«Ղժժալու աստիճանի բացատրություններ են». Բագրատյանը՝ բյուջեի կատարողականի մասին
Ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ 2012թ. տնտեսական աճ Հայաստանում գրանցվել է, իսկ բյուջեն կատարվել է: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Վերջինս հիշեցրեց, որ դեռևս 1 տարի առաջ ինքը զգուշացնում էր, որ բյուջեն պետք է ոչ միայն կատարվի, այլև` գերակատարվի: Այսքանով, ինչպես նշեց պատգամավորը՝ Հրանտ Բագրատյանի «դրական վերաբերմունքը բյուջեի հանդեպ դժբախտաբար սպառվում է»: Նրա խոսքով՝ տնտեսական աճը «նկարված է». «Նման բան լինել չէր կարող: Պատկերացրեք, որ 2012-ին 2011թ. համեմատ դուք կարտոֆիլի արտադրությունը ավելացրել եք 110-ից 130 տոննայով, գինը 100 դրամից դարձել է 105 դրամ, պոմիդորի արտադրությունն էլ նույն ընթացքում 50-ից ավելացել է 60 տոննա, գինն էլ 120-ից դարձել է 130 դրամ: Շատ հեշտ կարող եք հաշվել, որ այս դեպքում գնաճը կազմում է 106.14 տոկոս, դեֆլյատորը՝ 106.17 տոկոս: Դեֆլյատորը նույն գնաճն է: Ես ասում եմ` դրական թվերն իրար գումարելուց, բաժանելուց, բազմապատկելուց, բացասական թիվ չի կարող առաջանալ: Չկա, եղբայր, ըտենց բան չկա: Բայց ասում եք, թե դեֆլյատորն այլ կերպ եք հաշվում: Տենց բան լինել չի կարող: Խնդալու, ղժժալու աստիճանի բացատրություններ են»: