
Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 2009 թվականին գաղտնալսել են G-20-ի մասնակիցների հեռախոսազրույցները

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են 2009 թվականին Լոնդոնում անցկացված G-20-ի մասնակիցների հեռախոսազրույցները և կարդացել են նրանց էլեկտրոնային փոստերը:
Այդ մասին հաստատող փաստեր թերթին տրամադրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ում անունը ներկայումս հայտնի է դարձել համայն աշխարհում՝ կապված ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից սեփական քաղաքացիներին գաղտնալսելու մասին բարձրաձայնելու հետ:
Թերթը պնդում է, որ 2009 թվականի ապրիլին Լոնդոնում անցկացված G-20-ի գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է տվյալ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: Բրիտանական կողմից այդ ամենին մասնակցել է MI-6 արտաքին հետախուզությունը:
Գաղտնալսվել են նաև 2009 թվականի սեպտեմբերին Լոնդոնում անցկացված G-20-ի ֆինանսների նախարարների հեռախոսազրույցները: Ուշագրավ է, որ այս բացահայտումն արվել է այսօր Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկող G-8-ի գագաթաժողովի նախաշեմին: