Կդառնա՞ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջորդ վարչապետ
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ընդվզումը` երկրում առկա կոռուպցիայի, արդար ցասումը` կոռուպցիոներների անպատժելիության նկատմամբ, և այդ ֆոնին` ԲՀԿ-ականների քար լռությունը հուշում են, որ Հայաստանում հասունանում են նոր իրադարձություններ, որոնց հանգուցալուծմանը կարելի է սպասել տարվա վերջին, իսկ ավելի հավանական է` նոյեմբերին:
Նոյեմբերին Վիլնյուսում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է նախաստորագրի Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը: Հայաստանի իշխանությունները, որ մինչև այժմ հայտարարում են, թե իրենք կողմ են ոչ թե «կամ-կամ» սկզբունքին, այլ «և-և»-ին, ստիպված են լինելու ընտրություն կատարել:
Եթե Հայաստանը ստորագրում է ասոցիացման պայմանագիրը և միանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, ապա պետք է մոռանա Եվրասիական ինտեգրացիայի մասին: Այսինքն, ուզի թե չուզի, կանգնելու է «կամ-կամի» առաջ: Հայաստանը բացահայտ չի կարող հայտարարել, որ դեմ է ԵՄ-ի Արևելյան գործընկերությանը, քանի որ արդեն տևական ժամանակ հայ պաշտոնյաները եվրոպացիներին համոզում և նույնիսկ երդվում են, որ ներքին մղում ունեն դեպի եվրոպական արժեհամակարգը, որ դա Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Եվրոպական կառույցներն էլ` հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, հսկայական միջոցներ են ծախսում, բազմաթիվ ծրագրեր իրականացնում Հայաստանը Եվրոպային ավելի մոտեցնելու համար: Հայաստանում եվրոպական երկրների դիվանագետները և գործերից առավել լավատեղյակ դեսպաններն այնքան վստահ են, որ Հայաստանը նախաստորագրելու է Ասոցիացման պայմանագիրը, որ գրազ են գալիս հայ թերահավատ քաղաքական գործիչների և պատգամավորների հետ: Նրանց վստահությունը, թերևս, բխում է ոչ միայն հայ պաշտոնյաների հրապարակային և ոչ հրապարակային հավաստիացումներից, որ եվրոպական ընտրությունը վերջնական է ու անբեկանելի: Հնարավոր է, որ նրանք հայ պաշտոնյաների վրա այնպիսի ազդեցության լծակներ են ձեռք բերել, որ վստահ են դրանց ուժով իրենց ուզածին հասնելու մեջ:
Սակայն իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր նույն վստահությամբ պնդում են, որ Հայաստանը չի կարող միանալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին, և այդ համաձայնագիրը չստորագրելու համար պետք է, որպեսզի Հայաստանի ներիշխանական դաշտում տեղի ունենա մի այնպիսի ցնցում, որն էապես կփոխի Հայաստանի իշխանության կառուցվածքը: Խոսքն այնպիսի զարգացման մասին է, որի արդյունքում իշխանության կգան այնպիսի ուժեր, որոնք դեմ կարտահայտվեն Եվրոպական ինտեգրացիային` առաջնահերթ համարելով Հայաստանի` Եվրասիական միության անդամ դառնալու հեռանկարը:
Իսկ որքանով է իրական ներիշխանական վերադասավորման հնարավորությունը, որը կհանգեցնի Հայաստանի` Եվրոպական ինտեգրացիայից հրաժարվելուն:
Հրապարակային հարթությունում Եվրոպական ինտեգրացիայի հիմնական ջատագովը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը փորձում է սիրաշահել նաև ռուսներին, խոսում է «կամ-կամի» սկզբունքը բացառելու մասին, բայց փաստ է, որ նրա կառավարությունն է ակտիվորեն բանակցում Եվրոպական կառույցների հետ, հենց նրան են համարում ԱՄՀ և ՀԲ քաղաքականության իրականացնողը Հայաստանում:
Բայց Տիգրան Սարգսյանի քաղաքական գիծը լուրջ աջակցություն չունի նույնիսկ սեփական կուսակցությունում, և ՀՀԿ-ականների զգալի մասը` նրան համարում է օտար մարմին՝ պարտադրաբար կցված ՀՀԿ-ին: Այնտեղ ցանկացած պահի պատրաստ են հրաժեշտ տալու Տ. Սարգսյանին՝ հայտարարելով, որ ստիպված էին հանդուրժում նրա գոյությունը:
Տիգրան Սարգսյանի նկատմամբ առավել թշնամական վերաբերմունք է առկա նաև ԲՀԿ-ում: Այդ թշնամանքը գնալով խորանում է, բայց ԲՀԿ-ում այն որոշել են ժամանակավորապես քողարկել: Քողարկել ապագայի համար: ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենք անձնական թշնամանք չունեն որևէ մեկի հետ, նկատի ունենալով առաջին հերթին` վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչո՞ւ են ԲՀԿ-ում որոշել այդքան տոլերանտ գտնվել մի վարչապետի նկատմամբ, ում վերջին մեկուկես տարիներին համարում էին Հայաստանի դժբախտության հիմնական պատճառը և անհաջողությունների հեղինակը:
Սրա բացատրությունը կարող է լինել մեկը. ներիշխանական նոր վերադասավորումների արդյունքում ԲՀԿ-ն կարող է ոչ միայն դառնալ ներիշխանական կոալիցիայի անդամ, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է անձամբ ղեկավարել նոր ձևավորված կառավարությունը` ստանձնելով երկիրը փոսից հանելու առաքելությունը: Այդ դեպքի համար պետք է, որ ԲՀԿ-ականներն անձամբ չքննադատեն վարչապետին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների միջոցով պայքարում էր Տիգրան Սարգսյանի դեմ` ընդամենը հանուն նրա զբաղեցրած պաշտոնի: Բայց Գագիկ Ծառուկյանի վարչապետ դառնալը կարող է միանգամից լուծել մի քանի հարց. նախ` ԲՀԿ-ի չեզոքացումն իշխանության համար հետագա պայքարից, երկրորդը՝ նաև աշխարհաքաղաքական երկընտրանքի հանգուցալուծումը:
ԲՀԿ-ն հայտնի է իր Եվրասիական հստակ դիրքորոշմամբ, այդ կուսակցության նախագահի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ընկերական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս մտածել, որ նրանք նույն գաղափարների և կողմնորոշումների կրողն են: Եթե նոր ձևավորված կոալիցիայի կողմից վարչապետ է դառնում Գագիկ Ծառուկյանը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Այն իմաստով, որ ԵԺԿ-ից մերժված և Լուկաշենկոյի հետ ընկերություն անող Գագիկ Ծառուկյանը չի կարող Հայաստանը տանել Եվաինտեգրման, նրանից դա որևէ մեկը չի էլ ակնկալի:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության՝ կոալիցիայի մեջ ընդգրկվելու և նրա՝ վարչապետ դառնալու գործընթացի մեկնարկը տրվել է Աբովյանում եկեղեցու բացմամբ և համազգային «աննախադեպ համախմբման» ցուցադրությամբ: Հիմա ամեն ինչ շարժվում է այդ համախմբմանը միս ու արյուն տալու ուղղությամբ: