Բաժիններ՝

Կճոյանի սանիկի «փայլուն» աշխարհագրական գիտելիքներն ու սենսացիոն խոստովանությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հետքն» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանից, ով, ըստ գործարար Փայլակ Հայրապետյանի, մոտ հարաբերություններ ունի ՀՀ իշխանական և եկեղեցական վերնախավի հետ, և ով, ըստ Փ. Հայրապետյանի, մասնակցություն է ունեցել իր ունեզրկման գործում։ Ա. Սուքիասյանը 5-էջանոց նամակում  հանգամանորեն ներկայացրել է «ադամանդային» պատմությունը՝ փորձելով ապացուցել, որ ոչ թե ինքն է փորձել «քցել», այլ իրեն են փորձել «քցել»։ Ով է ճիշտ, ով սխալ՝ այս խառը պատմության մեջ հնարավոր չէ ասել։

Այդ նամակից ուշադրության արժանացավ վերջին հատվածը, որտեղ Ա.Սուքիասյանը նշել էր, որ WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերությունն ինքն է հիմնադրել և բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության:

Սակայն նամակի առաջին պարբերությունը պակաս ուշագրավ չէ։ Աշոտ Սուքիասյանը գրել է, որ 2009 թվականին ՀՀ Կառավարությունում և դրանից հետո՝ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի են ունեցել ժողովներ, որի նպատակն էր  ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի    ավելացումը:

Որից հետո Աշոտ Սուքիասյանը գրում է.

«Ժողովի ընթացքում խոսվեց այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է 5% տոկոսադրույքով` 15 տարի մարման ժամկետով ադամանդի հումք: Առաջարկվող ադամանդի հումքի գնացուցակները ստանալուց հետո հումքի որակը և գները  չէին  համապատասխանում պահանջվող շուկայի ո՛չ որակին, ո՛չ էլ գներին: Ժողովի ընթացքում ես առաջարկեցի  ադամանդի հումք, որը պետք է ներմուծվեր այն ընկերությունից, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում»:

Ուշադրություն դարձրեցի՞ք հատկապես վերջին հինգ բառերին՝ «Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում»։

Պարզվում է, որ գործարարը, ով աֆրիկյան երկրների հետ սերտ կապերի մեջ է (իր խոսքերից ելնելով), լուրջ մարդ է, ընդունվում է ադամանդագործության պես էլիտար բիզնեսի ներկայացուցիչների և ՀՀ իշխանությունների կողմից, չգիտի, որ Սիերա Լեոնեն գտնվում է ոչ թե Աֆրիկայի հարավային մասում, այլ կենտրոնական մասում՝ Աֆրիկյան մայրցամաքի արևմտյան ափին։

Թվում է՝ սա մանրուք է, սակայն` ոչ այս դեպքում։ Որովհետև այս ամբողջ գործի մեջ մանրուքները գումարվելով՝ միլիոնավոր դոլարների հասնող մի կարևոր ամբողջություն են կազմում։

Այս ամենից կարելի է անել երկու հետևություն։ Կա՛մ Աշոտ Սուքիասյանն իրոք չգիտեր մի երկրի տեղը, որտեղ ինքը բիզնես է անում։ Այս դեպքում՝ գործ ունենք ՀՀ իշխանությունների թափթփվածության հետ, որոնք կարող են վստահել և գործ բռնել բանից անտեղյակ մարդկանց հետ (ինչպես ժամանակին սփյուռքի նախարարը մեծարում էր «տաղանդավոր աստղագետ» երիտասարդին)։ Կա՛մ էլ Ա. Սուքիասյանը պարզապես անփույթ է գրել նամակի առաջամասը, ինչը խոսում է այն մասին, որ նամակի մեխը  Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին մաքրելու փորձն էր։ Իսկ մնացածը 5 էջն ընդամենը բուտաֆորիա են՝ նամակին լրջություն հաղորդելու համար։

Այս ամենով հանդերձ՝ Ա. Սուքիասյանի նամակում կա մի շատ անկեղծ խոստովանություն, որի հետ դժվար է չհամաձայնել։ Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին արդարացնելու գործում Ա. Սուքիասյանը չափից դուրս ջանք է ներդրել, կամ, ինչպես ռուսներն են ասում, перестарался: «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

Այսինքն՝ փորձելով արդարացնել վարչապետին և արքեպիսկոպոսին՝ Ա.Սուքիասյանը ջուրն է գցել ՀՀ տնտեսության և եկեղեցու հեղինակությունը՝ բացահայտ ասելով, որ Հայաստանում առանց հովանավորների բիզնես անելը վտանգավոր է։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ բիզնեսի «տանիք» Հայաստանում հանդիսանում են նաև հոգևորականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս