Օմբուդսմենը դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում՝ կոռուպցիան բացահայտելու համար
Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում:
Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել.
- Դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ,
- Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն,
- ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ,
- ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ:
Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի:
Պաշտպանի աշխատակազմ