«Երբ մեղավոր կճանաչվի, այն ժամանակ էլ մեր գնահատականը կտանք». Գալուստ Սահակյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան կողքին հնչած կրակոցներից հետո այսօր պետք է կայանար ՀՀԿ ԳՄ առաջին նիստը, որը, սակայն, տեղի չի ունենա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ շրջանառվող լուրերի` այսօր երեկոյան ԳՄ-ն քննարկելու էր Սուրեն Խաչատրյանի հարցը, բայց, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը, Հանրապետական կուսակցությունը «հետաքննող մարմին չէ, դատաքննական գործառույթներ» էլ չունի, որ ԳՄ օրակարգում պահի Սյունիքի նախկին մարզպետի հարցը: ՀՀԿ փոխնախագահը չմանրամասնեց, թե ո՞րն է պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվել է, բայց հիշեցրեց, որ ԳՄ-ն իրենք են անցկացնում ու կհրավիրեն այն ժամանակ, երբ իրենց «հարմար» է:

Այնուամենայնիվ, Գ. Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԳՄ-ն քննարկելո՞ւ է Ս. Խաչատրյանի շուրջ տեղի ունեցածը` հաշվի առնելով նախկին մարզպետի կուսակցական պատկանելությունը: Ի պատասխան՝ նա նշեց. «Որպես երկրի քաղաքական առաջատար ուժ՝ մենք ունենք մեր լիազոր մարմինները, կառույցները, որոնցով զբաղվում ենք, որոնք էլ գործունեությունը լիարժեք իրականացնում են»:  Նա ավելացրեց, որ ցիվիլ աշխարհում, երբ հարցերը դատաիրավական համակարգի քննության ենթատեքստից դուրս են գալիս, դառնում են մեղադրանք. «Անմեղության կանխավարկածը կա, երբ մեղավոր կճանաչվի, մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք, իսկ հիմա հետաքննող մարմինն է քննության ենթարկվում, ու մանրամասների դեպքում կկարողանանք գնահատական տալ»,- ասաց Գ. Սահակյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս աղմուկից հետո Սուրեն Խաչատրյանը հեռացվի նաև ՀՀԿ շարքերից,  Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես նման մեջբերումները սնանկ մտքի արդյունք եմ համարում: Կարևոր չէ, թե Հանրապետականն ինչ կկարողանա անել: Կարևորն այն է, որ նման երևույթները ճիշտ գնահատական ստանան: Այնպես չէ, որ սեթևեթանքով, խոսքերով հեռացնել, չհեռացնել, պատժել… երևույթն ավելի խորն է, քան կարող է մտածել նա, ով ասում է, թե կուսակցությունն ի՞նչ պետք է անի: Ամեն ինչ կանի կուսակցությունը, իսկ վերջինս էլ կանի այն, ինչ կպահանջի հասարակությունը»: Նա  ավելացրեց, որ երբ մեղադրանք կլինի իրավապահ մարմինների կողմից, երբ ապացույցներ կլինեն, իրենք ավելի «դաժան» վերաբերմունք կունենան` անկախ նրանից, թե ո՞վ է մեղավոր` Հանրապետակա՞նը, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս