Բաժիններ՝

ԱՄՆ հետախուզությունը խոստովանել է, որ օտարազգիներին հետևում է համացանցի միջոցով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ինտերնետային ընկերությունների միջոցով տեղեկատվություն են հավաքում միայն այն օգտատերերի մասին, որոնք չեն հանդիսանում ԱՄՆ-ի քաղաքացիներ և գտնվում են այդ երկրի սահմաններից դուրս:

Կլեպերն ընդգծել է, որ այդպիսի հնարավորություն ընձեռում են ամերիկյան օրենքները: Կլեպերը նման կերպ է մեկնաբանել Washington Post և Guardian թերթերում հրապարակված այն հոդվածները, որոնցում վստահեցվում էր, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները երկրի քաղաքացիներին հետևում են համացանցի և հեռախոսի միջոցով: Կլեպերը հավելել է, որ այդ հրապարակումներում կան բազում անճշտություններ:

Երեկ Washington Post-ում հրապարակված հոդվածում վստահեցվում էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) համար մատչելի են մի շարք (Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk, AOL, Skype, YouTube, Apple) ընկերությունների սերվերներ, որով և նրանք այնտեղից ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվություն օգտատերերի մասին՝ ներառյալ մասնավոր նամակագրությունը:

Այդ հրապարակումից հետո տվյալ ընկերությունների մի մասը (Facebook, Yahoo, Google, Apple, Microsoft) հերքեց այդ տեղեկատվությունը: Washington Post-ից առաջ էլ Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, համագործակցելով Verizon հեռախոսային օպերատորի հետ, հետևում է ամերիկացիների հեռախոսային բանակցություններին: Հոդվածում վստահեցվել էր, որ այդ ընկերությունն իր հաճախորդների խոսակցությունների մասին տվյալները տրամադրում է համաձայն դատարանի գաղտնի կարգադրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս