«Վերջացել է՝ չկա նման բան». Սամվել Բալասանյանը՝ Գյումրու կրիմինալի մասին
Այսօր Աբովյանի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 168.am-ի հարցին, թե հավանեցի՞ք Աբովյանի նորակառույց եկեցեցին, Ս. Բալասանյանը պատասխանեց. «Կոթող է: Իրոք Աստծո տուն է: Բարերարը՝ պարոն Ծառուկյանը, իրոք շատ գեղեցիկ բան է կառուցել մեզ համար: Ես մի քանի անգամ եղել եմ՝ նախքան օծման արարողությունը, և ուզում եմ նշել, որ այստեղ այնպիսի աշխատանք է կատարված մեր հայ վարպետների, գյումրեցիների, քարդաշների կողմից, որ ուղակի հոյակապ է»:
Հարցին, թե Գյումրիում իրավիճակն ինչպիսին է կրակոցներից հետո, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Շատ լավ է, ամեն ինչ լավ է, լարվածություն չկա. մենք Գյումրին վերածել ենք շինհրապարակի՝ քանդել ենք բոլոր փոոցներն ու ասֆալտապատում ենք»:
Դիտարկմանը՝ իսկ կրիմինա՞լը, Սամվել Բալասանյանն ասաց. «Վերջացել է՝ չկա նման բան»: Հարցին, թե վախի մթնոլորտ էլ չկա՞, ԲՀԿ-ական քաղաքապետն ասաց. «Ոչ մի վախի մթնոլորտ չկա: Գոյություն չունի»:
Հարցին, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյա՞նն էր քաղաքի լարված իրավիճակի պատճառը, քաղաքապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, հիմա պետք չի անձերից խոսել: Եթե հարցեր ունեք քաղաքի հետ կապված` խնդրեմ, ես իմ մեկնաբանությունը անձերի հետ կապված տվել եմ: Բերեք ինձ հեռու պահեք էդ ամեն ինչից. Ասեք՝ քաղաքը ոնց վերականգնենք, կառուցենք»: Իսկ հարցին էլ, թե իր և Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հիմա ինչպիսի՞ն են, Բալասանյանը պատասխանեց. «Ես որևէ մեկի հետ իմ կյանքի ընթացքում թշնամական հարաերություններ չեմ ունեցել»:
Լրագրողները Սամվել Բալասանյանից նաև հետաքրքրվեցին, թե լինելով ԱԺ փոխնախագահ, ծանո՞թ եք «գողական» պատգամավորներին: Ի պատասխան՝ գործող քաղաքապետն ասաց. «Էդպիսի բան չկա»: