Բաժիններ՝

ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը խաբե՞լ է բնակիչներին

Կառավարության շենքի դիմաց  բողոքի ակցիա են իրականացրել նաև մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչները, ովքեր պահանջում են անհապաղ լուծում տալ իրենց խնդրին: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ «Տոնուս» ընկերության հետ դեռեւս յոթ տարի առաջ կնքել են պայմանագիր, կատարել բոլոր վճարումները, սակայն առ այսօր բնակարանները չեն կառուցվել: «Մեզ ամեն տարի ասում են` սպասեք, էս ամսի յոթին կլինի, մյուս ամիս 15-ին կլինի ու այսպես շարունակ»: Բնակիչները հայտնել են, որ իրենց միայն վերջերս են հայտնել, որ «Տոնուս» ընկերությունը սնանկացել է, իսկ իրենց համար կառուցված շենքը, որը ներկայումս անավարտ վիճակում է, գտնվում է Արցախ բանկում` գրավի տակ:

«Մենք ինչ մեղավոր ենք, թող լուծում տան ու վե´րջ, հերիք եղավ` խաբելով մինչեւ ե՞րբ: Մենք այլեւս չենք ուզում սպասել, մենք բոլոր վճարումները կատարել ենք»,- հայտնել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Վերջիններս նաեւ հավելել են, որ բազմաթիվ դիմում-նամակներ են հասցեագրել ինչպես Կառավարության ղեկավարին, այնպես էլ հանրապետության նախագահին` խնդրելով պարտավորեցնել «Տոնուս» ընկերությանը` կատարել պայմանագրով նախատեսված դրույթները: «Ինչ Կառավարություն, ստեղ բոլորը ստախոսներ են, ինչպե՞ս կարելի է սեփական երկրի քաղաքացուն թողնել առանց բնակարանի: Ընտրությունների ժամանակ գալիս սուտ խոստումներ են տալիս, հետո թողնում փախնում են, կորում են տարիներով»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են մայրաքաղաքի Դավիթաշեն չորրորդ թաղամասի բնակիչները:

Հավելենք, որ «Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս