Սիրիական ավիացիան Լիբանանի տարածքում հարվածել է սիրիացի ապստամբներին
Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հունիսի 5-ի գիշերը հարվածներ են հասցրել սիրիացի ապստամբներին: Դա տեղի է ունեցել լիբանանյան Արսալ քաղաքի մոտ: Այդ քաղաքը գտնվում է Դամասկոսի նահանգում սիրիական սահմանից 15 կիլոմետր և Հոմսի նահանգում սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա:
Նշվում է, որ Արսալի շրջան են փախել Ալ-Քուսեյրում պարտություն կրած զինյալների խմբերը: Զինյալներին ավիահարվածներ են հասցվել նաև անմիջականորեն սիրիա-լիբանանյան սահմանին:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը կտրականապես դատապարտել է Արսալի ռմբակոծումը և կոչ է արել հարգել Լիբանանի ինքնիշխանությունը: Իրականում Լիբանանի իշխանությունները գրեթե չեն վերահսկում իրավիճակը երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, ուր գտնվում են իսլամիստների ու Սիրիական ազատ բանակի բազաները:
Սիրիական բանակն Ալ-Քուսեյրը վերջնականապես ազատագրել է երեկ առավոտյան, և շրջանառվող տեղեկությունների համաձայն, այժմ պատրաստվում է Հալեպի համար ճակատամարտին: