Բաժիններ՝

Շրջանավարտների թվի նվազումը և բանակի ռեֆորմի անհրաժեշտությունը

Այս տարի Հայաստանում շրջանավարտների թիվը 30 հազար է, ուղիղ 10 հազարով պակաս, քան նախորդ տարի: 30 հազարը պաշտոնական թիվ է, և դա ցույց է տալիս, թե ինչ տեմպերով է կրճատվում ՀՀ քաղաքացիների, հատկապես` երիտասարդների թիվը Հայաստանում: Ոմանք կարող են ասել, որ դրա պատճառն արտագաղթն է, իսկ մյուսները կարող են դրան ավելացնել նաև ծնելիության պակասը:

Բայց արժե անդրադառնալ նաև այս թվի մեկ այլ ասպեկտի. խոսքը բանակի համալրման մասին է, որն անմիջականորեն կապված է շրջանավարտների թվի հետ, մանավանդ` այս տարի, երբ շրջանավարտների մի մասը դպրոցն ավարտում է արդեն 18 տարեկանում, կամ այդ տարիքին կհասնի մինչև աշնանային զորակոչ:

30 հազար շրջանավարտի թիվը հուշում է, որ այս տարի հայկական բանակ կարող է զորակոչվել լավագույն դեպքում 10 հազար նորակոչիկ: Այդ 30 հազարից 15-ը աղջիկներ են, մնացած 15 հազարը պետք է կիսել երկու մասի՝ գարնանային և աշնանային զորակոչի: Ստացվում է, որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ զորակոչային տարիքի է 7,5 հազար երիտասարդ: Բայց զինվորական կոմիսարիատները, լավագույն դեպքում, նրանցից միայն 5 հազարին կկարողանան զորակոչել բանակ: Տղաների մի մասն իսկապես առողջական խնդիրներ ունի և օրինականորեն կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ մի մասն էլ առողջական խնդիրներ ձեռք կբերի ռազմաբժշկական հանձնաժողովների միջոցով, մյուսները զորակոչից կազատվեն բուհեր ընդունվելու միջոցով:

Այսպիսով, լավագույն դեպքում, մեկ զորակոչի ընթացքում կհաջողվի զորակոչել 5 հազար, իսկ եթե նկատի ունենանք, որ մեր բանակը ձևավորվում է չորս զորակոչի արդյունքում, ապա ստացվում է, որ բանակում կարող է միաժամանակ ծառայել 20 հազար զինվոր` առանց սպայակազմի և պայմանագրային զինծառայողների: Պետք է նկատի ունենալ նաև, որ ոչ բոլոր նորակոչիկներն են ծառայում բանակում, նրանց մի մասը զինվորական ծառայության է անցնում Ոստիկանության ներքին զորքերում:

Ռազմական փորձագետները և այն մարդիկ, ովքեր ժամանակին առնչվել են բանակի կազմավորմանը, հիշում են, երբ 10-15 տարի առաջ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ լինում էր 13-14 հազար նորակոչիկ, տարեկան 27 հազար զինվոր: Սա գրեթե 3 անգամ ավելի է այսօրվա թվերից: Նրանց համար այսպիսի կտրուկ անկումն անսպասելի էր, չնայած բոլորն էլ տեսնում են, որ Հայաստանի բնակչությունն օր օրի պակասում է:

Ի՞նչ պետք է անել բանակի թվի կրիտիկական նվազում թույլ չտալու և երկրի պաշտպանունակությունը պահպանելու համար համապատասխան թվով զինվորականություն ունենալու համար: Միակ լուծումը կարող է լինել ռազմական ռեֆորմը:

Իշխանությունը չի կարող երկարացնել ծառայության ժամկետը` դարձնելով 3 կամ նույնիսկ 2,5 տարի, քանի որ դա կառաջացնի լուրջ հասարակական դժգոհության ալիք, և արտագաղթի համար նոր լիցք կդառնա: Միակ ճանապարհը պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Հայաստանում բանակը պետք է դառնա վճարովի ծառայություն, և գուցե այդ դեպքում հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ թվով զինծառայողներ բանակի համար: Անցումը պրոֆեսիոնալ բանակին զգալիորեն կնվազեցնի դժբախտ պատահարների թիվը, քանի որ ավելի տարիքով և փորձառու զինվորականներն ավելի քիչ են հակված նվաստացնել իրենց ծառայակցին, կամ ամեն մի մանրուքի համար իրար նկատմամբ զենք գործադրել:

Ռազմական ռեֆորմի իրականացումը և պրոֆեսիոնալ բանակին անցնելը չի նշանակում` արտադիր զինվորական ծառայության վերացում, բայց պետք է լրջորեն ընկալել, որ այն սահմանը, որ մենք ունենք, այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը, թույլ չեն տալիս 20 կամ նույնիսկ 30 հազարանոց բանակ ունենալ: Կարելի է, իհարկե, ասել, որ կարևորը բանակի թվաքանակը չէ, որ մեր զինվորը թշնամու 10 զինվորն արժե, որ կարևորը մեր մարտական ոգին է, հայրենիքին նվիրվածությունն հանուն նրա զոհվելու պատրաստակամությունը, որ մեր բանակը զինված է ամենաժամանակակից տեխնիկայով և այն օգտագործելու ունակ զինվորականությամբ:

Բայց եթե սթափությունը վերջնականապես չի լքել մեզ, ապա կարելի է հասկանալ, որ 300 սպարտացիների կամ 500 մահապարտների միջոցով պատերազմի ելքը վճռելու ժամանակներն անցել են, և կարող է գալ մի ժամանակ, որ նույնիսկ ռազմական տեխնիկան աշխատեցնող զինվորներն ու սպաները չբավարարեն:

Իհարկե, պրոֆեսոնալ բանակ ունենալու առաջարկը նոր չէ. այն քննարկվում է արդեն տևական ժամանակ: Դրա համար Հայաստանը պետք է նախ` ստեղծի «պրոֆեսիոնալ» տնտեսություն, ինչի հաշվին հնարավոր կլինի պահել բանակը: Քանի չկա «պրոֆեսիոնալ» տնտեսություն, անիմաստ է մտածել «պրոֆեսիոնալ» բանակի մասին:

Զարմանալ կարելի է ՀՀ իշխանությունների իմաստնության վրա. նրանք տարեցտարի ավելացնում են ընտրողների թիվը, բայց պակասեցնում են շրջանավարտների, դպրոցականների և նույնիսկ թոշակառուների թիվը: Հետաքրքիր է՝ մի՞թե չկա մեկը, որ հուշի, որ կարելի է ավելացնել նաև նրանց թիվը:

Օրինակ, կարելի էր, չէ՞, հայտարարել, որ, ինչպես 15 տարի առաջ, այս տարի ևս դպրոցն ավարտել է հարյուր հազար դպրոցական: Բոլորը կհասկանան, որ դա կեղծ թիվ է, բայց առանձնապես դրանից չեն դժգոհի, քանի որ, եթե ամեն ինչ կեղծվում է, կարելի է կեղծել նաև շրջանավարտների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս