ՀԱԿԿ-Ն հիշեցնում է թաղման թափոր
Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) հանրապետական խորհրդի նիստը, որին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, ինչպես նաև տարածքային կազմակերպությունների ղեկավարները:
Հանրապետական խորհրդի օրակարգում եղել են կազմակերպչական հարցեր. մասնավորապես՝ կուսակցությունը նոր անդամներով համալրելու, տարածքային կառույցների գործունեության հետ կապված հարցեր: Կուսակցության անդամները քննարկել են նաև կուսակցության անդամավճար սահմանելու հարցը:
Կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է, որ կուսակցական անդամավճարը լինի 400 դրամ, սակայն, ի վերջո, որոշվել է սահմանել 300 դրամ: Չնայած Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ ավելի մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող կուսակցության անդամները կարող են ավելի շատ վճարում կատարել:
Չնայած հանրապետական խորհրդի նիստի օրակարգում եղել են կազմակերպչական բնույթի հարցեր, որոնց մասին խոսել են Լևոն Զուրաբյանը և Սամվել Աբրահամյանը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ելույթ է ունեցել: Նա կրկին խոսել է ընդդիմադիր կուսակցությունների համախմբման և միասնական գործելու մասին, և այդ ենթատեքստում, հերթական անգամ, որպես ընդդիմադիր կուսակցություն է հիշատակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ): Նույնիսկ ՀԱԿԿ անդամների մոտ, ովքեր Տեր-Պետրոսյանին մինչև վերջերս համարյա աստվածացնում էին, նրա այս խոսքերը քմծիծաղի առիթ են տվել: Հանրապետական խորհրդին մասնակցած մեր զրուցակիցն ասում է, որ ՀԱԿԿ անդամները թերթ ու կայք կարդացող մարդիկ են և գիտեն, որ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: «Մենք մեզ հարց ենք տալիս` ինչպե՞ս կարող ենք ԲՀԿ-ին ընդդիմություն համարել, եթե այդ կուսակցության նախագահն իրեն ընդդիմադիր չի համարում»,- ասում է մեր զրուցակիցը:
Բայց ՀԱԿԿ անդամներին կատարյալ հուսահատության է հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ պնդում: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարել Սահմանադրության շրջանակներում, որ իշխանափոխությունը Հայաստանում պետք է իրականացվի բացառապես ընտրական գործընթացների արդյունքում:
«Ես հասկացա, որ Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում ոչ մի իշխանափոխություն էլ չի լինելու, գնացեք տուն և ձեր գլխի ճարը տեսեք: Որովհետև, եթե իշխանության փոփոխությունը միայն ընտրությունների միջոցով է լինելու, ինչո՞ւ ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Երկրորդ. Տեր-Պետրոսյանն ինքն է ասում, որ ընտրությունները կեղծվում են, և դա տեղի ունեցավ ոչ միայն 2008թ. ընտրությունների ժամանակ, այլ 2013թ.: Ի՞նչ է փոխվելու 4-5 տարի հետո, որ մենք մտածենք, որ ընտրություններով հնարավոր է լինելու իշխանություն փոխել»,- ասում է ՀԱԿԿ հանրապետական խորհրդի նիստին մասնակցած մեր զրուցակիցը: Իսկ ամենավտանգավորը նա համարում է այն, որ այս հայտարարությունից կարելի է հասկանալ, որ առաջիկա չորս տարիների ընթացքում ՀԱԿԿ-ն ոչ մի գործունեություն չի ծավալելու՝ ոչ հանրահավաք, ոչ ցույց, ոչ մի ակտիվություն. պետք է սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները:
«Երբ միջոցառումը վերջացավ, և մարդիկ դուրս էին գալիս, ինձ թվաց, թե թաղման թափոր է գնում. բոլորը գլխահակ էին ու անտրամադիր: Բոլորի համար պարզ էր, որ մենք` որպես քաղաքական ուժ, դադարում ենք գոյություն ունենալ, որովհետև, եթե հավաքվում են ու չեն խոսում առաջիկա անելիքների մասին և խոսում են միայն փող հավաքելուց և հաջորդ ընտրություններին պատրաստվելուց, մարդկանց մոտ նույնիսկ հույսն է մեռնում»,- ասում է մեր զրուցակիցը:
Իսկ ինչո՞ւ կուսակցության դժգոհ անդամները չեն ըմբոստացել, չեն պահանջել, որ կուսակցությունը հանրահավաք հրավիրի կամ այլ քաղաքական ակցիաներ կազմակերպի, պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մեր զրուցակիցն ասում է, որ ՀԱԿԿ-ում սովորույթ չկա խոսել Տեր-Պետրոսյանի դեմ, բայց հատկապես վերջին շրջանում բոլորի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Տեր-Պետրոսյանի հետ այլևս իմաստ չունի փոփոխության հույս կապել: «Եթե նա ասում է՝ գնացեք մի 4-5 տարի էլ սպասեք, դա ի՞նչ է նշանակում: Երևի այն, որ` ինձ հետ հույս չկապեք, հաջորդ ընտրություններին ես 73 տարեկան եմ լինելու»:
Ըստ մեր զրուցակցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև վերջերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին և Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի համար կանխատեսած ֆիասկոյին: Տեր-Պետրոսյանը ֆիասկո է կանխատեսել Հայաստանի համար` ասելով, որ տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է, որ ամեն տարի արտաքին պարտավորությունները սպասարկելու համար ավելի շատ ֆինանսական միջոցներ են պետք: «Նա ասում էր բաներ, որ դահլիճում նստածները շատ լավ գիտեն, բայց չեն հասկանում մի բան, եթե վիճակը գնալով վատանալու է, ինչո՞ւ մենք պետք է նստենք ու նայենք, թե ոնց է վատանում, այլ ոչ թե` ինչ-որ բան անենք երկիրը փրկելու համար»,- ասում է մեր զրուցակիցը:
ՀՀՇ-ն ՀԱԿԿ-ի վերափոխելու համագումարի ժամանակ Տեր-Պետրոսյանը 1995-2007թթ. ՀՀՇ-ն համեմատեց գյուղի ակումբի հետ, որտեղ մարդիկ հավաքվում էին, մի քիչ բամբասում ու տուն գնում՝ առանց որևէ լուրջ քաղաքական նախաձեռնություններ իրականացնելու: «Հիմա «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը գյուղի կլուբից էլ վատ վիճակում է լինելու, որովհետև այն ժամանակ դեռ մարդիկ հույս ունեին, որ Տեր-Պետրոսյանը կարող է գալ ու փրկել երկիրը, հիմա ո՞ւմ հետ հույս կապեն. չլինի՞ թե Լևոն Զուրաբյանի»: