոշ մթերողներ առաջարկել էին 1 արկղը (12-13 կգ) վաճառել 4000 դրամով, մինչդեռ նախապես պայմանավորվածություն է եղել 1 կգ-ը մոտ 500 դրամ գնի շուրջ: Ռ.Մակարյանը նշեց, որ արտադրողներն ուզում էին իրացումն իրականացնել կիլոգրամներով:
Մեր դիտարկմանը, որ մթերողները հետզհետե նվազեցնում են ծիրանի գինը, փոխնախարարը պատասխանեց, որ ամեն դեպքում դա 2 տնտեսվարողների միջև պայմանավորվածության հարց է: Ռ.Մակարյանի խոսքով՝ շուկայում որքան ծիրանի առաջարկը շատանա, այնքան գինը նվազելու է: Հարցին, թե այս տարի որքա՞ն կլինի ծիրանի նվազագույն գինը, Մակարյանը պատասխանեց՝ գինը կորոշի շուկան:
Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի օրից մթերումներ կսկսեն նաև վերամշակող կազմակերպությունները: