Իլհամ Ալիևը կարող է Բրյուսելում հայտարարել Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման երթուղու մասին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի երրորդ տասնօրյակին այցելելու է Բրյուսել:
Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիա, ով ելույթ է ունեցել Բաքվում ընթացող Caspian Oil & Gas (Կասպյան նավթ և գազ) միջազգային կոնֆերանսում:

Կոբիայի խոսքերով՝ Ալևի բրյուսելյան այցը տեղի է ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հրավերով. «Կարծում եմ, որ այդ հանդիպումը մեզ առաջ կմղի Հարավային գազային միջանցքի հարցում:

Ունեցած տեղեկության համաձայն, որոշում ընդունելու գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք գազի առաջին խմբաքանակը ստանալ մինչև 2019 թվականի սկիզբը:

Առաջիկա շաբաթներին որոշում է ընդունվելու դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման վերջնական երթուղու շուրջ, իսկ հոկտեմբերին վերջնական որոշում է ընդունվելու Հարավային գազային միջանցքում ներդրումներ անելու շուրջ»:

Գործակալությունն ընդգծում է, որ ելնելով Կոբիայի այս խոսքերից՝ կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու երթուղու ընտրության վերաբերյալ «Շահ Դենիզ» կոնսորցիումի որոշման մասին կհայտարարի հենց Բրյուսելում:

Տեսանյութեր

Լրահոս