Բաժիններ՝

Անկախ հանրապետության անկախ իշխանության պահանջ

Առաջին Հանրապետության 95-ամյակի հետքերով մի քանի մտքերով որոշեցի կիսվել։ Մեր պետությունը ստեղծվեց մեր պատմության ամենադաժան տարիներին։ Այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս դա եղավ. ձևավորվեց անկախ պետություն, երբ ժողովուրդը կոտորված էր, երբ չորս կողմից պատերազմների մեջ էր, սով, համաճարակ, փախստականներ, անթիվ և անհամար որբեր։ Այսօր մտածում ես, որ այդ վիճակում մնում էր` մի բուռ հող լցնեին գլխներին ու մնացածներն էլ մեռնեին։ Բայց մարդիկ նույնիսկ այդ պայմաններում պետություն ձևավորեցին։

Առաջին Հանրապետությունը դեռ մարդավարի չենք հասկացել, նույնիսկ պատմական փաստերից լավ տեղյակ էլ չենք։ Վերջերս ծանոթներիս միջև փոքրիկ հարցում արեցի` թե ո՞վ գիտի Մովսես Սիլիկյանի մասին։ Մարդիկ լսել են Սիլիկյան թաղամասի մասին, ու մեկ էլ ոմանց այն հիշեցնում էր Սիլիկոնյան հովտի մասին։ Իսկապես ողբերգություն է, որ շատերը չգիտեն Սարդարապատի ճակատամարտի հրամանատարին։ Մարդը կործանումից մի ազգ է փրկել, իսկ այդ ազգը նույնիսկ իր անունը չգիտի։
Մենք էլ, երբ ստեղծվում էր Երրորդ Հանրապետությունը, լավ վիճակում չէինք։ Իհարկե, դժվար է համեմատվել 1918 թվականի հետ, բայց կրկին` պատերազմ, երկրաշարժ, փախստականներ, որբեր, և այլն, և այլն։ Մութ ու ցրտի մասին չասեմ, արդեն հոգնել ենք այդ բառակապակցությունը քաղաքականացված փաթեթավորմամբ լսելուց։ Հիմա ինձ համար առնվազն տարօրինակ է լսելը, երբ ասում են` երկրում անընդհատ վիճակը վատանում է։ Իննսունականների սկզբին պարզապես վիճակ չկար, չգիտեմ` ի՞նչ էր, դժվար է նույնիսկ մեկ-երկու բառով բնութագրելը:
Չնայած այդ դժվարություններին` մենք էլ մեր հանրապետությունը ստեղծեցինք։ Իհարկե, ակնկալիքները և սպասումները անսահման մեծ էին, ստացվածը բոլորովին նման չէր մեր պատկերացրածին, ինչն առնվազն հիասթափեցնող է։
Բայց մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ ուղղություններով հաջողացրել ենք նաև տարբեր լավ բաներ ստեղծել, որոնք հանդիսանում են իսկական հանրապետությունների հիմքերը։ Լավ թե վատ, բայց ունենք բյուրոկրատական համակարգ, խորհրդարան, որտեղ կոճակներ են սեղմում, կառավարություն, որը նիստեր է անցկացնում, բանակ, որը թշնամուն, առանց կատակի, ժամանակ առ ժամանակ մի լավ բմբլում է, Ոստիկանություն, որը մերթ ընդ մերթ հանցագործների է բռնում։ Եվ այլ բազմաթիվ պետքական բաներ։
Հիմա ընդդիմադիր ոգի ունեցողները կասեն, որ դա սաղ սուտ է, իմիտացիա է, աշխատել չգիտեն, միայն կաշառք վերցնել գիտեն, ավելի լավ է` չլիներ, քան սենցը լիներ։ Իրականում այդքան էլ այդպես չէ։ Եթե ամբողջական իմիտացիա լիներ, կլինեինք մոտավորապես Սոմալիի պես։ Այնտեղ կառավարության որոշումները կայացվում են, բառիս բուն իմաստով, միայն կառավարության շենքից մի քանի «կվարտալ» այն կողմ։
Լավն է թե վատն է, բայց աշխատող պետություն ենք կարծես թե կառուցել և շարունակում ենք կառուցել։ Սոմալի չենք, հաստատ։ Նորվեգիա էլ չենք, բայց դե այնտեղ էլ ցուրտ է, ու եղանակը հեչ լավը չի։
Մեր խնդիրներից մեկը բայց կուզենայի նշել։ Մենք հանրապետություն կառուցում ենք, բայց կիսատ-պռատ հիմքերով։ «Հանրապետություն» բառը լավ է հնչում, լավ էլ Սահմանադրություն ունենք։ Մեջն էլ այ այսպես բան է գրված.
Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Մեր կառավարությունը և խորհրդարանը կարելի է քննադատել մինչև դրանց հերթական փոփոխությունը և հետո սկսել նորից։ Բայց մարդիկ իզուր չեն իշխանության երեք ճյուղ հնարել։ Դատական համակարգը միայն հավ գողացած անճարների համար չէ։ Դա պետք է թույլ չտա մյուս երկու ճյուղերն իրենց չափերից դուրս գան։ Մեզ մոտ մինչև դատական համակարգն իրականում անկախ, իշխանության մյուս ճյուղերը պատժող համակարգ չլինի, մենք անընդհատ կլինենք Սոմալիից առաջ, բայց նույն հեռավորության վրա։ Քանի դեռ դատական համակարգը կցորդի կարգավիճակում է` Վերստուգիչ պալատի զեկույցներն ընթերցվելու են` որպես թրիլլերներ, քանի որ մենք այդպես էլ չենք տեսնում, որ ինչ-որ մեկին պատժեն մեր փողերը մսխելու համար։ Ո՞նց պատժվեն, եթե պատժողն անկախ միավոր չէ։
Իհարկե, միշտ հեշտ է` որպես բոլոր հարցերի լուծում` միայն ինչ-որ կոնկրետ խնդիր ներկայացնելը։ Մոտավորապես դա այն է, երբ 1988-ին ասում էինք, որ մենք միայն կոնյակով ու մոլիբդենով կապրենք։ Բայց դե մինչև դատական համակարգը անկախ չլինի` միշտ ինչ-որ բան այն չի լինելու։
Իսկ այս օրերին հայտարարվեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը որոշել է Հանրապետության հրապարակը վերակառուցել։ Ծանր զգացմունքներով և մութ սպասումներով ավարտեցի այս հոդվածը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս