«Մարտի 1-ի զոհերը և դահիճը իրար հետ պատարագի մասնակցեցին»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը galatv.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այն մարդկանցից է, ովքեր առանձնապես չէին էլ ուզում, որ այդ հարցն ընդունվեր: Խոսքը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի մասին է, որին դեմ քվերակեցին ՀՀԿ պատգամավորները:

«Ժամանակին բոլշևիկներն ասում էին, եթե ուզում ես մեկ հարց թաղել, ապա ստեղծիր հանձնաժողով, քանի որ դա գործը թաղելու լավագույն ձևն է: Հանձնաժողովը ոչ մի բան չէր տալու, քանի վարչախումբը կա, ոչ հոկտեմբերի 27 է բացահայտվելու, ոչ էլ Մարտի 1, որովհետև եթե բացահայտեն, դա կստացվի, որ իրենք իրենց դեմ խոստովանանք են ներկայացնում»:

Պետրոս Մակեյանի կարծիքով ՀԱԿ-ը գործարքի մեջ է եղել իշխող կուսակցության հետ ու վերջին պահին իշխանությունն իրենց «քցել» է. «Իշխանությունը քցեց նաև երկխոսության ժամանակ՝ 11 թվականին, այսինքն՝ երբ մի քանի անգամ գնում ես գործարքի, ու քեզ քցում են, ուրեմն մեղքը նրա մեջ մի փնտրիր, այլ քո մեջ ման արի»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

Պետրոս Մակեյանն անդրադարձել է նաև օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման օրվան և նշել է, որ զարմանալի էր, որ Մարտի 1-ի հիմնական կնքահայրերի հետ միասին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՀԱԿ ներկայացուցիչները: «Ինչպե՞ս կարող էր նույն հարկի տակ և՛ զոհը, և՛ դահիճը իրար հետ պատարագի մասնակցեն, ցավում եմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցը եզրափակել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Տեսանյութեր

Լրահոս