«Եթե հայհոյանք չլիներ, նման փաստի առաջ ոչ մեկս չէինք կանգնի». սպանված Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինվորի հայր (տեսանյութ)
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած լեզվակռվի արդյունքում զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել, իսկ 19-ամյա Հրաչյա Սարգսյանը ծանր վիրավորվել էր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հրաչյա Սարգսյանի հայրը նշել է, որ որդու առողջական վիճակը կարգավորվում է. «Նման ծանր վերք ստանալուց հետո այդքան արագ դեպի դրական շարժ ունենք, սա արդեն ուրախալի է»: Նա նշել է, որ երեխան ներկա պահին որոշակի կախվածություն ունի բժշկական սարքավորումներից, սակայն երբեմն շնչում է ինքնուրույն:
Հրաչյայի վերքը գլխի աջ հատվածի հետնամասում է: Հայրն ասել է, որ ինքը վերքը չի ուսումնասիրել, չի կարող:
«Աչքերը բացել է, ինչ-որ բան ասել, դեռ վաղ է, քանի որ շնչառությունը դեռ կոկորդից են տալիս, քանի որ օդը ձայնալարերին չի հասնում և նա չի կարողանում խոսել: Բժիշկները ներկա պահին ոչինչ չեն կարող ասել, ուղղակի գլուխը մարդու ամենավտանգավոր տեղն է, ամեն ինչ սպասելի է՝ ամենալավից մինչև ամենավատը»,- ասաց հայրը, ապա հավելեց, որ վիրահատությունն անցել է շատ լավ, և այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Վաղինակ Սարգսյանը պատմեց, որ որդուն իր ձեռքով տասը ամիս առաջ բերել է Մոսկվայից, ճանապարհել բանակ, ինքն էլ հաջորդ օրը գնացել Ռուսաստան: «Օգոստոս ամսին պետք է գայի, պայմանավորվածություն կար։ Պետք է գայի, խնդրեի, որ իրեն արձակուրդ տան, որ բոլորս միասին լինեինք, իսկ ստացվեց այսպես»,- ասաց հուզված հայրը:
Հոր խոսքերով՝ ծառայության տասը ամիսների ընթացքում որդին որևէ անգամ չի դժգոհել՝ ո՛չ ծառայող ընկերներից, ո՛չ էլ սպայական կազմից. «Շատ գոհ էր. դեպքից երկու օր առաջ հեռախոսազրույց ենք ունեցել, որևէ դժգոհություն չի ունեցել, կային մարդիկ, ովքեր հետաքրքրվում էին իր ծառայությամբ, մինչև անգամ որ ինքը սխալ քայլ չանի»:
Դեպքի մանրամասների մասին Վաղինակ Սարգսյանը լրատվամիջոցներից է տեղեկացել։ Նա նշեց, որ որդին ուշադրության կենտրոնում է. այս օրերի ընթացքում որդուն այցելել են սպայական կազմը, իրենց գումարտակի բժիշկները, հրամանատարը և այլք: Հարցին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, հայրը պատասխանեց, որ ավելին կիմանանք, երբ Հրաչյան արթնանա։
Հայհոյանքի և «պզուկ» բառի մասին էլ ասաց. «Երբ ունենում ենք նման դեպքեր, նման դեպքերը անպայման հենց այնպես չեն լինում։ Ես ոչ մեկի խոսակցություններին չեմ հավատում, բայց ինքս՝ որպես տղամարդ, լավ գիտեմ՝ եթե հայհոյանք չլիներ, նման փաստի առաջ ոչ մեկս չէինք կանգնի, զենքն առանց պատճառի չի կրակում»:
Հայհոյանքի հետ կապված՝ նա համոզված է, որ իր որդին նման բան չէր անի. «Նաև հավատացած եմ, որ իմ երեխան ուրիշի թերությունը՝ դեմքի հետ կապված կլինի, թե առողջական… ինքը միշտ սիրել է օգնել թույլին, ես ասում եմ՝ ոչ թե իմ երեխային մեծարելու, այլ որ իմ երեխան նման քայլ չէր անի, չէր ծաղրի իր ընկերոջը»: