Առաջարկություն արե՛ք, միասին քննարկենք. ՀԾԿՀ նախագահը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գազի գնի հանարավոր թանկացման դեմ այսօր մի խումբ քաղաքացիներ բողքոի ակցիա անցկացրին կառավարության շենքի դինմաց, որից հետո շարժվեցին դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և նախագահական նստավայր: Բողոքի ակցիային ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցոըւթյան պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գազի սակագնի բարձրացման դեպքում Հայաստանը լուրջ ներքին խնդիրի առաջ է կանգնելու. «Ես կարծում եմ, որ նոր ձևավորվող կառավարությունը իր առաջին հարցերից մեկը դա պիտի դարձնի»: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանն ու Ռուսատանը ռազմավարական դաշնակիցներ են. «Մինչև հիմա մեզ համոզում էին, որ մենք այդ ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը լիուլի կարողանում ենք օգտագործել, բայց այն թվերը, որոնք հրապարակվում են, և եթե դա տեղի ունենա, այդ թվերով Ռուսաստանն առևտուր է անում եվրոպական երկրների հետ, և կարծես թե միջինից էլ ավելի բարձր գներ կարող են սահմանվել: Այսինքն՝ իսկապես ապաշնորհության գագաթնակետն է այս կառավարությունը հանդես բերելու, եթե թույլ տա այսպիսի թռիչքային գնաճ»: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ գազի սակագնի սահմանված գնի թանկացման դեպքում Հայաստանը վերջականապես պետք է փակի իր դռները՝ որպես պետություն: Արծվիկ Մինասյանը նշեց, որ ինքը չգիտի՝ ինչի հաշվին է Ռուսաստանը գազի գինը թանկացնում. «Ինձ չի էլ հետարքրում, թե ռուսներն ինչի հաշվին են դա անում: Ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի իշխանությունը, որպես անկախ պետության իշխանություն իր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանին անհրաժեշտ պահանջներ պետք է դնի»: Ակցիայի մասնակիցներից մի քանիսն ասացին, որ գազի սակագնի թանկացման դեպքում իրենք չեն պատրաստվում հարկեր մուծել: «Հիմա գազի գինն առանց այդ էլ շատ բարձր է, մեր կոմունալ վարձը ձմռանը մոտ հարյուր հազար է հենց գազի պատճառով, իսկ եթե գազի գինը թանկանա, ուղղակի հնարավորություն չի լինելու մուծելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Կառավարության քաղաքացիների ընդունելության դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց բողոքի ակցիայի մասնակիցներին և նշեց, որ մարդկանց պահանջն ամբողջությամբ համընկում է Կառավարության ցանկությունների հետ: Ալեքսանդր Ղազարյանը նաև ասաց, որ տրամաբանական է՝ եթե գազի գինը բարձրանա, կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի գինը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բողոքի ակցիայի 4 մասնակիցներ հանդիպեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Վերջինս ներկայացրեց՝ ինչ հիմքով է «ՀայՌուսագազարդ» ՓԲԸ-ն գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացրել: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ գազի գինը բարձրանալու է, սակայն դեռ պարզ չէ՝ քանի տոկոսով է բարձրանալու: «Ես էլ շատ կուզենայի, որպեսզի գազի գինը ընդհանրապես չբարձրանար, մնար նույնը, ես էլ եմ սպառող, և իմ գրպանին էլ է հարվածում, բայց ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում, որ ընդհանրապես չբարձրանա: Հնարավո՞ր է դա: Առաջարկություն արե՛ք, միասին քննարկենք: Ընդհանրապես չբարձրանալու տաբերակը ո՞րն է»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ գազի գնի թանկացումը կանխորոշված չէ. պարզապես ինքը տրամաբանությամբ է խոսում. «Եթե սահմանի վրա գազի գինը 270 դոլար է և 30 տոկոսն է ընդամենը սուբսիդավորվում, դա այսօրվա գործող 180 դոլարից ավելին է լինելու, նշանակում է, որ ակնհայտ է, որ արդեն բարձրացում սպասվում է»: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ ինչով է պայմանավորված այն, որ երեկ իր նախաձեռնությամբ հանձնաժողովը սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Մենք ունենք էլեկտրաէներգետիկական համակարգում աշխատող բոլոր ընկերությունների կողմից ներկայացված ժամանակին իրենց մարժաների հետ կապված հաշվարկ և հայտեր, որոնք մեր ձեռքի տակ կար: Նրանք դեռ վաղուց էին ուզում էլեկտրաէներգիայի սակագները վերանայել և բարձրացնել, բայց սպասում էին, որովհետև կար գազի գնի թանկացմամբ պայմանավորված խնդիր: Եթե նրանք այդ հայտերը ներկայացնեին ավելի շուտ և մենք հաստատեինք, օրենքը ասում է՝ մեկ էլ 6 ամիս հետո կարող եք սակագները վերանայել, և նրանք ստիպված կլինեին վնասներ կրել արդեն գազի գնի թանկացումով պայմանավորված: Սպասեին այնքան, որպեսզի գազի գնի հետ կապված որոշակիություն մտնի և կարողանանք այդ ձևակերխումները իրականացնել»:
Լրագրողների դիտարկմանը, որ գազի գնի թանկացումը այլ ծառայությունների գների աճի է հանգեցնելու, Ռոբերտ Նազարյանը նկատեց, որ դա կարող է ազդել տնտեսության մյուս ճյուղերում գանճի վրա, սակայն նշեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ արդյոք բնակչությունը և մասնավոր սեկտորը պատրա՞ստ են այդ գնաճին: Հանդիպմանը մասնակցող Պավլիկ Սարգսյանի դիտարկմանը, որ թե 1000 խմ-ն սահմանի վրա վաճառվում է 270 դոլարով, ապա այդ գումարը դրամի վերածելու դեպքում ստացվում է, որ 1 խմ-ի համար պետք է վճարել 110 դրամ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ՀայՌուսագասարդը» հայտ է ներկայացնում մեկ խմ-ն 221 դրամ դարձնելու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «110 և 221: Հենց դրա համար էլ ես պատասխանեցի, որ մենք փորձելու ենք «ՀայՌուսագազարդի» հայտում ամրագրված այդ մեծություների վերլուծել և տեսնենք՝ եթե նորից կմնա այդ մեծությունը, որը ամրագրված է հայտում, այդ ժամանակ այդ հարցը… Հիմա այդ հարցը ուղղե՛ք «ՀայՌուսագազարդին»: Ասե՛ք, հարգելի՛ «ՀայՌուսագասարդ», ինչու՞ ես այդ մեծություններն ամրագրել»: Հանդիպման ավարտին՝ պատասխանելով հարցին՝ որքանով կանդրադառնա գազի գնի թանկացումը իր ընտանեկան բյուջեի վրա, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Այնքանով, ինչքանով կթանկանա»
Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը գրավոր ձևով հանձնեց նաև ՀՀ նախագահական նստավայր: Ակտիվիստ Անի Կաղինյանը, ով անձամն հանձնեց նամակը, ասաց, որ իրենք պատրաստվում են ստեղծել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ հարցով: