Բաժիններ՝

ՀԾՔ պետը՝ ոստիկանության համակարգի ֆինանսական բուրգի, Ներսես Նազարյանի, Կարեն Բաբակեխյանի և Սերգեյ Բագրատյանի մասին

«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը

– Դատելով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կամ արդեն ավարտված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություններից՝ մեր երկրում կաշառք են վերցնում միայն ոստիկանության քննիչները կամ օպերլիազորները, չարաշահումներ են թույլ տալիս դատախազները կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները։ Ի՞նչ է, դատավորները, պետական հարկային-մաքսային մարմինների տեսուչները, քննիչներն ու հետաքննիչները որևէ հանցագործություն չե՞ն կատարում, կաշառք չե՞ն վերցնում, մաքսանենգ ապրանք չե՞ն տեղափոխում։ Ինչու՞ այսօրինակ գործեր չեն բացահայտվում։

– Համամիտ եմ Ձեզ հետ։ Իմ խորին համոզմամբ հարցում թվարկված կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների բացահայտման առավել ցածր ցուցանիշը մեծապես պայմանավորված է այդ կառույցներում քննչական ստորաբաժանումների առկայությամբ (օրինակ՝ հարկային և մաքսային մարմիններում, պաշտպանության նախարարության համակարգում և այլն)։ Չեմ բացառում, որ հիշյալ մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում, ուստի խնդրի լուծումը տեսնում եմ որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մեկ միասնական քննչական մարմնի ստեղծման մեջ։ Անշուշտ, միասնական քննչական մարմնի ստեղծման հարցում եղել են ու կան միմյանցից տրամագծորեն տարբերվող կարծիքներ։ Միատեսակ չէ նաև արտասահմանյան մի շարք երկրներում նմանատիպ կառույցի ստեղծման պրակտիկ փորձը, սակայն հարցի բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը, կողմ և դեմ բոլոր խնդիրների համակողմանի վերլուծությունը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նման կառույցի ստեղծման անհրաժեշտությանը։

– Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

Կարդացեք նաև

– Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

– Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը և Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

– Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

– Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տեւական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաեւ տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

– Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս