«Պատկերացնո՞ւմ եք, Գող Սքեն ինձ տարավ քյաբաբով կաշառելու»,- ասում է սահյանագետ Աստղիկ Սարգսյանը

«Պանթեոն» հիմնադրամի գումարները շորթել են

Սահյանագետ Աստղիկ Սարգսյանը դեռևս նախորդ քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք ստեղծել է «Պանթեոն» հիմնադրամը, որի շրջանակներում ոչ միայն պետք է Պանթեոնի հետ կապված նախագծեր իրականացներ, այլև՝ տպագրեր քաղաքական-գրական-հասարակական «Պանթեոն» հայ-ֆրանսիական ամսագիրը: Դրանից բացի, նախնական պայմանավորվածություն է եղել՝ հիմնադրամի գումարներով տպագրել Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, հայ մեծ գրողների հուշագրությունները, կենսագրությունները, անտիպ գործերը՝ դրանք տարածելով նաև Ֆրանսիայում: Մինչդեռ, նա հավատացնում է, որ հիմնադրամի գործունեության համար բյուջեից դուրս գրված բավականին մեծ գումարներ «շորթել» են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ գրքերի և ամսագրի տպագրության գումարները հատկացրել է Ա. Սարգսյանի տղան: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Ա. Սարգսյանի հետ:

– Ես Սահյանով տարված էի, ուսումնասիրում էի նրա ստեղծագործությունները և հաճախ գնում էի Պանթեոն, որը մինչև Անդրանիկ Մարգարյանի մահն  աղետալի վիճակում էր: Ավերված վիճակ էր, շները, գիշերային թիթեռնիկները՝ էնտեղ, տարածքն անվերահսկելի, անտեր վիճակում էր: Նամակ գրեցի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին: Ասացի՝ մենք ունենք ֆոնդեր, ունենք սփյուռքահայեր, մի խոսքով, խնդիրը բարձրացրեցի: Ինձ պատասխանեցին, թե՝ դուք եղեք «Պանթեոն» հիմնադրամի նախագահ, և փորձենք ինչ-որ բան անել: Առաջին բարեգործական ակցիան իրականացրեցինք՝ բարեգործական մի շքեղ համերգ, որին ներկա էին նաև Սիլվա Կապուտիկյանը, Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը և այլք: 30.000 դոլար գումար հավաքեցինք, որը պետք է ուղղեինք Պանթեոնի բարեկարգման աշխատանքներին: Եվ հենց այդ ժամանակ մեր բարձրաստիճան պաշտոնյաները հասկացան, որ փողոտ ֆոնդ է՝ կարելի է ուտել: Քմծիծաղ տալով աշխատանքի բաժանում արեցին, ինձ ասացին՝ դու գրքերի տպագրությամբ զբաղվիր, իսկ Պանթեոնի «պրարաբության», շինարարության գործերը մենք կանենք:

– Տիկին Սարգսյան, ասացիք, որ բարեգործական համերգի ժամանակ նվիրաբերվել է 30.000 դոլար. Իսկ ինչի՞ վրա ծախսեցիք հիմնադրամի գումարները, կամ արդյո՞ք Դուք էիք տիրապետում այդ գումարներին:

– Ես իրենց ասում եմ՝ այդ 30.000 դոլարից ինձ տվեք 2000 դոլար, որպեսզի ամսագրի տպագրությունը կազմակերպեմ, ասում են՝ չկա: Ո՛չ «Պանթեոնում» կառուցապատման աշխատանքներ կատարեցին, ո՛չ էլ գրքերի տպագրության գումար հատկացրին: Ես խայտառակ բովանդակությամբ, խիստ նամակներ գրեցի այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նամակից հետո Պանթեոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար բյուջեից հատկացրեցին 200.000 դոլար: Քաղաքապետն արդեն Երվանդ Զախարյանն էր, ով ոտքի կանգնելով՝ ինձ դիմավորեց, բայց կրկին գումարները մի գրպանից դուրս գրեցին և մտավ մյուս գրպանը: Արդյունքում՝ «Պանթեոն» հիմնադրամի բոլոր գրքերն ու ամսագրերը տպագրվեցին տղայիս ու ամուսնուս հատկացրած գումարներով:

– Այնուամենայնիվ, հիմնադրամին հատկացվող  բյուջեից տրամադրված գումարները ո՞վ կամ պետական ո՞ր կառույցն էր տնօրինում:

– Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժինը, իսկ «Պանթեոն» հիմնադրամին այդպես էլ կարգավիճակ չտվեցին՝ հասկանալով, որ փող բերող հիմնադրամ է, ու փողերը կարող են իրենք յուրացնել: Մինչդեռ ես Պանթեոնում թանգարան-ինստիտուտ ստեղծելու ծրագիր ունեի: Ես նախագծերը ներկայացնում էի, իրենք Կառավարությունից գումարները ստանում, ուտում էին: Ես բազմիցս աղաղակել եմ այդ մասին, բայց անարդյունք: Ես շատ լավ ծրագրեր ունեի, բայց ինձ օտարեցին, որ փողերն ուտեն: Պանթեոնը մեր հպարտության, արժանապատվության վայրն է, էնտեղ պետք է տուն-թանգարան կառուցվեր, որովհետև մեր «Պեր Լաշեզն» է: Ի՞նչ արեցին… Գող Սքեի ռեստորանի ճոխ «զաբոռները» ռեստորանն անջատեց, ու հիմա հայ մեծերի շիրիմի վրա տաշ-տուշ են անում: Իսկ ես ասում էի՝ քանդել ռեստորանը: Իմ դժգոհությունների, բողոքների արդյունքում՝ Գող Սքեն (որի պաշտոնական անվանումն է դա)  ինձ տարավ հաց տալու, կաշառելու, որ բերանս փակի: Պատկերացնո՞ւմ եք, ինձ քյաբաբով կաշառում են: Ունեի ձայնագրություն, որտեղ նա պատմում էր, թե այդ տարածքը որքան գումարով ումից է գնել:

– Տիկին Սարգսյան, նախորդ քաղաքապետերի օրոք դուրս գրված 30.000 և 200.000 դոլար գումարների և դրանք ոչ նպատակային ծախսելու մասին ինչո՞ւ եք միայն հիմա ասում: Ի վերջո, կարող էիք պահանջատեր լինել, դիմել նախաքննական մարմիններին:

– Ե. Զախարյանն իմ նամակներին ի պատասխան՝ գրել էր՝ միջոցներ են ձեռնարկվում ձեր գումարները հետ վերադարձնելու ուղղությամբ, և… դեռ ձեռնարկում են: Միշտ եմ խոսել այդ մասին, այլ հարց է, որ չեն արձագանքել: Փաթեթներով նամակներ եմ ուղարկել տարբեր կառույցների: «Պանթեոն» հիմնադրամն այսօր էլ կա. ֆինանսն իրենցն է, իսկ ինձ թույլ են տալիս գրքերը տղայիս անձնական գումարներով տպագրել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է միայն մեկ միլիոն դրամ հատկացրել՝ Պանթեոնի մասին ֆիլմ նկարահանելու համար, որը տարածեցինք սփյուռքով:  Նամակ եմ գրում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տեղեկացնելով, որ այն, ինչ ես անում եմ, քո ֆունկցիան է: Բոլորին ասում է՝ «Արի տուն», իսկ ի՞նչ է ցույց տալիս արժանապատվության համար: Գրեց՝ Պանթեոնով զբաղվելը մեր ֆունկցիայի մեջ չի մտնում: Կներեք, իսկ ի՞նչն է իրենց ֆունկցիայի մեջ մտնում, կոմսոմոլի կոչե՞րը… Մեջտեղում լինելու համար պետք է գորշ արարած լինես ու Հ. Հակոբյանի նման կոմսոմոլի պաստառներով խոսես: «Արի տուն»… մայլից գնդակ խաղացող երեխա՞ ես կանչում, իսկ ինչո՞վ ես երկիրդ ներկայացնում: Պանթեոնի հարցը նաև Մշակույթի նախարարին էր վերաբերում: Գորշ կլինես՝ «պեշկի» նման կտանեն կնշանակեն, իսկ եթե համարձակ, պահանջատեր լինես՝ չէ: Հասմիկ Պողոսյանին էնքան նամակ եմ գրել, բայց չի արձագանքել: Նա մի անգամ ինձ տեսավ «Վալենսիա» ռեստորանում կազմակերպված մի երեկոյի ընթացքում Ս. Սարգսյանի հետ զրուցելիս: Հաջորդ առավոտ՝ զանգ… Աթոռապաշտություն է, չէ՞…

Ամեն դեպքում, Անդրանիկ Մարգարյանին այնտեղ հուղարկավորելուց հետո տղան՝ Տարոն Մարգարյանը, Պանթեոնում ջրագիծ կառուցեց, բարեկարգեց: Ես շարունակում եմ հիմնադրամի ծրագրերն իրականացնել իմ միջոցներով: Հիմա փորձելու եմ Հ. Սահյանի 100-ամյակին ընդառաջ՝ ինչ-որ բան անել, ու հույս չունեմ, թե իրենք կարձագանքեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930