Երևանում 50-ամյա կինը մեքենայում սեքս անելու ընթացքում հափշտակել էր վարորդի փողերը
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Թենի Ս.-ի գործով մեղադրանքի կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Թենիին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել տուժող Վ.-ին խոշոր չափի վնաս պատճառելու՝ նրա ծոցագրպանից 1 միլիոն 239 հազար դրամ գաղտնի հափշտակելու՝ գողանալու համար:
Ըստ դատավճռի՝ տուժող Վ.-ն 2012 թվականի նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Գորիսում մեկ տոննա պանիր է բեռնել իրեն ամրակցված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան:
Հաջորդ օրը վաղ առավոտյան նա ուղևորվել է Երևան: Նույն օրը, ժամը 10-ին Երևանում 1 միլիոն 239 հազար դրամով Վ.-ն վաճառել է ամբողջ պանիրը: Խանջյան փողոցով Չարբախ թաղամաս ընթանալու ճանապարհին՝ Արշակունյաց պողոտայում, Վ.-ի ավտոմեքենան կանգնեցրել է 50-ամյա Թենին: Որպեսզի նա նստի՝ վարորդը նստատեղի վրայից վերցրել է բջջային հեռախոսը և դրել իր բաճկոնի ձախ ծոցագրպանը:
Թենին նկատել է վարորդի բաճկոնի ծոցագրպանում դրված փողը. դա պանրի վաճառքից ստացված գումարն էր:
Թենին, ըստ դատական ակտի, որոշել է վարորդին գայթակղելու միջոցով գումարը հափշտակել: «Նա սկսել է օրալ սեքսով զբաղվել վարորդի հետ, միաժամանակ ձախ ձեռքը մտցրել է վարորդի բաճկոնի ձախ ծոցագրպանը, աննկատ վերցրել այնտեղ եղած գումարը և դրել իր բաճկոնի աջ գրպանը»:
Այնուհետև ուղևոր Թենին պահանջել է անհապաղ կանգնեցնել մեքենան: Վ.-ն մեքենան կանգնեցրել է Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Տիտան» խանութի մոտ:
Թենին արագ իջել է մեքենայից՝ վարորդին առաջարկելով ժամը 19-ն անց 30-ին հանդիպել նույն տեղում:
Նա, բնականաբար, հանդիպման չի ներկայացել, և Վ.-ն ուղևորվել է Գորիս: Միայն ճանապարհին է նա նկատել, որ բաճկոնի ծոցագրպանում դրված գումարը չկա:
Գորիս հասնելուն պես Վ.-ն գումարը կորցնելու մասին հայտնել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի սեփականատիրոջը:
Վերջինս համակարգչի միջոցով վերծանել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, այն ձայնագրել կիրչի վրա ու վերծանելով տեսել, թե ինչպես է Թենին գողացել վարորդի գումարը:
Տուժողը ձայնային կրիչը ներկայացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդում:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Թենին հայտնաբերվել է:
Նրա բնակարանում կատարվել է խուզարկություն: Հափշտակված 1 միլիոն 239 հազար դրամից հայտնաբերվել է 1 միլիոն 135 հազար դրամը:
Թենին 2012 թվականի նոյեմբերի 24-ին առնվել է կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նույն եղանակով մեկ այլ վարորդից Թենիի կողմից կատարված հափշտակության ևս մեկ դեպք: Թենին հափշտակել էր գումար, վարորդական իրավունքի վկայական: Այս դրվագով Թենիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժած վարորդի հետ հաշտության հիմքով:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Թենին իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով: Նա ամբողջությամբ վերականգնել է Վ.-ին պատճառած նյութական վնասը՝ 1 միլիոն 239 հազար դրամը:
Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Թենին վատառողջ է՝ 2003 թվականից 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ է, նրա խնամքին են մայրը, ամուսնալուծված աղջիկը և մանկահասակ թոռնիկը, նա զղջացել է կատարածի համար, հատուցել պատճառած վնասը, բնութագրվում է դրական:
Թենի Ս.-ն մեղավոր է ճանաչվել գողության համար, դատապարտվել 2 տարի տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան:
Թենին հենց դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:
Դատավճռից դժգոհ է մնացել մեղադրանքի կողմը և վերաքննիչ բողոք բերել՝ պնդելով, որ Թենիի նկատմամբ պայմանական դատապարտություն չպետք է կիրառվեր, կատարածի համար նա պետք է դատապարտվեր ու կրեր պատիժ՝ իրական ազատազրկման ձևով, քանի որ նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը բարձր է:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Ա. Գրիգորյանը հիմնավորեց իր բերած վերաքննիչ բողոքը: Որպես 50-ամյա ամբաստանյալին բնութագրող հանգամանք՝ նշվեց նախկինում գողության համար դատապարտված լինելը, այս գործով բացահայտված՝ համանման եղանակով նրա կողմից մեկ այլ հափշտակություն կատարելը:
Դատարանը պաշտպանական կողմի առարկությունից հետո հարցեր հնչեցրեց՝ պարզելու՝ Թենին արհեստ չէ՞ր դարձրել, արդյոք, նկարագրված եղանակով վարորդներից հափշտակություն կատարելը: Հանցագործության կատարման եղանակն այնպիսին էր, որ մեր իրականության մեջ ոչ բոլոր տուժած վարորդները բողոք կներկայացնեին, դատարանում էլ հանդես կգային Թենիի հետ ունեցած «ինտիմ հանդիպման» նկարագրությամբ: Դատարանի հարցին՝ նույն եղանակով այլ անգամ գումար ձեռք գցե՞լ է, Թենին կցկտուր պատասխանեց՝ չէ:
Պաշտպանն իր առարկության մեջ նշեց, որ Թենին խմորեղեն էր թխում տանը և վաճառում՝ դրանով հոգալով ընտանիքի հոգսերը: Սակայն պաշտպանը չկարողացավ ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր, թե ամբաստանյալը, որպես անհատ ձեռներեց, զբաղվել է խմորեղենի թխմամբ ու իրացմամբ: Դժվար է պատկերացնել նաև մեքենայի մեջ վարորդի հետ սեքս անող կնոջ ձեռքով պատրաստած խմորեղենի անվտանգությունը հանրության համար, եթե այդ խմորեղենն ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, իրացվել է: Սա ևս մեկ ահազանգ է, որ անհայտ ծագման, առանց փաստաթղթերի խմորեղեն չվաճառվի վաճառակետերում ու չգնվի անհոգ գնորդների կողմից:
Իսկ միգուցե Թենին խնամքի տակ գտնվողներին պահել է վերը նկարագրված եղանակով ձեռք գցած գումարներո՞վ: Դատարանում հնչած այս հարցն ավելի շատ հռետորական էր, նրա պատասխանը տվյալ քրեական գործի շրջանակներից դուրս էր:
Դատական նիստը հետաձգվեց: Դատարանի կազմը մեկ այլ նիստ պիտի սկսեր: