Համազգային էլիտար խնջույք` «Փարավոն»-ում. մամուլ
««Փարավոն» զվարճանքի և հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի տիկնայք:
Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված և քաղաքական դաշտից դուրս եկած անձինք: Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել՝ բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական և հայկական խմբեր: Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների և երրորդը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելով: Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս»: