120 հայազգի օդաչուներից Հայաստանում մնացել են 40-45-ը

Օդաչու Արմեն Պապիկյանը 7 ամիս աշխատել է «Արմավիա» ընկերությունում:  Ինչպես ընկերության մյուս աշխատակիցները՝ նա ևս ամբողջությամբ չի ստացել իր աշխատավարձը: 168.am-ի հետ զրույցում Ա.Պապիկյանը պատմել է, թե որքան գումար է ընկերությունն իրեն պարտք, և ինչն է, ըստ իրեն, նման իրավիճակի պատճառ դարձել:

– Որքա՞ն գումար  է Ձեզ պարտք «Արմավիա» ընկերությունը:

– Ինձ աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 4 մլն 900 հազարի չափ գումար, որը մի քանի ամիսների կուտակված աշխատավարձն է: Դժվար է պատասխանել հարցին, թե ինչո՞ւ չեն տվել: Ավիաընկերությունում ասում են՝ մեզ մոտ ֆինանսական բարդ դրություն է, կապում են օդանավակայանի սակագների հետ, որոնք սահմանվել էին ծառայությունների համար: Իրականում ես ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց, միևնույն է, դա ղեկավարությանը չի ազատում աշխատակիցներին վճարելու պատասխանատվությունից և պարտավորությունից: Մանավանդ, երբ այդ աշխատանքն իրականացվում է բարդ պայմաններում: Ստեղծվել էր մի վիճակ, երբ աշխատողները աշխատավարձ չէին ստանում, ստիպված էին լինում որևէ այլ տեղից գումար վերցնել՝ հույս ունենալով, որ իրեն պետք է վճարեն, ինքն էլ տանի, ետ տա: Ու օդաչուներն օդում իրենց մտավոր ռեսուրսի ինչ-որ տոկոսով տրվում էին այդ հարցերի քննարկմանն այն դեպքում, երբ սա շատ պատասխանատու աշխատանք է: Դու պետք է քո ամբողջ էությամբ, մտավոր, ֆիզիկական պոտենցիալով աշխատես խցիկում, կատարես քո պարտականությունները: Ամբողջ աշխարհում գործում է հետևյալ սկզբունքը՝ օդաչուներին պետք է ազատել գետնի վրայի հոգսերից: Բացի այդ՝ օդաչուները տարբեր ազդեցությունների են ենթարկվում՝ բարձր ռադիացիա, թթվածնի քաղց, նյարդային աշխատանք, ռիսկի գործոններ: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում օդաչուների աշխատավարձերը բարձր են: Մյուս աշխատողների համեմատ՝ մեզ մոտ էլ է բարձր:

Պետք է ասեմ, որ առհասարակ մեր օդաչուների մակարդակը բարձր է: Դա բխել է մեր հայկական ռելիեֆից: Մեր փորձառու օդաչուներից շատերը Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում գործում էին 10-ից ավելի օդանավակայաններ, մշտական թռիչքներ էին իրականացնում՝ Գորիս, Ղափան, Սիսիան, Ջերմուկ, Ստեփանավան: Արտասահմանցի ամենալավ օդաչուները նույնիսկ այդ օդանավակայանները տեսելուց հետո երևի թե այնտեղից թռիչքներ չեն կատարի, չեն էլ համաձայնի, որ ուղևորներ նստեն: Ցավոք սրտի, ստեղծված պայմաններում, այդ փորձառու մասնագետները, փոխանակ իրենց փորձը փոխանցեն մեզ, գնում են արտասահման, լքում են երկիրը, գնում են, սկսում աշխատել այլ երկրների օդանավակայաններում: Անգամ Լաոս գնացած մարդ կա (ի դեպ, ասեմ, որ հիմա այնտեղ գտնվող օդաչուն Ղարաբաղյան պատերազմի ընթացքում թռիչքներ է իրականացրել): Իսկ եթե այդ մարդիկ գնում են, նոր սերնդին ո՞վ պիտի  փորձ փոխանցի, սովորեցնի: Օդաչու պատրաստելը շատ դժվար է: Հաճախ ասում են՝ արտասահմանից կբերենք՝ կաշխատեն: Սակայն դա ճիշտ չէ առաջին հերթին՝ ազգային անվտանգության նկատառումներից, իսկ մեր տարածաշրջանն ընդհանուր առմամբ լարված է: Ռազմական գործողությունների դեպքում այլ երկրներից եկած օդաչուներն ուղղակի թռիչքներ չեն իրականացնի: Մեր ինժեներատեխնիկական անձնակազմի, բորտ-ուղեկցողների մակարդակն էլ է բարձր: Վերջերս Սիբիրի թռիչքի ժամանակ նրանք նույնիսկ ծնունդ էին ընդունել: Օդում տարբեր մարդիկ են հանդիպում, որոնց հանգստացնելու համար որոշ ունակություններ են հարկավոր:

Կարդացեք նաև

– Ձեր խոսքում ասացիք, որ ընկերության օդաչուների մի մասը լքել է Հայաստանը: Տեղեկություններ ունե՞ք, թե քանի մարդ է արտագաղթել Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնացել:

– Որքանով տեղյակ եմ՝ «Արմավիայում» մոտ 100-120 օդաչու էր աշխատում: Հետո կամաց-կամաց սկսեցին գնալ. վիճակը վատացավ: Գնացին Ռուսաստան, Չինաստան, Էմիրաթներ, Հնդկաստան, Լաոս, Ղազախստան: Այս պահի դրությամբ՝ մոտ 40-45 մարդ կա Հայաստանում: Բայց միայն օդաչուները չեն, ինժեներատեխնիկական անձնակազմն էլ է գնում: Երբ օդաչուների առաջին արտագաղթը եղավ, արդեն պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկվեին, հասկանային՝ խնդիրը որտեղից է գալիս:  Չպետք է թողեին հասներ այն աստիճանի, որ օդաչուները գնային այստեղից այնտեղ, որ հասկանային, թե երբ են իրենց գումար տալու: Դա ազդում էր օդաչուների վրա, իսկ օդաչուների վիճակն անմիջականորեն ազդում է թռիչքային անվտանգության վրա. օդում օդաչուի փոքր սխալն անդարձելի հետևանքներ է առաջացնում: Տնտեսագետի սխալը հանգեցնում է նման երևույթների (ընկերության սնանկացում, ֆինանսական դժվարություններ), բայց դա դարձելի է, իրավաբանը սխալվի՝ ինչ-որ մեկին կարող են դատել, բայց դա դարձելի է, իսկ երբ օդաչուն է սխալ գործում, սխալ որոշում ընդունում, դա հանգեցնում է մարդկային կյանքերի կորստի: Իրականում պետք է ստեղծվի այն վիճակը, որ օդաչուն լինի անհոգ:

– «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ հունիսի 7-ին աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձերը: Ի՞նչ եք կարծում՝ ընկերությունը հայտարարված ժամանակահատվածում կկարողանա՞ վճարել աշխատավարձերը:

– Ես հավատում եմ, որ մենք ամբողջ գումարը ստանալու ենք: Արդարացի չի լինի, որ ընդհանրապես չտան: Իրենք չեն հրաժարվում, ասում են՝ մենք ձեր աշխատավարձը կտանք, բայց թե ինչ ժամանակահատվածում, դժվարանում են ասել: Այդ հայտարարությանը ես ծանոթացել եմ լրատվամիջոցներով, կստացվի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Հույս ունենանք, որ կստացվի: Ես նաև հույս ունեմ, որ կառավարությունը ևս կմիջամտի, կաջակցի, որպեսզի մենք ստանանք մեր աշխատավարձերը: Համակարգը նորմալ չէր աշխատում:

– Ի՞նչ առումով:

– Այն առումով, որ մրցակցությունը նորմալ չէր կազմակերպված: Դա իր մեծ դերը կատարեց, որովհետև պետք է լինի հստակ հասկացություն, թե ինչ է նշանակում՝ բազային օդանավակայան և Հայաստանից աշխատող ավիաընկերություն: Մնացել էր միայն «Արմավիան»,  իրեն արտոնություններ պետք է տային: Օդանավակայանն ասում էր՝ մենք տվել ենք, զեղչեր կան, բայց այդ զեղչերն արդարացված զեղչեր չէին, որովհետև եթե, օրինակ՝ մենք կատարում ենք Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան չվերթը, մենք Երևանում ավելի շատ ենք կայանում, ու, եթե անգամ մեզ ինչ-որ չափով զեղչեր են անում, դա չի երևում, այսինքն՝ մեկ չվերթի արտադրության ժամանակ ավելի շատ գումար էինք տալիս «Զվարթնոց» օդանավակայանին, կամ հավասար, քան «Աերոֆլոտը»: Իրենց տնտեսական պայմանագրերը ճիշտ չէին արված: Ինչ-որ միջամտում էր անհրաժեշտ: Օրինակ՝ կա նման բան: Մեքենա է գալիս ինքնաթիռի դիմացով, ու նրան կայանատեղիից ճանապարհում մինչև թռիչքա-վայրէջքաուղի: Մի քանի անգամ գնալուց հետո այդ ճանապարհին լավատեղյակ ես դառնում: Ինչո՞ւ են մեզ ամեն անգամ մատուցում այդ ծառայությունը: Մենք դրա կարիքը չունենք: Ամբողջ աշխարհում այդ ծառայությունը մատուցվում է միայն հրամանատարի պահանջով և վատ տեսանելիության պայմաններում: Մեզ դա պարտադրում էին բոլոր դեպքերում: Օդանավակայան-ավիաընկերություն հարաբերությունները նորմալ չէին: Եթե լիներ նորմալ օրենք, նրանք աշխատեին օրենքի սահմաններում, նման խնդիրներ չէին լինի: Իմ կարծիքով՝ նորմալ օրենք չկար: Ես առհասարակ կարևորում եմ պետական վերահսկողությունը: Քանի որ դա Հայաստանի համար համարվում է ստրատեգիական նշանակություն ունեցող բնագավառ, ուրեմն պետությունը պետք է ունենա բոլոր լծակները, որ այն պահին, երբ տեսնում է՝ ավիաընկերության  ներսում ընդունված որոշումը կարող է հանգեցնել այդ  ընկերության ուղևորների կորստի, միանգամից միջամտի և դա կարողանա շտկել: Մի բան էլ եմ ուզում նշել: Երբ ես դպրոցն ավարտելուց հետո գնացել էի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիա՝ սովորելու, շատ հետաքրքիր էր, որ այնտեղ կային ավիացիոն տնտեսագիտության, ավիացիոն մենեջմենթի և նման այլ բաժիններ, որտեղ պատրաստում էին համապատասխան մասնագետներ: Մենք նման մասնագետներ չունենք: Օրինակ՝ պետական տնտեսագիտական համալսարանն ավարտած ուսանողը չի կարող գալ և աշխատել ավիացիայում նույնքան էֆեկտիվ, որքան կաշխատի համապատասխան մասնագիտություն ձեռք բերած ավիացիոն տնտեսագետը: Դա գործում է ամբողջ աշխարհում, իսկ մենք դա չունենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս