Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների փոխնախարարին. «Ի՞նչ է լինում տնտեսական աճը, եթե ինչքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում»

2012 թ-ին ունենալով 7.2% տնտեսական աճ, 5.1% միջին աշխատավարձի աճ, 6% գնաճ, համախառն ներդրումները նվազել են, իսկ այս տարի չորս ամսում մակրոտնտեսական միտումները ավելի են վատացել և 1.5%-ով ավելի վատ ենք ապրում, թեև աճը 7%-ից ավելի է: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հնչեցնելով այս ցուցանիշները՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցադրում արեց՝ ի՞նչ է լինում տնտեսական աճը, եթե ինչքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում:
«Դուք բյուջեն, ստիպված եմ ասել,  դժբախտաբար, կատարում եք»,- նկատեց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ անցած տարի մինուս 47 հազ. բնակչություն ենք ունեցել (նկատի ունի արտագաղթը – Գ.Խ.), այս տարի էլ միտումները պահպանվում են և «ուտող բերանը պակասում է», նույնիսկ պաշտոնական թվերը հիասթափեցնող են:

ՀՀ ֆինանսների նախարար-գլխավոր գանձպետ Ատոմ Ջանջուղազյանը կարկամեց. «Վստահ չեմ, որ նույնչափ արագ եմ և ըմբռնեցի Ձեր ասածը»: Նա ձեռնպահ մնաց կյանքի որակին գնահատական տալուց՝ նշելով, որ մոտեցումների տարբերություն է: Ջանջուղազյանը նաև չհամաձայնեց ձևակերպման հետ ու հայտարարեց, թե նպատակահարմար չի գտնում այդ դաշտում քննարկել:

Հ.Բագրատյանը հակադարձեց, թե քննարկման նպատակահարմարությունն ինքն է որոշում՝ որպես պատգամավոր, իսկ թե ինչո՞ւ ենք ավելի վատ ապրում տնտեսական աճի պայմաններում,այդ հարցը բաց մնաց: Բագրատյանը փոխնախարարից բյուջեի կատարողականի ֆակտորիալ վերլուծություն պահանջեց. «Այլապես չի հասկացվում՝ ինչպե՞ս եք գերակատարում, որ ավելի վատ ենք ապրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս