«Գիտության հերն անիծելու ավելի կարճ ճանապարհ չկա»
Ասում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազատ Սարգսյանը
«Պլոմբանյութի երկարակեցությունն իրականում մեխանիկայի խնդիր է»
Պլոմբած ատամն իրենից ներկայացնում է բաղադրյալ միացություն, այսինքնª երկու տարբեր նյութերից՝ ատամ և պլոմբանյութ, կազմված միացություն: Բաղադրյալ նյութերի ամրության հարցերով ժամանակին զբաղվել է հայտնի մեխանիկ Կարապետ Չոբանյանը, ում աշխատանքն այս ոլորտում հետագայում շարունակել է նաև մեր զրուցակիցը: Նա նշում է, որ իր գիտական ղեկավարը դեռևս տարիներ առաջ մաթեմատիկորեն ապացուցել է, որ տարբեր նյութերի միացությունը միացման երկրաչափությունը ճիշտ ընտրելու դեպքում, կարելի է այնպես անել, որ այն վտանգավոր կետը, որտեղից սկսվում է բաղադրյալ նյութի քայքայումը վերանա:
«Այսինքն՝ մեխանիկական ներքին լարումները, որ առաջանում են բաղադրյալ նյութի մեջ, այդ անկյունային կետում ոչ թե ձգտեն անվերջության, այլ ձգտեն զրոյի, կամ ընդունեն շատ փոքր արժեքներ: Կարևոր է, թե ինչպիսի երկրաչափություն կընտրենք, քանի որ հենց այդ երկրաչափական անկյունների ընտրությունից է կախված տվյալ բաղադրյալ նյութի ամրությունը»,- ասաց Ա. Սարգսյանը՝ նշելով, թե ոմանք թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե մասնագիտությամբ մեխանիկն ի՞նչ գործ ունի բժշկության հետ:
Իսկ որոշ բժիշկներ էլ, ըստ նրա՝ մտածում են, որ պլոմբանյութի ամրությունը կախված է նյութից, որը պետք է լինի պինդ սոսնձի նման, որով կկարողանան միացնել ատամն ու պլոմբանյութը:
Մինչդեռ գիտնականը նշում է, որ աշխարհի ամենաուժեղ սոսինձն անգամ չի կարող գործը գլուխ բերել, եթե պլոմբանյութի համար խոռոչը ոչ համապատասխան է ձևավորվել: «Իրականում, երբ մենք գործ ունենք պլոմբանյութի և ատամի հետ, դա արդեն մեխանիկայի խնդիր է:
Օրինակ, բժշկական տեսանկյունից բժիշկները նայում են, որպեսզի կենսաբանական համատեղելիության հարցերը ճիշտ լինեն, իսկ այն, թե ինչ խոռոչի մեջ ես պլոմբանյութ լցնում, այ դա արդեն մեխանիկայի խնդիր է»,- ասում է գիտնականը՝ նշելով, որ դա արդեն բաղադրյալ մարմնի առաձգականության տեսության խնդիրն է, որով էլ ինքը զբաղվում է: Նրա խոսքով՝ պլոմբն ընդամենը մեկ մասնավոր դեպք է, քանի որ այդ տեսությունը վերաբերում է նաև նավի արտաքին կորպուսի ամրությանը, և այլն:
Ըստ Ա. Սարգսյանի՝ բաղադրյալ նյութերի ամրությունը կախված է նրանից, թե այդ նյութերում ինչպիսի ներքին լարումներ են առաջանում, և թե ինչպիսի միացման երկրաչափություն ունեն: Ըստ գիտնականի՝ պլոմբի և ատամի դեպքում խոսքը կրկին տարբեր բաղադրյալ նյութերին է առնչվում:
«Նյութերի սխալ ընտրության, և խոռոչը՝ տվյալ պլոմբի համար երկրաչափորեն ոչ ճիշտ ձևավորելով կարող են լարումների մեծ կուտակումներ առաջանալ: Մինչդեռ ճիշտ ձևավորելովª կարելի է ատամի և պլոմբանյութի միացման մակերևույթի եզրի շրջակայքում լարումները նվազագույնի հասցնել, և ատամը պլոմբի հետ, այսպես ասած, միացված լինի թերլարված, կամ անգամ լարված չլինել: Իսկ այդ դեպքում պլոմբը կարող է երկար ժամանակ ծառայել մարդուն»,- ասաց Ա. Սարգսյանը՝ նշելով, որ ինքը ծանոթացել է ատամնաբուժության վերաբերյալ գրքերի, որտեղ առաջարկած խոռոչների ձևավորման սխեմաներն իր համար անընդունելի են: Մինչդեռ, ըստ նրա՝ բազմաթիվ ատամնաբույժներ այժմ, որպես սեղանի գիրք, օգտագործում են հենց այդ գրքերը: «Հավանաբար նրանք մեխանիկայի հարցերը չեն նայել»,- ասում է գիտնականը:
Նա, որպես օրինակ, մատնանշում է սեփական պլոմբած ատամը, որն առնվազն 25 տարի ծառայել է իրեն. «Այն բաղկացած է ոչ թե այսօրվա ամուր պլոմբանյութերից, որոնք օր օրի ավելի թանկանում են, այլ շատ թույլ նյութից, սակայն խոռոչի ճիշտ պատրաստման արդյունքում՝ այն երկար կյանք ունեցավ»,- ասաց գիտնականը: Նրա խոսքով՝ ինքն այս թեմայի շուրջ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես՝ հայաստանյան, այնպես էլ՝ արտերկրի տարբեր ատամնաբույժների հետ, սակայն նրանք դա չեն ընդունում, քանի որ այդ ամենը, նրա խոսքով՝ բիզնեսի հարց է. «Կարծում եմ, աշխարհի ոչ մի ֆինանսական կազմակերպության ձեռք չի տալիս որևէ հարցի վերջնական լուծումը: Հակառակը՝ նրանք ուզում են, որ մարդիկ հիվանդանան, դեղ խմեն, կամ, օրինակ՝ շուտ-շուտ գնան ատամը պլոմբելու…»,- ասաց Ա. Սարգսյանը:
– Հաճախ Հայաստանում, հատկապես՝ պետական այրերը, գիտություն ասելով՝ հիմնականում նկատի են ունենում գիտնականների կիրառական արդյունքը, և, եթե չկա կիրառական արդյունք, ապա նրանք, կարծես, վերապահումով են մոտենում: Որպես գիտնական՝ ի՞նչ կասեք այժմ Հայաստանում կիրառական արդյունք ստանալու հնարավորությունների մասին:
– Նախ՝ կցանկանայի խոսել վերաբերմունքի մասին: Ձեզ կարող եմ ցույց տալ Կառավարության 2005թ. Գիտության զարգացման հիմնադրույթների վերաբերյալ մշակած հայեցակարգը: Այդ նախագծի մեջ գրված էր, որ 2010թ. գիտության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի 1%-ը: Այսօր, սակայն, գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի 0.24%-ով: Նախորդ տարի էլի ծրագիր էին կազմել, որով նախատեսվում է գիտության ֆինանսավորումը մինչև 2020թ. աճման տենդենցովªհասցնել ՀՆԱ-ի 1%-ի: 2020թ. իմ տարիքի մարդիկ գիտությամբ այլևս չեն զբաղվելու, իսկ ոչ մի երիտասարդ, ՀՆԱ-ի 0.24 տոկոս ֆինանսավորման համապատասխան աշխատավարձով, ոչ մի գիտական ինստիտուտ էլ չի գա:
Այսինքն՝ գիտության հերն անիծելու, գիտությոնը վերացնելու ավելի կարճ ճանապարհ չկա, որն ընտրված է մեր կառավարության, մեր իշխանությունների կողմից: Նույնը նաև կրթության ոլորտում է: Սրանից հետո խոսել կիրառակա՞ն, թե՞ հիմնարար հետազոտությունների մասինª բացարձակ անիմաստ է: Շատ գաղափարներ կան, որոնց իրականացման համար ինչ-որ կերպ աշխատում են տրված բազային գումարով:
Այդ ամենն անում ես, որովհետև հիմա արդեն ուրիշ բան այլևս չես կարող անել և չես էլ ուզում անել, որովհետև այնքան ես խորացել այդ հարցերի մեջ և այնքան հետաքրքիր բաներ ես գտել… բայց ո՞ւմ է դա հետաքրքիր:
Ես միայն մի տվյալ կնշեմ. օրինակ, ի տարբերություն գիտնականներիª թոշակի անցնող դատավորների և դատախազների թոշակը շատ բարձր է, նրանք, բացի իրենց հասանելիք թոշակից, 250-400.000 դրամ լրացուցիչ գումար են ստանում: Իսկ մենք, մի քանի տարի է, խնդրում ենք, որպեսզի գիտությունների թեկնածուին գիտական կոչման համար 10.000 դրամ, իսկ դոկտորին՝ 20.000 դրամը հավելավճարները ավելացնեն թոշակին, ինչը մինչև հիմա չեն անում: Այդքանից հետո ինչի՞ մասին է խոսքը…
Շատ գեղեցիկ ճառեր են ասում՝ պետք է ստեղծել գիտելիքահենք տնտեսություն… եղբայր, այն աշխատավարձով, որը դու տալիս ես գիտության դոկտորին, թեկնածուին, ինչպե՞ս կարող ես գիտալիքահենք տնտեսություն ստեղծել, երբ գիտնականի ուշքն ու միտքը մեկ ուրիշ տեղ աշխատելն ու մեկ ուրիշ տեղից մի քանի հազար դրամ ավելի վաստակելն է, որպեսզի ընտանիքի հոգսերը հոգա: Ինչպե՞ս ես այսկերպ գիտալիքահենք տնտեսություն ստեղծում. դրանք միայն գեղեցիկ ճառեր են, ուրիշ ոչինչ:
– Դուք համեմատության եզրեր տեսնո՞ւմ եք այժմյան ստեղծված իրավիճակի ու խորհրդային տարիների միջև:
– Ինչի՞ մասին է խոսքը. խորհրդային տարիներին գիտությունը կենտրոնացված ստանում էր որոշակի գումար, օրինակª ասպիրանտուրայում սովորելու տարիներին ես մոտ 100 ռուբլի թոշակ էի ստանում և այդ գումարով կարողանում էի գնալ Մոսկվա, մեկ շաբաթ հյուրանոցում մնալ, նորմալ սնվել և այդ գումարով դեռ պայուսակիս մեջ էլ բավականին ապրանքներ լցրած՝ վերադառնալ: Իսկ հիմա այս իրենց տվածով Մոսկվայի ճանապարհի կեսից քեզ հետ կդարձնեն: Համեմատությունը սա է:
– Արդյոք երիտասարդ սերունդը հետաքրքրվո՞ւմ է մեխանիկայով:
– Ակնհայտորեն մեզ մոտ գիտությունն անկում է ապրում, երիտասարդները շատ քիչ են գալիս: Իհարկե, կան այնպիսիք, ովքեր իսկապես ուզում են գիտությամբ զբաղվել, սակայն գիտության նման նվիրյալներն այնքան քիչ են, որ…: Գալիս են հիմնականում ինչ-ինչ նպատակներ ունեցողները…
– Օրինակ:
– Օրինակ, հետաքրքիր է, որ ասպիրանտուրայի տեղերից մեծամասամբ օգտվում են տղաները…
– Ներկա դրությամբ ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանում գիտության ոլորտում:
– Օրինակ՝ անցյալ տարի հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը խոստացել էր, որ աշխատավարձերը կբարձրացնեն մոտ 2 անգամ, իսկ այս տարի Ակադեմիայի տարեկան ժողովին, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահը, ոչ մի խոսք չասաց աշխատավարձերի բարձրացման մասին: Երկու-երեք հոգի համարձակություն ունեցան իրենց դժգոհությունն արտահայտել Ակադեմիայի շուրջ ստեղծված մթնոլորտի վերաբերյալ, իսկ ինքը լսել է այդ բոլորը…