Բարոյական զազրախոսություն
Մի քանի օր առաջ Աբովյանում ԲՀԿ առաջնորդի հովանավորությամբ տրված ճաշկերույթը և մատաղի արարողությունը դարձել է քննարկման առարկա ոչ միայն՝ հայկական, այլև ադրբեջանական և թուրքական մամուլում:
Սակայն պարզվում է՝ որոշ մարդիկ համոզված են, որ երևույթի մեղավորը ոչ թե իշխանություններն են, այլ՝ ժողովուրդը կամ այդ կադրերը հրապարակող լրատվամիջոցները։
Այդ կերպ է մտածում, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է.
«Նման բան չէր կարելի հրապարակել, մի հսկա բազմություն էր, որի մեջ կարող էին լինել մարդիկ, ովքեր որոշակիորեն ուտելիքի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեին: Եթե ընդհանուր մթնոլորտից ինչ-որ մի բան կտրում–հանում են և կանխավ մտածում են վատ արդյունքների համար, կարողանում ես սարքել այն, ինչ ուզում ես՝ լրատվության արհեստավարժությունից է կախված: Ընդհանուր պատկերը, կարծում եմ, աղավաղված էր, պարզապես փորձել են անվանակել ընդհանուր միջոցառումը:
Լրատվության միջոցներին, այո՛, կարելի է ամեն ինչ էլ անել՝ ընդդիմանալ, խոսել, բայց ազգային արժեքներին որ հասնում է հարցը, կարծում եմ՝ դա ազգի նկատմամբ անհավասարակշիռ վերաբերմունքի արդյունք է, որովհետև նման երևույթները մեր ազգի համար տիպական չեն կարող լինել»:
ԳԱԼԱ-ի լրագրողը Գալուստ Սահակյանին հարցրել է նաև, թե իշխանությունները որքանո՞վ են մեղավոր, որքանո՞վ են պատասխանատու նման իրավիճակների համար: Նա պատասխանել է. «Իշխանությունների պատասխանատվության հարցը չէ, այլ հրապարակողների անբարոյականության հարցն է, որովհետև դա երևույթ է, հասարակություն է, տարբեր շերտեր գոյություն ունեն, բայց դա տիպականացնել, իբրև հայ ճակատագրի մաս դարձնել, դրանից օտարները կօգտվեն: Այսինքն` օտարների ջրաղացին ջուր լցնող թշվառականներ կան, որոնք փորձում են խարազանել իշխանություններին՝ իբրև թե իշխանությունների դեմ ինչ-որ զազրախոսություն են ձևակերպում՝ չմտածելով, որ վիրավորում են ամբողջ հայ ժողովրդին»:
Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է: Նրա ասածից որևէ բան հասկանալու մի քանի փորձից ստացվում է, որ իշխանությունը կարող է հասարակության հետ անել՝ ինչ ուզում է, սակայն լրատվամիջոցները, ովքեր կլուսաբանեն դա, անբարոյական են և «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»: Այսինքն՝ անբարոյականություն չէ, ասենք, մարդուն սպանելը, բռնաբարելը, նվաստացնելը, սակայն անբարոյականություն է դա լուսաբանելը: