Շարունակվեց Գագիկ Ջհանգիրյանի դեմ քաղաքացիական գործի քննությունը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գագիկ Ջհանգիրյանի դեմ քաղաքացիական գործի քննությունը: Նիստի ընթացքում հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը պնդեցին իրենց բողոքը: Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանն էլ ասաց, որ պատասխանող կողմը ամբողջությամբ առարկում է հայցի դեմ: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը ներկա չէր դատական նիստին:

Նիստի ընթացքում դատավոր Սիմիզար Հովսեփյանը կողմերին հարցրեց՝ արդյոք նրանք չե՞ն ցանկանում վեճն ավարտել հաշտությամբ, արդյոք չկա՞ն հաշտության եզրեր: Արայիկ Զալյանը պատասխանեց՝ ո՛չ:

Դատարանը որոշեց նախ լսել հայցվորներին, պատասխանողին, ապա հետազոտել գործի ապացույցները: Նիստի ընթացքում Արայիկ Զալյանը ներկայացրեց հայցը:  Նա նշեց, որ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորել, իրենց վիրավորել է Գագիկ Ջհանգիրյանի հետևյալ արտահայտությունը. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն: Ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Արայիկ Զալյանը նշեց, որ պահանջում են իրենց վիրավորելու համար Գագիկ Ջհանգիրյանից  բռնագանձել 300.000 դրամ, զրպարտության համար՝ ևս 300.000 դրամ, ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը:

Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցվոր Արայիկ Զալյանին հարցրեց՝ արդյոք նշված հրապարակումներում Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ մատնանշե՞լ է իրենց անունները: Արայիկ Զալյանն էլ պատասխանեց, որ հրապարակումներում կոնկրետ իրենց անունները Ջհանգիրյանը չի նշել, սակայն լրագրողները նրան հարց ուղղել են՝ կապված Մատաղիսի գործի հետ, իսկ այդ գործով նախկին դատապարտյալները հենց իրենք են եղել:  Ջհանգիրյանի ներկայացուցիչն ասաց, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման՝ պատճառաբանելով, որ հայցվորների անուն-ազգանունները Ջհանգիրյանի կողմից չեն նշվում:

Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ՝ պահանջելով Ջհանգիրյանից հատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել:

Նշենք, որ հայցի ներկայացման համար հիմք է հանդիսացել Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցներից մեկը, որում նա Մատաղիսի գործով արդարացված տղաներին մարդասպան էր անվանել` նշելով, որ նրանք, իր կարծիքով՝ մեղավոր են և պետք է պատժվեն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, որտեղ կհետազոտվեն գործով ապացույցները:

Տեսանյութեր

Լրահոս