Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ
Քսաներորդ դարի վերջում մեծագույն վերելք ապրեց ծագումնաբանությունը։ Գիտնականները կարողացան հայտնաբերել մատերիայի ժառանգականության գաղտնագիրը։
Դա մոլեկուլ է, որը բաղկացած է տասնյակ հազարավոր գեներից։ Ապացուցված է, որ յուրաքանչյուր գեն պատասխանատու է ինչ-որ մի որոշակի սպիտակուցի արտադրության համար, իսկ գեների համատեղ աշխատանքի շնորհիվ լույս աշխարհ է գալիս ինչ-որ կենդանի օրգանիզմ` ջրում, հողում, օդում կամ այլ տարերքում ապրող։
Գեներն ամուր կապված են միմյանց հետ, ինչի շնորհիվ ապահովվում է այս կամ այն կենդանի օրգանիզմի ժառանգական առանձնահատկությունը։ Նույնիսկ մեկ գենի «Թռիչքային» տեղափոխությունը կարող է առաջացնել օրգանիզմում նոր, բացարձակապես անկանխատեսելի հատկություն, որի հետևանքով կարող է առաջանալ անբուժելի հիվանդություն։
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները պայմանականորեն բաժանվում են երեք խմբերի` բակտերիաներ, բույսեր, կենդանիներ։
Դրանք ստացվել և հավանաբար շարունակում են ստացվել «գենետիկական ճարտարագիտության» մեթոդներով։ Պատկերավոր ասած` նույն բույսից ստացված երկու ցորենի հատիկներից կարողանում են աճեցնել երկու բացարձակապես տարբեր բույսեր, օրինակ` տարեկանի հասկ և բարդի։
Արժե հիշել, որ գենետիկան, ինչպես նաև` կիբեռնետիկան, անցյալ դարի 30-ականներին հայտարարվում էին «կեղծ» գիտություններ։
Ծագումնաբանները, բնականաբար, ձևակերպեցին հետևյալ խնդիրը. «Ի՞նչ կստացվի, եթե մեկ կենդանի օրգանիզմից «հեռացվի» մեկ որոշակի գեն և «ներդրվի» այլ էակի ծագումնաբանական գաղտնագրի շղթայի (գծի) մեջ»։ Խնդրի լուծման համար բացարձակապես կարևոր չեն «տեղափոխության», կամ, ինչպես արդեն պարզվել է, էվոլյուցիոն «հեղափոխության» հասցեատերերը։ «Գենային» մանիպուլյացիաները հետապնդում են մեկ, պարզագույն նպատակ` ստանալ նոր կանխորոշված հատկություններ ունեցող բակտերիաներ, բույսեր, կենդանիներ։ Հասկանալի է, որ նման տեխնոլոգիան որևիցե ընդհանրություն չունի խաչաձևման հետ` գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները չեն կարող դիտվել` որպես նոր տեսակի բույսեր կամ կենդանիներ։
Այսպես գոյություն ունեն գյուղատնտեսական ֆերմաներ, որտեղ բուծվող այծերի ծագումնաբանական գաղտնագրի մեջ ներկառուցված է մարդկային մայրական կաթում պարունակվող սպիտակուցի արտադրության համար պատասխանատու գենը։
Նախատեսվում է խառնել այս սպիտակուցը մանկական կերի մեջ, քանի որ վերջինը չի պարունակում նորածին մանկիկի դիմադրողականությունը ամրացնող սպիտակուցներ։
Մեր օրերին հայտնի են «նոր ծագումնաբանական գիծ» ունեցող կարտոֆիլ, որը չի ուտում հայտնի վնասակար կոլորադյան բզեզը, և «սոյայի «գիծ», որը կայուն է կործանիչ հերբիցիդների (ռաունդապ) հանդեպ։ Հայտնի է, որ հերբիցիդները կիրառվում մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով, սակայն զուգահեռաբար նվազում է նաև մշակաբույսերի բերքատվությունը։
Գենետիկորեն մոդիֆիկացված կարտոֆիլի մշակման հակառակորդները կարծում են. «Եթե կոլորադյան բզեզը նման կարտոֆիլն ուտելուց հետո սատկում է, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ մարդն այն ուտելուց հետո չի հիվանդանա։ Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի փոշիացնել այդ մթերքը և օգտագործել նաև այլ միջատների դեմ, կամ ի՞նչ երաշխիքներ կան, որ մի քանի տարի անց չի հայտնվի այլ բզեզ, որի համար մոդիֆիկացված կարտոֆիլը գերազանց ուտեստ կլինի, և կամ ինքը` կոլորադյան բզեզը, կայունություն ձեռք կբերի մոդիֆիկացված կարտոֆիլի հանդեպ։ Չէ՞ որ հայտնի է, որ բնության մեջ գոյացել են հակաբիոտիկ դեղերի հանդեպ բարձր դիմադրողականություն ունեցող բակտերիաներ»։
Զարմանալի փոփոխություններ են կատարվել սոյայի և ռապսի միջազգային շուկաներում։ Մոդիֆիկացված բույսերի մշակումից հետո գրեթե վերացել են բնական տեսակները։
Ըստ ռուսական «կՐպՊցտՐպՋՊպվՌպ» ամսագրի (2011, թիվ 3)` աշխարհում արտադրվող սոյայի մոտ 95 տոկոսը գենետիկորեն մոդիֆիկացված է, սակայն նման սոյա պարունակող սննդամթերքի վրա բացակայում են նախազգուշացնող գրառումները։
Հոդվածի հեղինակ Օլգա Տիխոմիրովան գրում է. «Այսօր ռուսաստանցի սպառողի սեղանի վրա քողարկված ձևով «ներկա» են մոտ 16 «գիծ» մոդիֆիկացված մշակաբույսեր` 6-ը` եգիպտացորենի, 3-ը` սոյայի, 3-ը` կարտոֆիլի, 2-ական` բրնձի և շաքարային ճակնդեղի։ Տրամաբանությունը հուշում է տալ հետևյալ հարցը. «Եթե այդ մթերքի անվտանգությունը կասկած չի հարուցում, ապա ինչո՞ւ է բացակայում համապատասխան գրառումն առկայության մասին, այնինչ գովազդվում է, որ այն «չի պարունակում խոլեստերին», «հարստացված է C վիտամինով», «պարունակում է թեփ» և այլն»։ Հետևաբար` այս կամ այն սննդամթերք արտադրող ձեռնարկության մասնագետները տեղեկացված են, որ մոդիֆիկացված օրգանիզմների անվտանգությունն այդքան էլ երաշխավորված չէ»։
Գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչ են պարունակում չիպսերը, եգիպտացորենի փաթիլները, լոլիկի մածուկը և այլն։ Կարևոր է իմանալ, որ մանկական արհեստական կերի մեջ կաթնային սպիտակուցի փոխարեն օգտագործվում է սոյայի սպիտակուցը։
Օ. Տիխոմիրովան շեշտադրում է կատարում այն հանգամանքի վրա, որ հերբիցիդ ռաունդապի հանդեպ կայուն սոյան (մոդիֆիկացված) լայնորեն կիրառվում է Ռուսաստանում արտադրվող երշիկեղենի և պաշտետների մեջ։ Նման արտադրանքի վրա առկա է «ռուսական սպիտակուց» կամ «սոյայի սպիտակուց» գրառումը։
Ինչ կատարվեց փորձարկման ենթարկված գետնամկների հետ
Ջունգարական գերմանամկները (խոմյակ) աչքի են ընկնում իրենց մաքրասիրությամբ և հանգիստ բնավորությամբ, դրանց հեշտ է բուծել տնային պայմաններում։
ՌԴ-ում գործող Ոչ պետական և ոչ առևտրային գենետիկ անվտանգության հարցերով հետաքրքրված համառուսական ասոցիացիան որոշել է պարզել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ գենետիկորեն մոդիֆիկացված կերը գերմանամկների վրա։ Հետազոտությունը կատարվել է 2008թ. Ն.Ա. Սևերցովին անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտում։ Փորձարկումների համար օգտագործվել է Գերմանիայից և Հոլանդիայից ներմուծվող կենդանական կերը, որը ստացվում է սոյայի վերամշակման արդյունքում և կիրառվում է Կրասնոդարի անասնաբուծական տնտեսություններում։
Հետաքրքրական է այն փաստը, որ ներմուծողի և գնորդի միջև կնքված պայմանագրում առկա է եղել կետ, ըստ որի` արգելվում էր փոխանցել գնված սերմը և կերը երրորդ կողմին` հետազոտություններ կատարելու նպատակով։
Փորձարկման ենթարկված կենդանիները բաժանվել են 4 խմբի.
- առաջին խմբին կերակրել են սովորական հատիկային կերով,
- երկրորդին` բնական սոյայով,
- երրորդ-չորրորդ խմբերում ընդգրկված կենդանիներին կերակրել են գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերով (սոյայի աղացած քուսպով` շրոտով)։ Նույնկերպ կերակրվել են նորածին գերմանամկները։
Երրորդ և չորրորդ խմբերում ստացվել են հետևյալ արդյունքները.
- կենդանիների առաջին սերնդում ավելի շատ են եղել էգերը,
- դրանք համեմատաբար ավելի նվազ են եղել, քան ծնողները,
- կտրուկ անկում է ապրել ծննդաբերության ցուցանիշը,
- կենդանիների երրորդ սերունդն այլևս ընդունակ չի եղել գոյատևել։
Հետևություն։ Գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերի կիրառումը հանգեցրել է նրան, որ գերմանամկները կորցրել են բազմանալու ունակությունը։ Չնայած փորձի պայմանները չափազանց խիստ և միակողմանի են, այնուամենայնիվ, այս ամենն արժե ի գիտություն ընդունել։
Առնետների վրա կատարված փորձերը տվել են հետևյալ արդյունքները. Ձագերի կեսը սատկել են, էգերի մեծ մասը կորցրել է մայրական բնազդը։
Սննդաբանները խորհուրդ են տալիս զգուշանալ սոյա, եգիպտացորեն, ռապս, կարտոֆիլ պարունակող արտասահմանյան կիսաֆաբրիկատ կամ պատրաստի սննդամթերքից։ Գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչ կարող է պարունակվել սոյայի լեցիտինի (E 322) և ռիբոֆլավինի (E 101 և E101 A) մեջ։
Խաչաձևման գաղտնիքները` կիտրոնավարունգ
Վարունգի սելեկցիոն աշխատանքում մեծ ներդրում ունեն անգլիացիները։ Հայտնի գյուտարար Ջորջ Սթիվենսոնը (1829թ. ստեղծել է շոգեքարշի առաջին արտադրական նմուշը) հատուկ ապակյա գլանակների միջոցով կարողացավ շտկել հատապտղի տեսքը, որից հետո վարունգը մեծ տարածում ստացավ։ Ժողովուրդն անվանեց այն «Խնձոր ճենապակուց»։ Եթե հիշենք անգլիական հայտնի ասացվածքն այն մասին, որ օրվա ընթացքում կերած մեկ խնձորը վանում է հիվանդությունները, ապա պարզ կդառնա, որ վարունգի բուժիչ հատկությունները նույնպես բարձր են գնահատվել։
Բուսաբուծության բնագավառում սենսացիա առաջացրեց անգլիացի սելեկցիոներների` խաչաձևման եղանակով աճեցրած վարունգի նոր տեսակը, որն իր անսովոր տեսքի, գույնի և բուրմունքի շնորհիվ` ստացել է «Cristal apple» անվանումը։ Հատապտուղը ճենապակյա է անվանվել, քանի որ պտղամասում պարունակվող կենարար, բուրավետ հեղուկը բյուրեղյա մաքուր է։ Իր ծագումնաբանական հատկությունների շնորհիվ վարունգը նույնիսկ չոր կլիմայական գոտիներում մթերում է մթնոլորտի խոնավությունը` «կենդանի ջուրը», որը շատ բարձր է գնահատվում, քանի որ բուժում է շատ հիվանդություններ։ Վարունգի նման տեսակը բուծվել էր Նոր աշխարհում, և հենց այդ տեսակից է ստացվել «ճենապակյա խնձորը»։
«Ճենապակյա խնձորի» հատապտուղը ձևով նման է կիտրոնի։ Աճի և հասունացման ընթացքում պտուղը մի քանի անգամ փոխում է իր գույնը. սկզբում այն զմրուխտյա կանաչ է, կլորավուն, բարակ կեղևով և նուրբ բուրմունքով, թույլ խավապատ` ինչպես դեղձը, և պարունակում է հյութալի համեղ պտղամիս։ Ավելի ուշ պտղի երանգավորումը փոխվում է սպիտակի, այն դառնում է ավելի բուրավետ և համեղ։
Հասունացման շրջանի ավարտին մոտ հատապտուղը դառնում է վառ դեղին, այն դժվար է տարբերել կիտրոնից։ Վարունգի այս տեսակը միակն է, որի հասունացած հատապտուղներն ուտելի են։
«Ճենապակյա խնձորը» մինչև 5 մ բարձրությամբ թուփ է, որի պատճառով այն հաճախ վարունգածառ են անվանում։ Տեսակի բերքատվությունը բարձր է` 15-20 կգ բերք` մեկ թփից։ Պտուղները կարելի է հավաքել ամառվա կեսերից մինչև խոր աշուն։ Հասունացման բոլոր փուլերում պտուղները քաղցր են, ունեն ոչ միայն անսովոր արտաքին տեսք, այլ նաև անկրկնելի համ և նուրբ` հասունացման հետ ուժեղացող բուրմունք։
Պտուղը պարունակում է օրգանական թթուներ, եթերային յուղեր, վիտամիններ, հանքային աղեր։
Կիտրոնավարունգն ունի միզամուղ և լեղամուղ հատկություն, կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը, մաքրում է լյարդը և երիկամները, նպաստում երիկամային քարերի տարրալուծմանը։
Անգլիացի բժիշկները կարծում են, որ պտուղներն ունեն ազդեցիկ հակասկլերոտիկ հատկություն, խորհուրդ է տրվում տարեցներին, նաև` ծանր հիվանդություններից ապաքինվող անձանց։
Կիտրոնավարունգի կալորիականությունը շատ ցածր է, ինչի շնորհիվ այն ընդգրկվում է գեր մարդկանց սննդակարգի մեջ։ Պտղահյութը մաքրում է արյունը, ունի երիտասարդացնող հատկություն, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, լավացնում է հիշողությունը։
Պտուղներն ուտում են թարմ վիճակում, պատրաստում են թթու, մուրաբա և այլն։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: