Բաժիններ՝

«Մեկ տարվա ընթացքում Գյումրիում կունենանք ժամանակակից դիահերձարան»

Վերջին շրջանում բավական շատ է քննարկվում ախտաբանաանատոմիական ծառայություններում առկա խնդիրների մասին: Մասնավորապես՝ այն մասին, որ դիահերձարանների շենքային պայմանները վատ են, այնտեղ մասնագետների և անհրաժեշտ սարքավորումների պակաս կա: Բարձրացված աղմուկից հետո այս ծառայություններում առկա խնդիրները ՀՀ ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմ Նելլի Խոստիկյանը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակված Դերենիկ Դումանյանին:

Ըստ Նելլի Խոստիկյանի՝ Երևանի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում: Ըստ նրա՝ Երևանում գործող ախտաբանաանատոմիական 10 բաժանմունքի 80%-ը կարիք ունի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգման, եղած լաբորատորիաների մի մասը սարքավորումների խիստ կարիք ունի, լաբորատորիաներն ապահովված չեն բավարար քանակությամբ նյութերով, իսկ ախտաբան-անատոմների և հյուսվածքաբանների միջին տարիքը գերազանցում է 55-ը: ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմը զեկուցել էր, որ Հայաստանի մարզերի 32 կենտրոնների զգալի մասը կարիք ունի վերանորոգման, իսկ դրանցից շատերը մասնագետների և սարքավորումների պակաս ունեն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է պատրաստվում նախարարությունը լուծում տալ այդ խնդիրներին: Փոխնախարարը նախ` նշեց, որ խնդիրն ընդգրկուն է. խոսքը ոչ միայն շենքի հնության, այլև սարքավորումների, մասնագետների պակասի, մոտեցումների մասին է: Նրա խոսքով` հնարավոր չէ միանգամից լուծել բոլոր մարզերի դիահերձարանների խնդիրը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

«Իրականում խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է, այսինքն` խոսելով առանձին վերցված մի բնակավայրի, քաղաքի դիահերձարանների մասին, իհարկե, խնդիրը չի լուծվում: Մեծ՝ գլոբալ, ամբողջ երկրով մեկ տարածված խնդիր է: Որոշ դեպքերում մենք այդ խնդիրը կարողացել ենք լուծել` ի հաշիվ մեր այն վարկային ծրագրերի շինարարության, որ տեղի է ունենում մեր մարզային հիվանդանոցներում: Այդպիսի որոշ հիվանդանոցներում այդ խնդիրը չենք լուծել, որովհետև սկզբից դրա մասին մեր ծրագրերում ընդհանրապես չի եղել: Բայց հիմա, որտեղ մենք անում ենք այդ ծրագիրը, այդտեղ անպայման դիահերձարանի խնդիրը լուծում ենք:

Կարդացեք նաև

Այստեղ շատ կարևոր խնդիր կա, որ ուզում ենք հասկանալի դառնա և մասնագետների, և ոչ մասնագետների համար. խոսքն այստեղ պաթանատոմիական ծառայությունների մասին է. սա զուտ դիահերձում չէ: Սա բժշկագիտություն է, և Առողջապահության նախարարությունը էքստրեմալ կերպով շահագրիռ է այդ ծառայության զարգացման համար, որովհետև դա որակի կոմպոնենտներից մեկն է: Այստեղ մի շարք քայլեր կան, որ պետք է իրականացվեն: Մենք դրանք իրականացնելու ընթացքում ենք»,- ասաց նա: Ս. Խաչատրյանի խոսքով՝ արդեն գումարներ են հատկացվել ամենավատ վիճակում գտնվող Գյումրիի դիահերձարանին, որի մեջ մտնում է նաև դատական բժշկության և պաթանատոմիական ծառայությունը:

Նա նաև տեղեկացրեց, թե հատակագիծ է կազմվել, և արդեն նախագծման աշխատանքներն են ընթանում: «Կարելի է ասել, որ մեկ տարվա ընթացքում կունենանք ժամանակակից դիահերձարան Գյումրիում: Մյուս քաղաքներում էլ սիստեմատիկաբար մոտեցման կարիք ունենք, այսինքն՝ այստեղ խնդիը գումարների առկայությունն է: Մենք իրականացնում ենք մեր ծրագրերը, երբ այդ ծրագրերի ընթացքում ունենում ենք տնտեսումներ, դրանք քննարկվում են և՛ Համաշխարհային բանկի հետ, և՛ այլ կազմակերպությունների, և՛ երկրի ղեկավարության հետ, և ըստ առաջնահերթությունների` աշխատանքներն իրականացվում են: Առաջիկայում այդ նույն մոտեցմամբ` որպես առաջնահերթ խնդիր, դիտարկվելու են պաթանատոմիական ծառայությունները և դիահերձարանները»,- ասաց Սեգեյ Խաչատրյանը: Առողջապահության փոխնախարարի խոսքով` Գյումրիի դիահերձարանը կառուցելու, այն անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար ծախսվելու է 120-130 մլն դրամ:

Հարցին` բացի Գյումրիից ո՞ր քաղաքների դիահերձարաններն են առավել վատ վիճակում, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, թե բոլորն էլ վատ վիճակում են՝ մի քանի բացառություններով. «Օրինակ` Վանաձորի դիահերձարանը նախարարությունը չի արել, ժամանակին մարզպետարանն է արել: Այնտեղ նորմալ վիճակ է, խնդիր չունենք: Մենք գնահատում ենք իրականացրել մարզերում և հստակ գիտենք, թե որտեղ ինչ կարիք կա: Կարիք բոլոր տեղերում էլ կա:

Եթե անգամ շենքը վերանորոգված է, ապա սարքավորումների կարիք կա: Նաև մասնագետների խնդիր կա: Երիտասարդները շատ դժվար են գալիս այս ծառայություն, երևի հասկանալի է՝ ինչու: Մենք ուզում ենք շահագրգռվածություն ստեղծենք այն մասնագետների համար, որոնք կգան, կվերապատրաստվեն, կսովորեն այդ բարդ և շատ հետաքրքիր մասնագիտությունը, որպեսզի հետագայում մենք մասնագետների խնդիր չունենանք»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս