Բաժիններ՝

Ինչպե՞ս կազդի եվրոպական նոր ճգնաժամը հայ «օլիգարխների գրպանի» վրա

Կիպրոսի ճգնաժամից հետո Եվրոպայի ֆինանսական շուկայում անկայունությունը շարունակվում է, և համակարգում կուտակված զգալի խնդիրները Եվրոպայի տնտեսությանը սպառնում են տասնամյա ստագֆլացիայով (տնտեսական անկում, որն ուղեկցվում է գնաճով): Թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչները, թե՛ անկախ փորձագետները միակարծիք գտնում են, որ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրոպայի կենտրոնական բանկի վերջին 2-3 տարվա ջանքերը՝ բանկերին լիկվիդայնություն մատակարարելու ուղղությամբ, իրականում շատ քիչ արդյունք են ապահովել տնտեսության վարկավորման առումով:

 

Օրերս Եվրոպայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցվել են և սպասվում է, որ 2013 թ-ը կրկին անկումային է լինելու: Ըստ Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) համահայկական հետազոտական կենտրոնի ներկայացուցչի՝ Եվրոպայում վերջերս ՀՆԱ-ի աճի կանխատեսումների նվազեցման պատճառն այն է, որ չնայած Եվրոպական կենտրոնական բանկի ջանքերին, ստեղծվել է բավականին ծանր վիճակ ձեռնարկությունների վարկավորման բնագավառում։ Առևտրային բանկերի կապը ձեռնարկությունների հետ կտրվել է՝ բերելով նրան, որ գործարարները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակելու համար ադեկվատ չափերի վարկեր վերցնել: Եթե այդ կապը հնարավոր չլինի 6-12 ամսում վերականգնել, ապա եվրոպական տնտեսությունը շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու, այդ թվում նաև բանկային համակարգը: Բանկերը նոր վարկեր չեն տա և խնդիր կունենան արդեն տրված վարկերը վերադարձնելու տեսանկյունից, քանի որ ձեռնարկությունը, չկարողանալով գործունեություն ծավալել, չի կարողանա մարել վակը: Կստացվի փակ շղթա:

 

Կարդացեք նաև

Որոշ գնահատականներով՝ ճգնաժամի խորացման պայմաններում եվրոպական բանկերը մեկ տարվա ընթացքում կկորցնեն 8-15 մլրդ եվրո, ինչը կազմում է ամբողջ բանկային համակարգի շահույթի շուրջ 11%-ը:

 

Եվրոպական խնդիրները շատ արագ կհասնեն Հայաստան, քանի որ տեղական բանկերը վերջին տարիներին հիմնականում ֆինանսավորվել են Եվրոպայից: PFA-ի ներկայացուցչը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ճգնաժամի սրվելու դեպքում չի բացառվում որ եվրոպական բանկերը ստիպված լինեն իրենց հայկական գործընկերներին տված վարկերը հետ կանչել` այդպիսով հայաստանյան բանկերի համար լուրջ խնդիրներ առաջացնելով:

Սա գործի զուտ ֆինանսական կողմն է, բայց կա նաև տնտեսականը. ՀՀ-ի արտահանման մոտ 40%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին և, եթե Եվրոպայում տնտեսության անկում լինի, բնականաբար, կնվազի նաև պահանջարկը ՀՀ-ից արտահանվող ապրանքատեսականու նկատմամբ: Բացի դա, հայկական այն ձեռնարկությունները, որոնք վարկ են վերցրել՝ իրենց արտադրանքը Եվրոպա արտահանելու համար, խնդիրներ կունենան վարկը մարելու հետ կապված: Թե այս ամենն ինչ խորությամբ տեղի կունենա՝ ցույց կտա ժամանակը:

 

Եվրոպայում փորձում են խնդրին լուծում գտնել, միջազգային կառույցները նույնպես աջակցում են, բայց Հայաստանը գրեթե անհուսալի վիճակում է: PFA-ի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ նախարարական կաբինետն ունակություն չունի խնդիր լուծելու, իսկ Կենտրոնական բանկը ոչ մի նոր գաղափար չի հղում: Եվ ինչքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասի, մեկ է՝ կառավարության այսպիսի թույլ կազմով մտքի հեղափոխություն ՀՀ-ում չի լինի:  Արդեն անխուսափելի դարձած գազի գնի բարձրացման դեպքում սպասվում է զգալի գնաճ, արտահանման ծավալների նվազում և ԿԲ-ի արտաքին պահուստների կորուստ։

 

2008 թ-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի՝ ՀՀ-ին հասցրած վնասի համեմատ գուցե և այս անգամ ցնցումն ավելի պակաս կարող է լինել, բայց պետք է հաշվի առնել այն, որ նախորդ ցնցումը ՀՀ տնտեսությունն ու բանկերը դեռ չեն «մարսել»։ Այլ կերպ ասած, գործ ունենք մի համակարգի հետ, որին նախորդ ցնցումի ազդեցությունը հաջողվել է մեկուսացնել, բայց ոչ վերացնել, և խնդիրները մնում են: Գաղտնիք չէ, որ գրեթե յուրաքանչյուր բանկ կա՛մ պատկանում է որևէ օլիգարխի, կա՛մ առնչություն ունի ՀՀ նախկին ու ներկա իշխանությունների հետ: PFA-ի ներկայացուցչի բնորոշմամբ՝ բանկերի կապիտալիզացիայի ներկայիս բարձր մակարդակը պայմանավորված է հենց այդ փաստով, որ նրանք  անկախ գործող կառույցներ չեն, այլ շարունակում եմ գործել որպես «օլիգարխների գրպան»՝ դրա շնորհիվ հնարավորություն ունենալով հենվել օլիգարխների ամբողջ կարողության վրա: Սակայն նոր ճգնաժամին դիմակայելը շատ դժվար է լինելու: Նշենք նաև, որ ՀՀ-ում բանկային համակարգի թերզարգացվածությունը (ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության շատ փոքր լինելը) ևս իր արմատներն ունի այս տնտեսության մենաշնորհային կառավարման մեջ։ Ակտիվների մասով, բանկերը օլիգարխների բիզնես- բուրգի մի մասն են և ֆինանսավորում են նույն բուրգի մյուս բիզնեսները՝ ռիսկային համարելով այդ բուրգից դուրս գործունեություն ծավալելը։ Իսկ պարտավորությունների մասով, առկա է բանկերի հանդեպ բնակչության վստահության լուրջ պակաս, որն ազդում է բանկերի՝ ավանդներ գրավելու ունակության վրա։ Վերջիններս փորձում են դա շրջանցել՝ արհեստականորեն բարձրացնելով ավանդների տոկոսադրույքները:

 

Վարկավորման վրա ազդում է նաև այն պարզ փաստը, որ «հայրենի» օլիգարխներն իրենց գումարները ներդնում են միայն 30-40% եկամտաբերություն ապահովող գործարքներում՝ ջանալով շատ արագ կերպով (այն է՝ 2-3 տարում) վերադարձնել իրենց ներդրում ները։ Մասամբ սա արդյունք է բիզնես միջավայրի ռիսկայնության։ Սակայն դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ այդ անձնավորությունները Հայաստանի հետ ապագա չեն կապում, երկարաժամկետ ներդրումներ չեն անում:

 

«Նույնը բանկերում է. բոլորը «բիրդան աղա» են ուզում դառնալ: Բանկերը արտասահմանից ֆինանսավորում ներգրավում են 2-3%-ով, սակայն տնտեսությանը վարկավորում են 15-18%-ով, իսկ ԿԲ-ն աչքերը փակում է դրա վրա: Դա հանցագործություն է, հատկապես, եթե հաշվի առնենք գնաճի համեմատաբար ցածր մակարդակը։ Նորմալ երկրներում քրեորեն պատժելի է»,- ասաց PFA-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ոչ մի նորմալ բիզնես այդպիսի պայմաններով վարկ չի կարող վերցնել:

 

ՀՀ բանկերի համար լուրջ խնդիր են դառնում ժամկետանց վարկերը: Թեև պաշտոնական աղբյուրները պնդում են, թե անհուսալի վարկեր չկան, իսկ կասկածելի վարկերը 0.5-0.9% են կազմում, սակայն մասնագետների պնդմամբ՝ վարկերի դասակարգման չափանիշները ՀՀ-ում շատ մեղմ են, իսկ ԿԲ-ն փորձում է թաքցնել իրականությունը՝ իրավիճակն ավելի բարվոք ներկայացնելով:

 

Շատ մասնագետների կարծիքով՝ մեր երկրում ֆինանսական համակարգն ադեկվատ չի հարկվում: Այդ խնդրից կառավարության նիստերից մեկում բողոքել է նաև ՊԵԿ փոխնախագահը:  Ճգնաժամի տարիներին ՀՀ տնտեսությունն անկում էր ապրում, իսկ բանկերը ծաղկում էին: 2012 թվականն էլ բանկերի համար արգասաբեր է եղել՝ բոլոր բանկերի շահութահարկը նախորդ տարվա համեմատ աճել է 26%-ով, ու թեև այն կազմել է մոտ 12 մլրդ 257 մլն դրամ, սակայն ըստ ԿԲ վիճակագրական տեղեկագրի, պետական բյուջե վճարվել է դրա շուրջ 10%-ը:  Թե ինչու է այսպես, սա էլ Պետական եկամուտների կոմիտեին վերաբերող հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս