
GPS-ով հեծանիվի ղեկը հնարավորություն կտա գտնել գողացված հեծանիվը

Cnet-ի հաղորդմամբ, GPS համակարգով ղեկը, որը ստացել է Helios անվանումը, մշակվել է ԱՄՆ-ի մի խումբ հեծանվորդների կողմից: Դրա միջոցով կարելի է ձեռք բերել տեղեկատվություն հեծանվորդի արագության և նրա անցած ճանապարհի մասին: Բացի այդ՝ այն հնարավորություն է տալիս գտնել գողացված հեծանիվը:
Հեծանիվի տիրոջ կապը հեծանիվի հետ կատարվում է SMS-ի միջոցով (ղեկն ունի բնիկ SIM քարտի համար): Հաղորդագրություն ուղարկելով հեծանիվի վրա ամրացրած համարին, օգտատերը կարող է պատասխան ստանալ SMS-ով, որը կցուցադրի, օրինակ, հեծանիվի գտնվելու վայրը՝ Google Maps-ի վրա:
GPS մոդուլը սնուցվում է առանձին մարտկոցով, որ բավարար է 15 օրվա աշխատանքի համար: Հետևելու ծառայությունը, սակայն, աշխատում է միայն ԱՄՆ-ում:
Նշվում է, որ ղեկի արժեքը կլինի 200 ԱՄՆ դոլար:
Արտադրություն մեկնարկելու համար մշակողներին անհրաժեշտ է հավաքել 70.000 դոլար: Հոդվածի հրապարակման պահին դեռևս հաշվառել էին 55.000 դոլար:
Նշենք, որ հեծանիվի արագությունը և անցած ճանապարհը իմանալու միջոցներ նախկինում էլ կային, այդ տեղեկությունները կարելի էր իմանալ, օրինակ, սմարթֆոնի միջոցով: Սակայն նախկին միջոցներն ի վիճակի չէին օգնել գտնելու գողացված հեծանիվը: