«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատատեղ ստեղծող չէ». Արտեմ Ասատրյան
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատատեղ ստեղծող չէ, նախարարության խնդիրն աշխատաշուկայում անմրցունակ մարդկանց հետ կապած համապատասխան ծրագրեր իրականացնելն է՝ գործատուների հետ և այլն, որպեսզի լուծվեն անմրցունակ մարդկանց աշխատանքի խնդիրները»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նախարարի՝ կա լուրջ խնդիր՝ չեն կարող գործազուրկներին միայն գումարներ բաժանելով զբաղվել: Ասատրյանը նշեց, որ նոր ռազմավարությամբ սահմանվել են առաջնահերթությունները, և նախարարության հիմնական նպատակը զբաղվածությանը աջակցելն է, քան ուղղակի նպաստներ բաժանելը:
Ա.Ասատրյանը հայտնեց, որ այժմ միայն նոր տեղեկատվական շտեմարանն է թույլ տալիս վճարել կենսաթոշակ: Անցած տարի ճշգրտումների արդյունքում մոտ 7000-ով պակասել է կենաթոշակառուների թիվը: Նախարարը նշեց, որ առաջիկա տարիներին կենսաթոշակառուների թիվը կավելանա, քանի որ կենսաթոշակային տարիք են մտնում Հայրենական պատերազմից հետո բումի ժամանակաշրջանում ծնվածները: